HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժան-Կլոդ Կարիեր, Թաներ Աքչամ, Էբրահիմ Գոլեստան, Մայքլ Ստոուն. ավելի քան 500 գիտնական եւ արվեստագետ խաղաղության կոչով են հանդես եկել

Ժան-Կլոդ Կարիեր, Թաներ Աքչամ, Էբրահիմ Գոլեստան, Մայքլ Ստոուն. ավելի քան 500 գիտնական եւ արվեստագետ խաղաղության կոչով են հանդես եկել։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում միջազգային հանրությանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հանրապետությունների քաղաքացիներին՝ պահանջել անհապաղ կայուն զինադադարի ռեժիմ՝ կանգնեցնելու համար Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների դեմ ծավալած պատերազմը»։

Զինադադարի անհապաղ կոչով սկսվող բաց նամակն ամբողջությամբ հրապարակված է www.wecallforpeace.com կայքում՝ 7 լեզվով։

Ամերիկացի պրոֆեսոր, հայագետ Ջեյմս Ռասսելը,  թուրք պրոֆեսոր, պատմաբան Թաներ Աքչամը, ֆրանսիացի գրող Ժան-Կլոդ Կարիերը, գերմանացի պրոֆեսոր, կովկասագետ-իրանագետ Յոստ Գիպպերտը, իսրայելցի պրոֆեսոր, կրոնագետ Մայքլ Ստոունը, պարսիկ ռեժիսոր Էբրահիմ Գոլեստանը եւ 500-ից ավելի գիտնական-հետազոտողներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, միջազգային ուսումնական հաստատությունների ուսանողներ եւ ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում սույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական արկածախնդրության վրա, որի արդյունքում շարունակում է տուժել Արցախի խաղաղ բնակչությունը, ոչնչացվում են բազմաթիվ ենթակառուցվածքներ եւ մշակութային կառույցներ։ «Նպատակը մեկն է՝ ադրբեջանաթուրքական բանակի, սիրիացի վարձկանների եւ ջիհադիստների միավորված խմբերի միջոցով բնաջնջել հային եւ հայոց մշակութային ժառանգությունը»,- նշված է բաց նամակում։

Մեջբերելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մարդասիրական կոչերն առ այն, որ «մեր կռիվը Ադրբեջանի դեմ է, ո՛չ թե Ադրբեջանի խաղաղ բնակչության»՝  նամակում ներկայացված են նաեւ Իլհամ Ալիեւի այն խոսքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են մարդու հիմնարարար իրավունքները «Հիմա մենք ցույց տվեցինք, թե ո՛վ ով է: Մենք նրանց [հայերին] քշում ենք շների նման: Ադրբեջանցի զինվորները նրանց շների պես քշում են» (Իլհամ Ալիեւի հայտարարությունը հոկտեմբերի 5-ին)։

Բաց նամակը ստորագրած միջազգային գործիչները անհապաղ միջնորդության գործընթացի իրականացման եւ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի դադարեցման կոչ են հղում՝ ի նպաստ տարածաշրջանի անվտանգության, միաժամանակ շեշտում են, որ ներկայիս իրավիճակը 1915-ի Հայոց Ցեղասպանության չճանաչման եւ չդատապարտման անմիջական հետեւանքն ու արդյունքն է։

Միջազգային գործիչների՝ խաղաղության եւ զինադադարի հաստատման կոչին առցանց շարունակում են միանալ բազմաթիվ գործընկերներ աշխարհի տարբեր անկյուններից։

Ընթացքին կարող եք հետեւել այստեղ։

—————————

Հիշեցնենք, որ մինչ օրս նման նախաձեռնությամբ եւ կոչերով հանդես են եկել մշակութային անհատ գործիչներ, առանձին խմբեր եւ քաղաքական գործիչներ եւս։ 

Մասնավորապես, մի խումբ իսրայելցի գիտնականներ, որոնց թվում՝ Ցեղասպանության ճանաչված մասնագետ Իսրայել Չարնին, հայտնի հայագետ Մայքլ Սթոունը, պատմաբաններ Յաիր Աուրոնը, Ռուվեն Ամիտայը, իրենց բաց նամակում նշել էին, որ մամուլում հրապարակված զեկույցներն իրենց թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին մի քանի օրերին բռնության դրսեւորումները պայմանավորված են բացառապես Ադրբեջանի ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան, ինչպես նաեւ այլ շրջաններից բերված զինյալ ուժերը։ 

Իսրայելցի գիտնականների բաց նամակում առկա էր նաեւ զենքի մատակարարման հարցում իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ իրենց մտահոգությունը։ «Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության եւ Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը»,- նշված էր նամակում։ 

Ավելի վաղ ֆրանսիացի 170 քաղաքական գործիչներ բաց նամակի միջոցով պահանջում էին վերանայել արցախյան հակամարտության նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշումը՝ Ադրբեջանի գործողությունները հաշվի առնելով։ Նամակը ստորագրել էր Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, որից հետո այն հրապարակվել էր ֆրանսիական մամուլում։ 

Մեկնաբանություններ (1)

Linda Avakian
Peace Now!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter