HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան». Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստի բացմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայութունը։

Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։

Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին: Տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը:

Նեղ կազմով նիստին վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված ենք հանդիպումն անցկացնել առանց նրա: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում:

Այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում: Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը։

Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար:

Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ` ի շահ մեր ինտեգրացիայի և մեր Միության հետագա ամրապնդման։

Շնորհակալություն»:

Հաջորդիվ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter