HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Լավրով. «Խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև խնդրի կայուն լուծումն ապահովելու միակ միջոցն է»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուս լրագրողներին, որի ընթացքում խոսել է նաեւ Արցախում ընթացող պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին։ Ներկայացնում ենք հարցազրույցի՝ Արցախին եւ Հայաստանին առնչվող հատվածները։

Չնայած հրադադարի հաստատմանը՝ ձեր տիտանական ջանքերի շնորհիվ, կրակը չի դադարել։ Ուզում եմ հարցնել՝ դա առհասարակ հնարավո՞ր է։ Մենք՝ Ռուսաստանը, խոսում է այն մասին, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, բայց դա հնարավո՞ր է, որեւէ մեկը կանգ կառնի՞։

Բանակցություններն աննախադեպ էին, բայց վճռական պահին իր նպաստն ունեցավ ՌԴ նախագահը։ Դրանց միանում էր նաեւ Սերգեյ Շոյգուն, որովհետեւ հրադադարի մասին հայտարարությունը բավարար չէր լինի, եթե չլինեին վերահսկման մեխանիզմներ այդ հրադադարի նկատմամբ։ Փաստաթղթի երկրորդ կետը հենց դա էր նախատեսում։ Ես, Շոյգուն եւ ՌԴ նախագահը բազմիցս խոսել ենք այս օրերի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի մեր գործընկերների հետ, եւ մեր հիմնական ուղերձն է, որ պետք է անհապաղ հանդիպեն ռազմական ոլորտի պատասխանատուները եւ համաձայնեցնեն այդ մեխանիզմները։ Այդ ազդակները ուղարկել ենք թե’ ադրբեջանցի, թե’ հայ գործընկերներին։

Այդ ի՞նչ հրաշք մեխանիզմ է։

Դիվանագետները հայտարարում են կրակի դադարեցման պայմանավորվածությունների մասին, իսկ զինվորականները, որպեսզի այս ամենը բարեհաջող իրականացվի, համաձայնեցնում են, թե կոնկրետ այդ նպատակով ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, ով է անաչառ կերպով դիտարկելու երկու կողմերից հրադադարի ռեժիմի պահպանումը։

Սա նոր բան չէ։ Այդպես է եղել և՛ Մերձդնեստրում, և՛ Դոնբասում, չնայած այնտեղ այդ հրադադարը հայտարարվում է մի քանի անգամ, և միայն վերջինն է քիչ թե շատ գործում: Եվ դա միայն այն պատճառով, որ մշակվել են լրացուցիչ միջոցներ այս ռեժիմի (հրադադարի) ստուգման համար:

Այդպես եղավ և 1994 թվականին Ղարաբաղում, երբ հրադադարի մասին հայտարարությունն ուղեկցվեց զինված ուժերի հստակ համաձայնություններով, թե ինչպես է այն իրագործվելու իրականում:

Ուստի, իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է: Այն առաջարկները, որոնք մշակել ու մշակում են միջնորդները, մնում են բանակցությունների սեղանին: Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է` Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների փուլային, աստիճանական ազատում՝ միաժամանակ պահպանելով Ղարաբաղի անվտանգությունը, և նախքան Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովում:

Եվ նման սխեման լավ հայտնի է: Չկա չարիք առանց բարիք: Այս տխուր իրադարձությունները պետք է օգնեն վերակենդանացնել քաղաքական գործընթացը՝ անվտանգության հարցերի լուծմանը զուգահեռ:

Հուսալի կապ ասելով նկատի են առնվում երկու շրջաննե՞րը, Լաչինի միջա՞նցքը։ 

Բոլոր համաձայնագրերը, որոնք վերջերս քննարկվել են և որոնք կողմերը լրջորեն են ընդունել, ենթադրում էին 5 շրջանների ազատագրում առաջին փուլում ու ևս 2 շրջանի ազատագրում՝ երկրորդ փուլում: Երկրորդ փուլում նաև պետք է որոշվեր Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը:

Իսկ առաջին փուլում, բացի երկու շրջանի ազատագրումից, պետք է բացվեին բոլոր կոմունիկացիաները, տնտեսական կապերը, տրանսպորտային կապերը, և տեղակայվելու էին խաղաղապահներ, որոնք կերաշխավորեին ռազմական գործողությունների դադարեցումը:

Այսինքն՝ ամեն դեպքում խաղաղապահներ, դա այն մեխանիզմն է, որի մասին դուք հենց հիմա խոսեցիք։

Ոչ, սա ուրիշ է, այս մեխանիզմը (խաղաղապահների ներդրումը) պետք է գործի իրական շփման գծում: Դրանք այն 5 շրջանները չեն, որոնք պետք է փոխանցվեն համանախագահների առաջարկներին համապատասխան:

Այս պահին ոչ միայն խաղաղապահներ, այլ դիտորդներ, ռազմական դիտորդներ, դա բավական կլիներ ... Կարծում ենք, որ միանգամայն ճիշտ կլիներ, եթե նրանք լինեին մեր ռազմական դիտորդները, բայց վերջնական խոսքը պետք է լինի կողմերինը: Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում հաշվի կառնվեն մեր դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական գործընկերության հարաբերությունները:

Ներկա պատերազմը, եթե իրերն իրենց անուններով կոչենք, ոգեշնչել է Թուրքիան։ Առհասարակ, մենք անընդհատ բախվում ենք Թուրքիային՝ Սիրիայում, Լիբիայում, պարբերաբար, եւ Թուրքիան ոչ թե մեր դաշնակիցն է դառնում, այլ ռազմական ընդդիմախոսը։ Ու չնայած դրան՝ մենք հայտարարում ենք, թե Թուրքիան մեր ռազմակավարական դաշնակիցն է։ Ինչպե՞ս է այս ամենը դիտվում հիմա՝ որտեղ ենք մենք, որտեղ՝ Թուրքիան։ Ո՞վ ենք մենք միմյանց համար։   

Մենք երբեք չենք բնութագրել Թուրքիային որպես մեր ռազմավարական դաշնակից: Նա գործընկեր է, շատ մտերիմ գործընկեր: Շատ ոլորտներում այս համագործակցությունը ռազմավարական է:

Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ Ղարաբաղի հարցում, որը նաև մի քանի անգամ հնչեցրել է նախագահ Ալիևը: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա:

Մենք չենք կարող համաձայնել այն հայտարարությունների հետ, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում ունի և թույլատրելի է:

Դժբախտաբար, Թուրքիան կարողացավ դա անել և հաստատեց, որ կաջակցի ցանկացած գործողության, որ Ադրբեջանը կձեռնարկի այս հակամարտությունը լուծելու համար, այդ թվում` ռազմական:

Մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ: Ես այս ճգնաժամի ընթացքում մի քանի անգամ խոսել եմ Մեւլյութ Չավուշօղլուի հետ: 

Մենք դեռ պաշտպանում ենք մեր տեսակետը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև այս խնդրի կայուն լուծումն ապահովելու միակ միջոցն է:

Որովհետև մնացած ամեն ինչ կպահպանի հակամարտությունը փոքր-ինչ թույլ վիճակում, բայց եթե չլինի երկարաժամկետ քաղաքական համաձայնություն, միևնույն է, մի օր որոշումները, որոնք կայացվել են ռազմական ճանապարհով, անարդյունավետ կլինեն, և ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, կլինեն:

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (1)

Rose
Artsakh, before Stalin decided to hand it over to Azerbaijan, it was always Armenian land. Erdegan, should be put in his place and be told to butt out. Appeasing to Erdegan won't bring a solution. Tussia should accept Artsakh as an Independent state.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter