Մարտի 23-ը օդերևութաբանության համաշխարհային օրն է
Մարտի 23-ին Հայաստանում նշվում է օդերևութաբանի մասնագիտական տոնը։ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունում տոնի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԱԻՆ տարբեր ծառայությունների, ՀՀ մի շարք նախարարությունների, ՀԿ-ների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։
Արմեն Երիցյանը նշեց, որ Հիդրոմետ ծառայության զարգացումն արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գերակա ուղղություններից մեկն է։ «Այս տարի ևս կշարունակենք քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հիդրոմետ կայանների արդիականացմանը, տեխնիկական վերազինմանը և աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանը»,- ասաց Արմեն Երիցյանը։
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Լևոն Վարդանյանը ներկայացրեց ծառայության 2011 թ. կատարած հիմնական աշխատանքները։ 2011թ. ընթացքում շարունակվել է հիդրոօդերևութաբանական դիտարկումների գործընթացը մթնոլորտի, մակերևույթային ջրերի, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, ռադիացիոն մոնիտորինգի, օզոնային շերտի և ուլտրամանուշակագույն ճառագայթման ուսումնասիրությունների վերաբերյալ 47 օդերևութաբանական կայանում և 7 հիդրոլոգիական կայանի 94 դիտակետում:
Միջազգային չափորոշիչներին համապատասխան 3 ժամը մեկ անգամ կատարվել են օդերևութաբանական դիտարկումներ բոլոր տարրերի նկատմամբ, իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ՝ շուրջօրյա։
Սևանա լճի 4 դիտակետում կատարվել են ջրի մակարդակի, ջերմաստիճանի և սառցային երևույթների դիտարկումներ: Յուրաքանչյուր ամիս կազմվել է Սևանա լճի ջրի հաշվեկշիռը:
Հաշվի առնելով Արագած բարձր լեռնային դժվարամատչելի կայանի կարևորությունը, և որ այն միակն է Կովկասյան տարածաշրջանում, որն ընդգրկված է ՀՕԿ-ի գլոբալ կլիմայական դիտարկումների համակարգում՝ կայանում տեղադրվել և շահագործման է հանձնվել ավտոմատ օդերևութաբանական կայան:
«Ներկայում օրվա հրամայականն է ծառայության համալիր և լայնածավալ վերազինումը և արդիականացումը, որը հնարավորություն կտա ապահովել որակյալ, հավաստի, մեծ վաղօրոքությամբ և բարձր արդարացվածությամբ հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն»,- եզրափակեց Լևոն Վարդանյանը։
Օդերևութաբանի մասնագիտական տոնի առթիվ արտակարգ իրավիճակների նախարարը Հիդրոմետ ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրեց «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով, ԱԻՆ պատվոգրերով և շնորհակալագրերով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել