HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զինվորների բուժման դրամահավաքները պետք է բացառել. արտասահմանում բուժման մասին խոսելը դեռ վաղ է

Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր արդեն դրամահավաք են նախաձեռնել Արցախում վիրավորված զինվորների բուժման ծախսերը հոգալու և նրանց աջակցելու նպատակով։

Օգտատեր Մարիաննա Սամսոնյանն, օրինակ, Ֆեյսբուքում 70 000 դոլար հավաքելու նախաձեռնություն է սկսել մարտերի ընթացքում աչքը կորցրած զինծառայողի վիրահատության համար։ Ըստ օգտատիրոջ գրառման՝ տեսողությունը վերականգնելու համար զինծառայողը պետք է մեկնի Գերմանիա։

Պաշտպանության նախարարությունը տեղյակ է սոցիալական ցանցերում սկսված դրամահավաքների մասին և մտահգություն ունի այդ առնչությամբ։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։

Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է դիմել  իրավապահ մարմիններին, որպեսզի զբաղվեն այդ դրամահավաքներով, պարզեն՝ ովքեր են կազմակերպիչները։

Ալեքսանդր Ավետիսյանն ընդգծում է՝ սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական հակամարտության գոտում սկսված պատերազմի առաջին իսկ օրից ամբողջ առողջապահական համակարգը, քաղաքացիական հիվանդանոցներն ապահովում են վիրավոր զինվորների, կամավորների, պահեստազորայինների բուժսպասարկումը։ Նրանց բուժումն իրականացվում է պետական միջոցների հաշվին։ 

Պետությունն ապահովում է նրանց սննդով, անհրաժեշտության դեպքում՝ հագուստով, այլ պարագաներով։ 

«Բնականաբար, կլինեն մարդիկ, որոնց մոտ միգուցե լինի առողջական ավելի բարդ վիճակ, որոնք հետագայում կպահանջեն այլ միջամտություններ։ Բայց այդ միջամտությունների համար ևս նախատեսված է ընթացակարգ։ Համենայնդեպս, ամենաբարդ, թանկարժեք վիրահատություններից, առողջապահական ծրագրերից կառավարությունը հնարավորություն տալիս է օգտվել։ Դրա համար այս պահին նման դրամահավաքների իրականացումը ոչ տեղին է՝ առաջին հերթին այն առումով, որ դեռևս չկա զինվորական առողջապահական հաստատությունների կողմից տրված հստակ տեղեկատվություն այդ անձանց իրական վիճակի վերաբերյալ»,-նշեց Ալեքսանդր Ավետիսյանը։

Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողները, կամավորներն ու պահեստազորայինները սահմանված կարգով փորձաքննվելու են, դրա հիման վրա նշանակվելու է կարճատև բուժում, նրանց համար առողջապահական, վերականգնողական ծրագրեր են մշակվելու։ 

Վարչության պետն ասում է՝ այն մարդիկ, ովքեր սկսել են եզրակացություն անել, թե վիրավոր զինծառայողները վերականգնողական խնդիրներ ունեն, և տասնօրյա ժամկետում եզրահանգել են, որ նրանց բուժումը պետք է կազմակերպվի արտերկրում, շտապել են և սկսել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածել։ Նա ընդգծում է՝ պետք է բացառել նման դրամահավաքները, քանի որ այս պահին հստակ չէ, թե նման եզրահանգումները ինչ բժշկական ցուցումների վրա են արված, ով է տվել այդ եզրահանգումները, և արդյոք այդ անձանց համար արդեն իսկ չի ապահովվում առողջապահական համապատասխան օժանդակություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը ևս հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել եւ անվճար ստանալ։

«Հետքը» դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում վիրավոր զինծառայողների համար դրամահավաք կազմակերպողների ինքնությունը բացահայտելու կամ նման դրամահավաքները կանախարգելելու համար։ 

«Սոցիալական ցանցերի, ինչպես նաև տարբեր բջջային հավելվածներ օգտագործող որոշ օգտատերերի կողմից ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորների ծախսերը հոգալու և նրանց աջակցող միջոցներ գնելու համար հնարավոր ապօրինի դրամահավաքները հայտնաբերելու, դրանց կիրառումը կասեցնելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից, ՀՀ կենտրոնական բանկի հետ փոխգործակցությամբ, իրականացվում են մշտադիտարկումներ՝ նմանատիպ երևույթներին, ըստ անհրաժեշտության, նաև հետագա իրավական գնահատական տալու նկատառումներով:

Միաժամանակ նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով պատկան մարմինների կողմից նվիրատու անձանց պարբերաբար կոչ է արվում հանգանակություններ կատարել բացառապես ՀՀ կենտրոնական բանկում բացված «Հայաստան Համահայկական» և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամների հաշվեհամարներին»,- նշված է ԱԱԾ պատասխան գրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter