HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչ օգնություն է հավաքագրել ԱԻՆ-ն առաջնագծի և արցախցիների համար

«Չէինք պատկերացնում, որ նման ծավալի օգնություն կբերվի, հատկապես՝ պատերազմի առաջին օրերին։ Աննախադեպ մեծ քանակի օգնություն է եկել և բաշխվել։ Ազգաբնակչության այս ոգևորվածությունը տեսնելով, թե ոնց է յուրաքանչյուրը ցանկանում իր լուման ունենալ հումանիտար օգնության հարցում, մի բան կարող եմ ասել՝ այս ազգին հնարավոր չէ հաղթել»,-ասում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը։

Այսօրվա դրությամբ Արցախ է ուղարկվել է 22 բեռնատար օգնություն՝ նվազագույնը 10 տոննա տարողությամբ։ Իսկ Հայաստանի մարզեր և Երևան՝ մոտ 40 բեռնատար՝ 5-28 տոննա տարողությամբ։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսեց համակարգել ստացված օգնությունը, քանի որ սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական հակամարտ գոտում սկսված պատերազմի առաջին իսկ օրից լայնածավալ օգնություն սկսեց հավաքվել Հայաստանի մարզերում, մայրաքաղաք Երևանում, աշխարհի հայաշատ այլ քաղաքներում։ 

ԱԻՆ-ն իր պահեստում հավաքում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով անհատ քաղաքացիների, կազմակերպությունների, սփյուռքից ստացված նյութական աջակցությունը։ Երևանի վարչական շրջանները իրենց մոտ հավաքագրված օգնությունը պահում են՝ Արցախից տեղափոխվածներին հատկացնելու համար։

Օգնության կարգով ստացված բեռներն ակտավորվում, տեսակավորվում և խմբավորվում են, որից հետո ուղարկվում են առաջնագիծ, Արցախի ապաստարաններում բնակվողներին, Հայաստան եկած ընտանիքներին: Սկզբում օգնությունը նախատեսված էր միայն առաջնագծի համար։ 

Այս օրերին ԱԻՆ պահեստում հավաքագրվել է հարյուրավոր տուփերով սնունդ, առաջին անհրաժեշտության հիգենիայի և կենցաղային պարագաներ, պարեն, քաղցրավենիք, ջուր, ծխախոտ, դեղորայք, քնապարկեր։ 

Փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանն ասում է՝ ԱԻՆ ծառայողներին շատ է տպավորել վիրահայերի ուղարկած օգնությունը՝ 3 բեռնատար կարտոֆիլ, պահածոներ։ Արտերկրի հայերից ևս 2 մեծ բեռնատար չոր սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ են ուղարկվել։ Այդ օգնության քանակն այնքան մեծ է եղել, որ բավարարել է եղած պահանջարկը։ 

Ընդհանրապես հավաքագրված օգնությունն այնքան մեծ է եղել, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը չի հասցրել կշռել օգնության ծավալը։ Խմբաքանակը նաև չեն հասցնում պահեստավորել, միանգամից բեռնաթափում են, փաստաթղթավորում և տեղափոխում մարզեր կամ Արցախ։ 

Այս օրերին որպես օգնություն ամենաշատը ջուր է բերվել։ Այս պահին արդեն ջրի և հագուստի պահանջարկ չկա։ Առաջնային անհրաժեշտ են չոր սնունդ, հիգենիայի պարագաներ, քնապարկեր, նպարեղեն, ուսապարկեր, վրաններ, լուսարձակներ։

Վերջին օրերին հատկացվող օգնությունը կանոնակարգվել է, և պահածոյացված բանջարեղենը, սննդամթերքը, որը տեղափոխվելու ընթացքում կարող էր փչանալ, առանձնացվում է, չի բաշխվում։

Մարզերից օգնության պահանջարկը ԱԻՆ-ին ներկայացվում է տեղական ինքնակառավարման մարմիններից՝ սոցիալական ապահովության հարցերով զբաղվող աշխատակիցների միջոցով։ Իսկ Արցախից անհրաժեշտ օգնության պահանջարկը ներկայացվում է փրկարար ծառայության միջոցով։

Ստացված օգնության պատշաճ բաշխումը հսկելու համար ԱԻՆ-ի պահեստում ներկայացուցիչներ կան ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից և սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Լուսանկարներն՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter