HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշակերտը՝ դպրոցի լիիրավ սուբյեկտ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա և հնարավոր համագործակցության առաջնահերթությունները, մասնավորապես, նախադպրոցական, միջնակարգ և ներառական կրթության հետ կապված խնդիրները, որոնք վերջին տարիներին շարունակական բնույթ են կրում Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կազմվվել է ներառական կրթության օժանդակության նոր ծրագիր, որի իրականացման նպատակով նախարարության, բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի և հիմնադրամի ներկայացուցչների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար: Տիկին Հենրիետ Արենսին հավելել է, որ աշխատանքներ են իրականացվում երեխայակենտրոն դպրոցի ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում դպրոցը հնարավորություն կունենա պլանավորել իր զարգացումը՝ հիմնված որոշակի ցուցիչների և որակի գնահատման վրա:

Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին՝ նա ընդգծել է, որ հստակ քայլեր են կատարվում վերջիններիս հայտնաբերման և ուղղորդման մեխանիզմների ճշգրտման ուղղությամբ՝ գործընթացում ներգրավելով նաև միջազգային խորհրդատուի:  Քննարկման ընթացքում տիկին Արենսին անդրադարձել է նաև աշակերտական խորհուրդների հզորացման խնդրին, որն իրականացվում է նոր աշակերտական պորտալի  միջոցով, որին այսօր արդեն միացել է 30 աշակերտական խորհուրդ:

Նախարարը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշել է, որ բոլոր թվարկված խնդիրները, այն է՝ նախադպրոցական, միջնակարգ, ներառական կրթության և դպրոցների ժողովրդավարական կառավարման  խնդիրները, հանրակրթության  բարեփոխումների բաղադրիչ մասն են:

Արմեն Աշոտյանը մասնավորապես անդրադարձել է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացվող աղետների ռիսկերի նվազեցման ծրագրին՝  նշելով, որ այն համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք է և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին կկրի շարունակական բնույթ:

Նախարարը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին տեղեկացրել է, որ աշնանը Աժ քննարկմանն է ներկայացվելու «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, որը երեխաների իրավունքների և կրթական կարիքների սպասարկման տեսանկյունից շատ մեծ փոփոխություններ է նախատեսում:

Դպրոցից դուրս մնացած երեխաների առնչությամբ նախարարը նշել է, որ իրականում առկա է իրարամերժ տեղեկատվություն հասարակական սեկտորի ներկայացրած և պաշտոնական տվյալների միջև և, ըստ այդմ, անհրաժեշտ են հստակ քայլեր այդ ուղղությամբ:

Աշակերտական խորհուրդների հզորացման հետ կապված Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլին առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել աշակերտական խորհուրդների հավաք և ձևավորել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում:

«Այս գործընթացի շնորհիվ աշակերտը կդառնա դպրոցի լիիրավ  սուբյեկտը, և նախարարին առընթեր խորհուրդն ինձ պարբերաբար կտեղեկացնի կրթական բոլոր բարեփոխումների վերաբերյալ աշակերտների մոտեցումները»,-նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ, բացի վերոնշյալ խնդիրներից, առաջիկայում նախատեսվում է իրականացնել դպրոցների վարկանիշային մեթոդաբանություն, որը կարևոր գործիք կհանդիսանա դպրոցների գործունեության թափանցիկության համար, կառաջարկի կրթության որակի կազմակերպման օբյեկտիվ չափագրման գործիքներ և հասարակությանը կտրամադրի առավել ճշգրիտ տեղեկատվություն: Այս խնդրում նախարարը հյուրից ակնկալել է միջազգային փորձի  ուսումնասիրության տրամադրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությանը վերաբերող  և այլ հարցեր: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter