
Ի պաշտպանություն արձակագիր Հովհաննես Իշխանյանի
Գրող, հրապարակախոս Հոհաննես Չարխչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել է հայտարարություն, որով կոչ է անում ընկերներին թողնել իրենց ստորագրությունը ի պաշտպանություն արձակագիր Հովհաննես Իշխանյանի:
«Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանությունը որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը և հայ մայրերին:
Իրենց ճաշակի թելադրանքին իրավական տեսք տալու համար ուժային կառույցները երկու ամիս քրեական օրենսգրքում հոդված են փնտրում և այժմ փորձում են հեղինակի դեմ գործ հարուցել քրեական օրենսգրքի 263 հոդվածով' «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» վերաբերյալ: Գիրքը փորձաքննության է հանձնվել Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն:
Գրականությունն ու արվեստը ոստիկանության համար տրորելու «առարկա» չէ, և նրան չի հաջողվի վերադարձնել գրականության հանդեպ ֆաշիստական ու ստալինյան ժամանակների վերաբերմունքը:
Ուժային կառույցների գրաքննությունը ոչ միայն արշավ է հայ գրողի դեմ, այլև ընդհանրապես գրականության ու արվեստի, ստեղծագործական մտքի ու երևակայության դեմ, մարդու հիմնարար ազատությունների դեմ:
Եթե արագ չկանխվեն ճնշումները, ապա գրքի միջազգային մայրաքաղաք հռչակված Երևանում այս նախադեպը սպառնում է գրաքննություն տարածել Հայաստանի հրատարակչություններում, տպարաններում և գրախանութներում, ուր վաճառվում են հայ որոշ պաշտոնյաների ճաշակին չհամապատասխանող համաշխարհային համբավ ունեցող բազմաթիվ հեղինակների գրքեր:
Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը խավարի մատնելու ոստիկանության փորձերն իրականանան:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ»:
Լուսանկարը` http://armenianow.com-ի (Նազիկ Արմենակյանի)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել