
Այսօր երեկոյան բոլոր թանգարանները կգործեն անվճար
Այսօր' 18:00-24:00-ը, և մայիսի 18-ին բոլոր թանգարանները կգործեն անվճար: «Թանգարանների գիշեր» ակցիան միավորել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 60 թանգարան' անկախ ենթակայությունից, և մայիսի 14-ին' արևամուտից մինչև գիշերվա ժամը 24:00-ն, թանգարաններն իրենց հարկի տակ անվճար կհյուրընկալեն «Թանգարանների գիշեր» ակցիայի մասնակիցներին:
Նախագծի մասնակից թանգարանները հանդես կգան հատուկ տոնական միջոցառումներով ու միաժամանակյա աշխատաժամով' նորովի ներկայացնելով իրենց հավաքածուների բացառիկ արժեքները:
«Թանգարանը և հիշողությունը» խորագրի ներքո ընթացող այս տարվա «Թանգարանների գիշեր» ակցիան Հայաստանում կանցկացվի «Գրավոր հիշողություն» կարգախոսի ներքո' նվիրելով այն գրավոր ժառանգությանն ու Հայ գրատպության 500-ամյակին:
«Թանգարանների գիշերը» Հայաստանում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Հայաստանը միացել է Եվրոպական մշակութային կոնվենցիային 2005 թ.: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով Եվրոպայի թանգարանների հետ համագործակցությունն ու փոխադարձ կապերի հաստատումը, խրախուսում է Հայաստանի թանգարանների մասնակցությունն ու ինտեգրումը եվրոպական մշակութային ընտանիքին և համակարգում Հայաստանում միջոցառման անցկացումը:
Վերջին 3 տարվա դիտարկման արդյունքներն ինքնին խոսուն են. 2009 թ. «Թանգարանների գիշեր» ակցիային մասնակցել է հայաստանյան 26 թանգարան, 2010 թ.' 42, 2011 թ.' 60:
«Թանգարանների գիշեր» նախագիծն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան' մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը' միավորելով այս 2 տոնը: Այն սկիզբ է առել 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով' ֆրանսիական թանգարաններում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար' «բաց դռների» օր հայտարարելով ու անվանակոչելով այն «Թանգարանային գարուն»:
Նախաձեռնությունը շուտով նվաճեց Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրի ուշադրությունն ու Եվրոպայի խորհրդի աջակցությունը: 2001թ. այն վերանվանվեց «Թանգարանների գիշեր» և ընդլայնեց ոչ միայն ակցիայի մասնակից երկրների աշխարհագրությունը, այլև աջակցողների ու համակիրների ցանկը: «Թանգարանների գիշեր» ակցիան վերջին տարիներին հովանավորում է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն, իսկ այս տարվանից նախաձեռնությանն է միացել Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ-ը):
Մեկնաբանել