HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուստամ Բադասյանը հերյուրանք է որակում իր պաշտոնանկության մասին լուրերը

«Ռազմական դրության ռեժիմի մասին» օրենքով նշված է, որ խոսքի ազատությունը ռազմական դրության իրավիճակում կարող է սահմանափակվել:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` խոսելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունների մասին: Հիշեցնենք, որ ըստ նախագծի` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 700 հազարից մինչև մեկ միլիոն դրամ:

«Սրա նպատակը խուճապ չառաջացնելն է` որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անզգուշությամբ… նման տեղեկությունների չտարածումն է, կանխարգելումը: Իսկ տուգանքների չափն ընտրված է՝ համեմատություն ունենալով Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելու սանկցիաները: Առաջին իսկ օրվանից Կառավարությունը թափանցիկ գործելաոճ է ընտրել, առաջին իսկ օրվանից խնդրել ենք բացառապես պաշտոնական լրահոսից օգտվել, չճշտված տեղեկություններ չտարածել»,- ասաց նախարարը:

Բադասյանի խոսքով` խուճապային տրամադրություններ հաղորդող բազմաթիվ հրապարակումներ են եղել, հետևաբար այդ ամենը չպիտի թողնել ինքնահոս վիճակում:

Ռուստամ Բադասյանը հերյուրանքներ որակեց այն տեղեկությունները, թե ինքը Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակի` Բաց հասարակության հիմնադրամից երբևէ որևէ դրամաշնորհ է ստացել կամ որևէ առնչություն ունի գրասենյակի հետ: Նախարարն ընդգծեց` չի ցանկանում որևէ հասարակական կազմակերպության հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնել, սակայն ընդգծեց` տականքներ են բոլոր նրանք, ովքեր իր անունը շրջանառում են այդ գրասենյակի անվան հետ:

«Բոլոր էն տականքները, որոնք էդ տեղեկությունները տարածել են ու մինչև էսօր մի փաստ չեն հրապարկել, որ ես որևէ ՀԿ-ի հետ կապ եմ ունեցել կամ դրամաշնորհ եմ ստացել և կամ էլ ստացածի հետ եմ որևէ կապ ունեցել… Եւ իրենք ստեղծեցին էն միֆը, որը նաև օտարերկրյա ԶԼՄ-ները վեցրին ու սկսեցին շարունակել: Նման լուրեր տարածողները հասարակությանը շատ լուրջ պատասխան տալու խնդիր են ունենալու, որովհետև իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժերը, այդ թվում՝ Ադբեջանի նախագահը»,-ասաց Բադասյանը:

Նախարարը հերյուրանքներ որակեց իր պաշտոնանկության մասին լուրերը: Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությանը` Բադասյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter