HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մենք ապրեցնող մշակույթ ունեցող ազգ ենք». Գյումրու Մտորումների թատրոնում հյուրընկալել են արցախցի փոքրիկներին

Գյումրու նորաբաց «Մտորումների թատրոն»-ում երկշաբաթյա լռությունից հետո, հոկտեմբերի 11-ին անսովոր աշխուժություն էր՝ պատրաստվում էին հյուրընկալել արցախցի եւ գյումրեցի փոքրիկներին: Թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը դժվարությամբ է թաքցնում հուզմունքը: Առաջնագծից եկող լուրերը հանգիստ ստեղծագործելու տրամադրություն չեն թողնում: «Տղեքիցս (նկատի ունի դերասաններին-հեղ.) երեքն Արցախում են»,- հպարտության ու անհանգստության խառը զգացումով շեշտում է Հովհաննեսը: Թատրոնի փոքրաթիվ աշխատակազմը փոքրիկ դահլիճն ու բեմն է պատրաստում: Հովհաննիսյանը աղջիկներից երկուսին ուղարկում է փուչիկներ գնելու՝ դահլիճը պիտի սիրուն ու տրամադրող լինի: Հիշում ենք Գյումրին երկրաշարժից անմիջապես հետո, երբ ցավից ու կորուստներից կորացած բնակիչներն ամիսների ընդմիջումից հետո մտան թատրոն:

1988թ.-ի կործանիչ երկրաշարժը խնայել էր Գյումրու մշակութային գլխավոր կենտրոնի՝ թատրոնի շենքը: Աղետից մի քանի ամիս անց, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ, դերասանական կազմը վերսկսեց աշխատանքները: 1989թ․-ի հոկտեմբերին ներկայացման առաջնախաղ էր նշանակված: Որքան էլ որ տարօրինակ էր՝ ընտրվել էր կատակերգություն: Համարձակ որոշում էր կայացրել Հակոբ Ղազանչյանը՝ բեմադրելով Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը»: «Երկրաշարժից անցել էր ընդամենը 10 ամիս ու անհասկանալի էր, թե ինչպիսի արձագանք կլինի,- հիշում է վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը,- մենք մտածում էինք՝ մարդ չի գա, բայց երբ վարագույրը բացվեց, դահլիճը լեփ-լեցուն էր, անգամ միջանցքներում մարդիկ կային կանգնած: Այդ ծանր օրերին, իր վշտի ու տառապանքի մեջ, գյումրեցին հավատարիմ մնաց մշակույթին»:

Հիմա էլ են ծանր օրեր, սակայն, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, մշակույթը պետք է մնա իր բարձունքում: «Մենք ներկայացում էինք պատրաստել ազգային թեմայով, բայց որ իմացանք Արցախից տեղափոխված ընտանիքներ կան Գյումրիում, որոշեցինք հյուրընկալել երեխաներին եւ խաղալ «Գնդիկ բոքոնիկը»: Իհարկե, նաեւ մեծահասակներն են գալու: Թատրոնը մշակույթի այն ձեւն է, որ ունակ է գոնե որոշ ժամանակով մարդուն կտրելու իրականությունից, ոգեւորելու, հոգեւոր խաղաղություն պարգեւելու: Կարծում եմ՝ այս օրերին սա անհրաժեշտ քայլ է, որ սթրեսի մեծ չափաբաժին ստացած մեր հայրենակիցները լիցքաթափվեն: Մենք ապրեցնող մշակույթ ունեցող ազգ ենք»,- նկատում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը եւս նույն կարծիքին է: Պատմում է, որ Շուշին ռմբակոծելու հենց առաջին օրը վնասվել է թատրոնի նոր շենքը, որ շահագործման էր հանձնվել 2017թ․-ին: «Փաստորեն, երեք տարի կարողացանք վայելել, բայց ոչինչ, կվերականգնենք, մենակ թե այս ամենը շուտ ավարտվի»,- ասում է տնօրենը: Ամեն տարի հյուրախաղերով Հայաստանի տարբեր մարզերում հանդես եկող թատերախումբն այս անգամ առանց խաղացանկի է: «Մենք պլանավորել էինք հոկտեմբերին գալ Գյումրի, բայց, իհարկե, ոչ այս տարբերակով,- Աշխենի դեմքին կիսատ ժպիտ է երեւում,- մեր գխավոր ադմինիստրատորը՝ Մկրտչյան Լիլիթը, գյումրեցի է, 7 տարի է՝ ապրում ու աշխատում է Շուշիում, գուցե նաեւ դա է պատճառը, որ այս քաղաքի հետ կապերն առավել սերտ են»:

Գյումրիում գտնվելու օրերին շուշեցի դերասանները խանութներից գնել են փափուկ խաղալիքներ, ձեւափոխել եւ հասցրել մեկ ներկայացում խաղալ փոքրիկների համար: «Մենք հույս ունենք, որ շատ շուտ կվերադառնանք Շուշի: Մյուս կողմից էլ, առավել երկար մնալու դեպքում, պլանավորում ենք շարունակել մշակութային միջոցառումները»,-նկատում է Աշխեն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter