
Պետական ծառայողները ռազմական դրության ժամանակ արտաժամյա աշխատանքի համար հավելավճար չեն ստանա
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որի համաձայն` կամավորագրված, զորագրված անձանց աշխատատեղը պահպանվելու է, ինչպես նաև հաշվարկվելու է աշխատանքային ստաժ` այդ ժամանակահատվածի համար:
Նախագծի հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ են կատարվել, մասնավորապես ամրագրվել է, որ այդ ժամանակահատվածի համար կամավորագրված (զինվորագրված) անձը այդ օրերի համար ձեռք է բերում ամենամյա արձակուրդի իրավունք:
Մյուս փոփոխությունն այն է, որ պետական աշխատողները, որոնք ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված` արտաժամյա, գիշերային ժամերին և հանգստյան օրերին աշխատում են, չստանան հավելավճարներ: Տիգրանյանի խոսքով` փոփոխությունները այն պատճառով են, որ բյուջեի վրա մեծ ֆինանսական բեռ կարող են առաջացնել: Գործող օրենքով սահմանված է, որ արտաժամյա աշխատանքի համար բացի հիմնական դրույքաչափից հիսուն տոկոս ավելի վարձատրություն է սահմանված, հանգստյան օրերի աշխատանքի համար` կրկնակի վարձատրություն:
«Այս պարագայում առաջարկել ենք, որ ռազմական դրության ժամանակ այդ աշխատանքների համար հավելյալ վարձատրություն` հավելավճարներ չտրամադրվեն»,- ասաց նա:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն` 72 կողմ ձայնով:
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ պահեստազորում հաշվառված և զորակոչված (կամավորագրված) անձինք հավասարեցվում են զինծառայողի կարգավիճակին և նրանց վրա են տարածվում նաև զինծառայողների սոցիալական ապահովության երաշխիքները:
Մեկնաբանել