HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը հրաժարական է տվել։ Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամլո ծառայությունը։ Ժենբեկովի հրաժարականին հասել է նոր վարչապետ Սադիր Ժապարովը։ Նախօրեին Ժապարովը հանդիպել էր Ժենբեկովի հետ, սակայն վերջինս հրաժարվել էր լքել պաշտոնը։ Ղրղզստանի նախագահի հրաժարականը հաջորդել է վերջին օրերին Ղրղզստանում ծավալվող բողոքի ցույցերին, որի արդյունքում Ժապարովը բանտից ազատ էր արձակվել։

«Հարգելի’, իմ հայրենակիցներ։ Ինձ համար Ղրղզստանում խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, մեր ժողովրդի միասնականությունը և հանրային հանգստությունն ամեն ինչից վեր է։ Չկա ինձ համար ավելի թանկ բան, քան իմ հայրենակիցներից յուրաքանչյուրի կյանքը։ Ես կառչած չեմ իշխանությունից։ Չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնամ մի նախագահ, որն արյուն է թափել և կրակել սեփական քաղաքացիների վրա։ Այդ իսկ պատճառով որոշել եմ հրաժարական տալ»,- նշվում է Ժենբեկովի ուղերձի մեջ, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Նախօրեին Ժենբեկովը մերժել էր հրաժարականի վերաբերյալ նոր վարչապետի պահանջը։

Հիշեցնենք, որ Սորոնբայ Ժենբեկովը հոկտեմբերի 14-ի առավոտյան Ժապարովին նշանակել էր վարչապետի պաշտոնում։ Դա տեղի է ունեցել երկրորդ փորձից հետո։ Առաջին նշանակումը նախագահը չեղարկել էր, քանի որ կասկածներ կային խորհրդարանում քվորումի առկայության վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ Ժապարովը երկրորդ անգամ է նշանակվել վարչապետի պաշտոնում, նա դարձյալ պահանջել է Ժենբեկովի հրաժարականը։

«Ղրղզստանի նախագահի հրաժարականը ժողովրդի պահանջն է։ Այսօր ես կգնամ նախագահի մոտ և մենք կլուծենք այս հարցը»,- լրագրողներին հայտարարել էր Ժապարովը։ Իր հերթին Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ միաժամանակ կառավարության շենքի մոտ հավաքվել են մարդիկ, որոնց ցույցերի են բերվում ավտոբուսներով։ 

Իր հրաժարականի ուղերձում Ժենբեկովը բացատրել է, թե ինչու է մտափոխվել։ «Ցավոք, ագրեսիան չի դադարում, իմ անհապաղ հրաժարականի պահանջը շարունակվում է։ Ընթացիկ իրավիճակը մոտ է երկկողմ հակամարտության։ Մի կողմից ցուցարարներն են, մյուս կողմից՝ իրավապահ մարմինները։ Զինծառայողները և իրավապահ մարմինները պարտավոր են զենք կիրառել պետական նստավայրի պաշտպանության համար։ Այս պարագայում արյուն կթափվի, դա անհնարին է։ Ես կոչ եմ անում երկու կողմերին սադրանքների չդիմել»,- նշվում է ուղերձի մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ից Ղրղզստանում սկսվել էին բողոքի ցույցեր։ Վերջինիս պատճառը դարձել էին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել էին կառավարամետ երկու կուսակցություններ։ Բողոքի ցույցերը արագ վեր էին ածվել անկարգությունների։

Անկարգությունների ֆոնին Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել էր ընտրությունների արդյունքները, իսկ վարչապետը հրաժարական էր տվել։ Նրա փոխարեն խորհրդարանը նոր վարչապետ էր ընտրել նախկին պատգամավոր Սադիր Ժապարովին, որին ցուցարարները ազատել էին բանտից։

Լուսանկարը՝ SPUTNIK / ТАБЫЛДЫ КАДЫРБЕКОВ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter