HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչական ու քրեական պատասխանատվություն` ռազմական դրության կանոնները խախտելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթը, որը վերաբերում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար վարչական ու քրրեական պատասխանատվություն սահմանելուն: Նախագծերի վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնեցին ընդդիմադիրները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննադատող հաղորդումների արգելքի մասին` նկատելով, որ ըստ նախագծի՝ արգելքը տարածվում է բոլորի վրա: Պատգամավորը օրինակ բերեց՝ ԱԻՆ-ը հայտարարում է, թե օդային տագնապի դեպքում պետք է գնալ թաքստոցներ, սակայն Երևանի քաղաքապետարանը չի իրազեկում քաղաքացիներին, թե որտեղ կարելի է գտնել նման ապաստարաններ:

«Հիմա եթե ես քննադատեմ քաղաքապետարանին, պիտի ենթարկվեմ պատասխանատվությա՞ն, կամ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից մեկը հայտարարում է՝ զորքը չունի զրահաբաճկոն, ես ասում եմ՝ չի կարելի նման բան հրապարակել, բայց ես պիտի ենթարկվեմ պատասխանատվության»,- ասաց Գորգիսյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց` եղել է բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտարարություններ է արել բանակի մարտունակության վերաբերյալ, հնչեցրել կոնկրետ թվեր, որը վնաս է հասցրել բանակին:

«Ստացվում է, որ նրան քննադատողները կարող են դառնալ թիրախ, իսկ նա` ոչ, որովհետև ՀՀ-ում նրա խոսքն անքննադատելի է»,- ասաց Սամսոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հակադարձեց` պատերազմի առաջին իսկ օրվանից մամուլը ողողված է ստահոդ լուրերով, որոնք, ըստ իրեն, չեն համապատասխանում իրականությանը և ազդում են քաղաքացիների բարոյահոգեբանական իրավիճակի վրա:

«Բոլորս լավ գիտենք, թե որ լրատվականներն ինչ գործունեություն են ծավալում այս ընթացքում, մեզ բողոքում են քաղաքացիները, որ այս մարդիկ խաթարում են թիկունքում խաղաղությունը»,- ասաց Դավոյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց` երկիրը գտնվում է իրավական առումով ամենախիստ ռեժիմում` ռազմական դրության պայմաններում:

«Մեր երկիրը երբևէ պատերազմի փուլում ռազմական դրություն չի հայտարարել և ըստ դրա՝ մոբիլիզացիա չի իրականացրել: Եւ այս ռեժիմն ապահովեց լայնածավալ պատերազմի այս փուլում կասեցման խնդիրը: Գոնե ես պատերազմի առաջին փուլերում (նկատի ունի 1990-ականնները, հեղ.) ունեցել եմ ակտիվ մասնակցություն բանակի ձևավորման հարցում: Լավ օրից չէր, որ ռազմական դրություն հայտարարելու պարագայում հայտարարել ենք ջոկատային հավաքներ, փողոցներից արական սեռի մարդկանց բռնել-տանել առաջնագիծ: Էսօր նման խնդիր չկա, որովհետև երկիրը գտնվում է ռազմական դրության պայմաններում»,- ասաց Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի` նման նախագիծը անկումային տրամադրությունները կկանխի:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծեց` նախագծերը ինքնանպատակ չեն ներկայացվել. պատասխանատվություն է նախատեսվում կոնկրետ արարքների համար: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հրապարակած կեղծ տեղեկատվության համար պատասխանատվություն կրելուն, նախարարն ընդգծեց` միջազգային ԶԼՄ-ներն այս օրենքի շահառու չեն:

«Եթե օտարերկրյա ընկերությունը Հայաստանում չունի մասնաճյուղ, չունի ներկայացուցչություն, չի կարող ընկնել այս կարգավորումների շրջանակում»,- ասաց Բադասյանը:

Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների մտահոգություններին` նախարարը մանրամասնեց. «Պաշտոնատար անձանց նկատմամբ սա չի տարածվում, իրենց քննադատության, խոսքի վրա չի տարածվում»:

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 71 կողմ ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter