ԱԱԾ-ն հորդորում է չտարածել անհանգստություն ու խուճապ պարունակող հրապարակումներ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել որում հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով «հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաև անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց»:
Ըստ ԱԱԾ-ի՝ հիշյալ հրապարակումները կարող են իրենց բացասական ազդակները հաղորդել հասարակության լայն շերտերին՝ անցանկալի բարոյահոգեբանական հետևանքներ ունենալով ինչպես առաջնագծում, այնպես էլ վերջինիս թիկունքն ամուր պահող հայ ընտանիքներում:
«Ռազմական գործողությունների այս պահերին անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսևորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել