HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարությունը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների առնչությամբ:

«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում:

Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ:

Նախ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ: Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը: Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, որի ընթացքում ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում էր քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, այդ թվում՝ կասետային զինամթերք, Բաքվի նման պնդումները պարզապես սին  ու անիմաստ բառակույտ են դառնում:

Երկրորդ՝ սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը և հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրեր է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում:

Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter