
Facebook-ը ջնջել է Ալիևի օգտին աշխատող կեղծ օգտահաշիվների և էջերի ցանց
Facebook-ը ջնջել է 589 օգտահաշիվ, 7906 էջ և 447 ինստագրամյան հաշիվ, որոնք Ադրբեջանում դրսևորել էին համակարգված ոչ իրական վարքագիծ և հիմնականում թիրախավորել են տեղական լսարանին։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Գործունեության հետևում կանգնած անձինք օգտագործել են կեղծ հաշիվներ, որոնց մի մասն արդեն հայտնաբերվել և անջատվել է Facebook-ի ավտոմատացված համակարգերի կողմից։ Նրանք հիմնականում ստեղծել են հաշիվներ՝ օգտագործելով իրական մարդկանց անուններ և պատկերներ՝ մեկնաբանելու և իշխանամետ որոշակի բովանդակություն տարածելու նպատակով։
Facebook-ը նշում է, որ ցանցը Ադրբեջանում միավորել է անհատների, որոնք միջազգային և տեղական լրատվամիջոցների, հասարակական գործիչների, հատկապես ընդդիմության և Ադրբեջանի իշխող կուսակցության էջերում աջակցող և քննադատական մեկնաբանություններ են թողել՝ որոշակի տեսակետների վերաբերյալ լայն տարածում ունեցող քննադատության և որոշների վերաբերյալ աջակցության ընկալում ստեղծելու համար։ Ընկերության մասնագետների իրականացրած վերլուծությունը ցույց է տվել, որ այդ մեկնաբանությունները Ադրբեջանում տեղադրվել են պարբերական հերթականությամբ՝ աշխատանքային օրերի աշխատանքային ժամերին։
Facebook-ի տվյալներով՝ ցանցը մեկնաբանությունները տեղադրել է ադրբեջաներենով, երբեմն նաև ռուսերենով և անգլերենով։ Նրանց մեկնաբանությունները հիմնականում անդրադարձել են տեղական և տարածաշրջանային նորություններին ու իրադարձություններին, քաղաքականությանը, Ադրբեջանի կառավարության վարած ներքին և արտաքին քաղաքականությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախկին սրումների ժամանակ Հայաստանի գործողություններին, նախագահ Իլհամ Ալիևի և «Նոր Ադրբեջան» կուսակցության գովաբանությանը, ընդդիմադիր կուսակցություններին և առաջնորդներին՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքների հերքումներին։
Facebook-ը նաև հայտնել է, որ այդ ցանցը կապ ունի «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ։ Ընկերությունը նշել է, որ ցանցը ֆեյսբուքյան գովազդի վրա ծախսել է մոտ 6600 ԱՄՆ դոլար։
Լուսանկարը՝ Robin Beckham/Alamy
Հրանուշ Դերմոյան
Հետք Մեդիա Գործարանի ուսանող
Մեկնաբանել