
Նկարիչներն ու լուսանկարիչները Արցախին աջակցելու համար վաճառում են իրենց աշխատանքները
Հայաստանում և արտերկրում ապրող ու ստեղծագործող մի խումբ նկարիչներ ու լուսանկարիչներ վաճառքի են հանել իրենց աշխատանքները՝ բանակին և Արցախից տեղափոխված ընտանիքներին աջակցելու համար։ Ակցիային միացել են ինչպես ճանաչված անուններ, այնպես էլ սկսնակներ։
7-ամյա Վիկտորիա Ղարագյոզյանը երեք տարի է՝ հաճախում է նկարչության դասերի։ Նա վաճառում է իր նկարները՝ զինվորներին և Արցախին օգնելու համար։
Նա առանձնացրել է 9 նկար, դրանք անձամբ է ընտրել։ Օնլայն վաճառքից գոյացած գումարն ուղղելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Յուրաքանչյուր նկարի համար ով ավելի բարձր գին է առաջարկում, նրան էլ վաճառվում է նկարը։
Արդեն 5 նկար վաճառել է, ընդհանուր 70 հազար դրամ է հավաքվել։
Նկարները վաճառելու միտքը Վիկայի ծնողներինն է։ Նրանց առաջարկը երեխային շատ է ոգևորել։
«Չցանկացանք նրա շատ սիրելի նկարները վաճառել, քանի որ դրանք պինդ պահում է։ Բնականաբար, մենք իրեն չենք ստիպում։ Ասում է՝ էլի կշարունակեմ նկարել, բոլորը կվաճառենք»,- նշում է Վիկայի մայրը՝ Հասմիկ Մատինյանը։
Պատերազմի առաջին օրերին ծնողները փորձել են երեխային հեռու պահել ռազմական զրույցներից։ Երբ Հասմիկի եղբայրը կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ, ծնողները երեխային ասել են, որ Արցախում պատերազմ է եւ իրենց նվիրած ամեն մի դրամը կարևոր է։
Թեև գնորդները գումարներն արդեն փոխանցել են, բայց նկարները նրանց նոր պետք է հանձնեն։ Գնորդները եղել են ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Ոչ մի բան կարևոր չի լինի, եթե մենք հայրենիք չունենանք
«Երբ ռազմական դրություն սկսվեց, շոկի մեջ էի։ Հիմնադրամին և կարիքավորներին ուղարկեցի դրամական որոշակի օգնություն, բայց երբ հասկացա, որ այն սպառվում է, վաճառքի հանեցի նկարներս»,- ասում է Կանադայի Տորոնտո քաղաքում բնակվող նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը։
Նա վաճառում է նաև այն նկարները, որոնք մտադիր չէր երբևէ վաճառել՝ հասկանալով, որ նյութական որևէ արժեք այլևս նշանակություն չունի։ Նկարները վաճառում է գնի 50-70% զեղչով։
Մարիամը 10-ից ավելի հեղինակային գեղանկար է վաճառքի ներկայացրել Կանադայում և Հայաստանում։ Դրանցից 5-ն արդեն վաճառել է։ Գնորդները հայերն ու արտասահմանցիներն են։ Կարևորում է արտասահմանցի գնորդներին, որոնց շնորհիվ մեր ձայնը լսելի է դարձնում նրանց։
«Մենք փաստացի ոչինչ չենք անում, մենակ անում են նրանք, ովքեր առաջնագծում են։ Ես նկարիչ չգիտեմ, որ չի միացել այս ինքնաբուխ ակցիային»,- ասում է Մարիամը։
Նկարչուհին վաճառել է նաև ձեռքով նկարած շապիկները։ Նկարների եւ շապիկների վաճառքից ստացված հասույթն ուղարկել է «Հայաստան համահայկական հիմնադրամին», կատարել որոշակի փոխանցումներ զինծառայողների կարիքների համար։
Մարիամի համոզմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին արտասահմանից փոխանցումները պետք է շարունակական դառնան, ինչը պատերազմից հետո կմեղմի առաջացած տնտեսական հետևանքները։
«Քեզ էնքան անօգնական ես զգում, երբ չես կարողանում ֆիզիկապես առաջնագծում լինել։ Օգնության միակ միջոցը մնում է ֆինանսականը։ Ոչ մի բան կարևոր չի լինի, եթե մենք մեր հայրենիքը չունենանք։ Մենք խնդիր ունենք աջակցելու մեր ընտանիքին, այն մարդկանց, ովքեր աղետի առաջ են կանգնած և օգնելու մեր երկրին»,- եզրափակեց նկարչուհին։
Կին լուսանկարիչները՝ հանուն Արցախի
«4Պլյուս» կին լուսանկարիչների կոլեկտիվը ևս միացել է շարժմանը՝ «Լուսանկարները հանուն Արցախի և բանակի» կարգախոսով։
Նրանք վաճառում են Արցախում արված իրենց լուսանկարները, դրանցով պատկերված շապիկներն ու պայուսակները, բացիկները։ Վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Լուսանկարները վաճառվում են թե' տպագիր, թե' թվային տարբերակով։
4Պլյուս-ի՝ «Բացիկներ Արցախից» տուփ-գիրքը ներկայացնում է չորս լուսանկարիչների՝ Նազիկ Արմենակյանի, Անահիտ Հայրապետյանի, Նելլի Շիշմանյանի և Փիրուզա Խալափյանի՝ Արցախում տարբեր տարիների արված լուսանկարները:
«Կարծում եմ՝ արվեստագետների աշխատանքների վաճառքի նախաձեռնությունը շատ սիրուն քայլ է, քանի որ արվեստագետի համար ամենաթանկն իր աշխատանքներն են։ Քո ստեղծածը տալիս ես՝ հանուն Արցախի, որովհետև ոչ բոլոր արվեստագետներն են հարուստ և չունեն շատ գումար նվիրաբերելու, բայց գոնե այն, ինչ ունենք, դա կտանք»,-«Հետքի» հետ զրույցում ասաց լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը:
Վաճառվող 54 բացիկներից յուրաքանչյուրը պատկերում է տևական հակամարտության, պատերազմների հետևանքները կրող արցախցիների առօրյա կյանքի դրվագները` կորստի ցավն ու հարսանիքի ուրախությունը, առաջնագծում զինվորների առօրյան ու առաջին դասարանցիներին, անցյալի հիշողություններն ու ներկան:
Անահիտը բնակվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, աշխատանքները վաճառելու համար այժմ փորձում է այնտեղ ևս ցուցահանդես-վաճառք կազմակերպել։
Գլխավոր լուսանկարում՝ ապաստարան, Ստեփանակերտ, հեղ.` Նարեկ Ալեքսանյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել