HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանը չի բացառում՝ ճիշտ դիվանագիտության շնորհիվ Ֆրանսիան կամ ՌԴ-ն կարող են ճանաչել Արցախի անկախությունը

Վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, հետևաբար բովանդակությունից մանրամասներ չեմ կարող հայտնել:

Այս մասին հոկտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով հոկտեմբերի 11-ին խորհրդարանում կայացած ԱԺ խորհրդի, վարչապետի ու Արտաքին գործերի նախարարի դռնփակ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նման առաջարկով էր հանդես եկել Էդմոն Մարուքյանը` ընդգծելով, որ խորհրդարանական ընդդիմությունը բավականաչափ տեղեկատվության չի տիրապետում: Մարուքյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավիճակը ներկայացրել է, հանդիպմանը ներկա պատգամավորները` հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, քարտուղարներ, հարցեր են հղել վարչապետին և ԱԳ նախարարին ու պատասխաններ ստացել:

Վարչապետի հետ դռնփակ հանդիպմանը Արցախի անկախության ճանաչման հարցին անդրադարձ եղել է: Խորհրդարանական երրորդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց` պատրաստ է հրապարակային ասել այն, ինչ դռնփակ հանդիպմանն է ասել:

«Ես ասել եմ` եթե Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը ու մնա միայնակ իր ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ մեզ հետ միաժամանակ ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկը, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, և դա ուղերձ է, որը հղում ենք արտաքին աշխարհին»,- մանրամասնեց նա:

Մարուքյանը բացառեց, որ այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչի Արցախի անկախությունը, ավելի հավանական համարեց, որ ճիշտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` Ռուսաստանը կամ Ֆրանսիան ճանաչեն:

Խոսելով այս պահին Մոսկվայում ընթացող բանակցություններից, որին մասնակցում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մարուքյանը հիշեցրեց, որ այն ավելի վաղ պլանավորված հանդիպում է, սակայն ևս մեկ առիթ է Մոսկվայում եղած լծակները օգտագործելու:

«Ինչ վերաբերում է հրադադարին, բոլորս գիտենք, որ այն չի կայացել: Հենց հիմա, ըստ ՊԲ-ի հաղորդագրության, թեժ մարտեր են ընթանում Հադրութի տարածքում հետևաբար հրադադար չի կայացել: Բնականաբար, հայկական դիվանագիտության անելիքները շատ են, և պետք է ամեն ինչ անել, որ հրադադարը հիմա կայանա»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունները: Ավելի քան 9 ժամ տևած բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական հրադադար հայտարարել` դիակների և գերիների փոխանակման համար: Սակայն թե հրադադարի ժամից առաջ, թե հետո Ադրբեջանը հրետակոծության էր ենթարկում Ստեփանակերտը և այլ բնակավայրեր:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ այսօր սպասվում է ԵԽԽՎ ընդլայնված նիստ, որին անդրադարձ է լինելու պատերազմին:

«Բոլորս գրանցված ենք, թեժ «մարտեր» են սպասվում»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter