HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար անձրեւանոցներ սահմանին. Խաչատրյանների ընտանիքը միացել է բարեգործական ակցիային

Տաթեւ Խաչատրյանը ծնողների հետ ընտանեկան արտադրությունում երկու օր է՝ զինվորների համար անձրեւանոցներ են կարում։

Արտադրամասում 7 կանայք են աշխատում, նրանցից 4-ը՝ կամավոր: Երկու օրում հասցրել են 40 անձրեւանոց կարել։ 

Արտադրամաս մուտք գործելիս՝ հարցնում եմ՝ զինվորի մայր կա՞։ Նրանցից մեկը բացասական պատասխան է տալիս, բայց հավելում է, որ սահմանում կանգնածներն իրենց զավակների նման թանկ են։

Տաթեւը զինվորների համար անձրեւանոց կարելու անհրաժեշտության մասին բարեգործական ակցիաներից մեկի ժամանակ է իմացել, առաջարկել միանալ նախաձեռնությանը։ «Սարգիս Մուրադյանի անվան պատկերասրահում կազմակերպվել էր բարեգործական իրերի հավաք, մենք էլ կամավորություն էինք անում։ Հետո իմացանք, որ անջրանցիկ կտորից պետք է զինվորական անձրեւանոց-թիկնոցներ կարել, մենք էլ կարի արտադրամաս ունենք, որոշեցի օգնել։ Կտորները պատկերասրահն է տվել»,- ասում է Տաթեւը։ 

Նա գաղափարի մասին պատմել է հորը, որոշել են որոշ ժամանակով ընտանեկան բիզնեսի աշխատանքը կանգնեցնել ու թիկնոցներ կարել։ Արտադրության աշխատակիցներին միացել են Տաթեւի մոր ընկերուհիները։ Ընդհանրապես, 2005 թ․ բացված «Ֆաբրիկ» կտորի արտադրամասը կարում է էկո պայուսակներ, սրբիչներ, ձեռնոցներ։ Տաթեւը պնդում է՝ արտադրամասում ամեն անհրաժեշտ առարկա  կա՝ կարի մեքենաներ, թելեր, մկրատներ, որպեսզի կարողանան զինվորների համար թիկնոցներ կարել։

Տաթեւն ասում է, որ եթե կտորի սակավություն չլիներ, թիկնոցների ավելի մեծ քանակ կկարողանային արտադրել եւ ուղարկել սահման։ «Սա մի փոքր գործ է, որը կարող ենք անել մեր զինվորի համար, եթե նոր կտոր ձեռք բերելու հնարավորություն ունենանք, մեր թիմը պատրաստ է։ Մեր զինվորները պայքարում են մեզ համար, մենք էլ պիտի անգործ չնստենք, յուրաքանչյուրս մեր կարեցածի չափ աշխատենք»։

Խաչատրյաններն իրենց կարած անձրեւանոց-թիկնոցները միավորելու են մյուս արտադրողների արտադրանքի հետ, ապա ուղարկեն Արցախ։

Արտադրամասում աշխատողներն ասում են՝ որ թիկնոցները կարելուն զուգահեռ մտքի մեջ աղոթում են, որ մինչեւ անձրեւանոցները հասնեն սահման, ռազմական գործողությունները դադարեն։ «Թող էս թիկնոցները խաղաղ պայմաններում հագնեն ու անձրեւից պաշտպանվեն։ Կարեւոր է, որ բոլորը կանգնեն զինվորի կողքին»,- ասում է Տաթեւի մայրը՝ Գայանե Վարդանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter