
Պաշտպանը դատապարտել է երեխաների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի՝ տարբերակում չդնող հարձակումները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱԹՍ-ի հարվածների մասին, որի հետեւանքով ծանր վիրավորում է ստացել երեխա՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Ն. Ա.-ն, ով ներկայում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
«ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով գտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ»,- գրել է արման Թաթոյանը:
Այս տեղեկությունը հաստատվել է համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից, որոնք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այնուհետև, այս տեղեկությունը որոշակի ծավալով տարածում է ստացել նաև մամուլի մի շարք հրապարակումներում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ նույն օրը արագ արձանագանքման հատուկ խումբը, այդ թվում՝ բժիշկը մեկնել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ փաստահավաք աշխատանքների նպատակով:
Այցի ընթացքում, ինչպես հայտնում է Պաշտպանի աշխատակազմը, առանձնազրույցներ են տեղի ունեցել վիրավորում ստացած երեխայի, նրա հոր և բժշկական անձնակազմի հետ: Դրանից բացի, մի շարք հարցեր են քննարկվել նաև համայնքի ղեկավարի հետ:
Պարզվել է, որ հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան վիրավորում ստացած 14-ամյա երեխան իր 16 տարեկան հարազատ եղբոր, ինչպես նաև հոր հետ միասին նույն օրը գնացել է իրենց ընտանիքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություն՝ սեզոնային բերքահավաք իրականացնելու: Դրանից հետո կարճ ժամանակ անց լսել են ԱԹՍ-ների ձայներ: Այդ ձայները լսելուն պես վիրավորում ստացած երեխան և իր ընտանիքի մյուս անդամները փորձել են փախչել ԱԹՍ-ի հարվածից: Դրանից գրեթե անմիջապես հետո ԱԹՍ-ը հարվածել է հենց այն նույն վայրում, որտեղ իրենք եղել են կանգնած:
«Այս փաստը հատկապես հաստատում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու և կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը»,- նշված է Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ Գեղարքունիքի մարզում ներկայում ընթանում են սեզոնային բերքահավաքի աշխատանքներ ու այդ աշխատանքները յուրաքանչյուր ընտանիքի համար ունեն կենսական կարևորություն: Շատ դեպքերում դա ընտանիքի եկամտի գլխավոր աղբյուրն է: Դրանով է նաև պայմանավորված, որ ընտանիքի անդամներով են, որպես կանոն, իրականացվում բերքահավաքի աշխատանքները:
Պաշտպանը ուշադրության է արժանացնում նաև այն, որ ինչպես նշել է վիրավորում ստացած երեխան, ինքն ու ավագ եղբայրը, ինչպես նաև իրենց համայնքի մյուս երեխաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական ռազմաօդային հրթիռակոծումների պատճառով զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Վարդենիս քաղաքի և հարակից համայնքների դպրոցները ԱԹՍ-ների կողմից թիրախավորվում են, ուստի ժամանակավորապես չեն գործում:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ երեխայի առողջական վիճակը ներկայում գնահատվում է ծանր:
Երեխան ունի աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր: Երեխան ունեցել է արյան կորուստ:
Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմին` խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի տարբերակում չդնող հարձակումները, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների ու միջազգային իրավունքի հիմնարար պահանջների բացարձակ անտեսման:
Մարդու իրավունքների, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին Արման Թաթոյանը կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով:
«Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից»,- ասված է Պաշտպանի հայտարարության մեջ:
Մեկնաբանել