HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տվյալներ են ստացվել ռազմական գործողություններում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին․ ՔԿ

Հայաստանի ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների ծառայողների համագործակցությամբ քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը։

Մասնավորապես՝ սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 8 կին և 16 տղամարդ: Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կոպտորեն խախտվել է 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի պահանջները՝ ինտենսիվ գրոհների թիրախ դարձնելով պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանատները։ Գրոհների արդյունքում վնասվել են կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավոր գույք, մասնավորապես՝  5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի է:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով «Միջազգային ահաբեկչության վերացման մասին» 1994թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի  49/60 հռչակագրի նորմերը, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ հանցավոր գործողությունների կազմակերպման և իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկանց ոչնչացնելուն կամ նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն կամ վնասելուն, զինված ընդհարմանը ներգրավել է միջազգային ահաբեկչական խմբավորումների։ Ստացված փաստական տվյալները դարձվել են քննության առարկա և կարժանանան պատշաճ իրավական գնահատականի։

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter