
Կաթնառատում ջրից թունավորվածների վիճակը բավարար է, պարզվում է թունավորման աղբյուրը
Առողջապահության նախարարությունն այսօր հայտնեց, որ խոշորացված Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրում ջրից թունավորման հետեւանքով վարակիչ հիվանդության դեպքեր են գրանցվել։
Քաղաքացիները հիվանդանոցներ են դիմել հոկտեմբերի 6-ին։
Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ այժմ Ստեփանավանի հիվանդանոցում հոսպիտալացված է 25, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ 10 հիվանդ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար՝ միջին ծանրության։
Լուսինե Վարդանյանի փոխանցմամբ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) կատարել է լաբորատոր հետազոտություններ, իրականացվել են համաճարակաբանական բոլոր տեսակի հետազոտական աշխատանքներ։ Այս պահին էլ մարզի գլխավոր համաճարակաբանը և ՀՎԿԱԿ-ի տնօրենը դեպքի վայրում են, որպեսզի հստակ պարզեն ջրի աղբյուրը։
Մանրէաբանական հետազոտության նպատակով նմուշներ են վերցվել ինչպես բուժառուներից, այնպես էլ մակերեսային աղբյուրի ջրից:
Լուսինե Վարդանյանի խոսքով՝ վերջին երկու տարիներին մարզում թունավորման նման զանգվածային դեպք չէր գրանցվել։
Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը հրաժարվեց որևէ տեղեկություն հաղորդել թունավորման դեպքի և բնակավայրում խմելու ջրի մատակարարման վիճակի մասին։
Լուսանկարում՝ Տաշիր քաղաքային համայնքը
Մեկնաբանել