HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Գյուղնախարարը փորձում է կարգի հրավիրել

Մեր հավաստի տեղեկություններով՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մարտի 23-ին հանդիպման է հրավիրել Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին՝ նպատակ ունենալով քննարկել գյուղացիների հետ նրանց ֆինանսական «տալ-առնելիքները»:

Գարնանը, որպես կանոն, կաթն ավելանում է: Այս շրջանում արդեն որոշ տնտեսավարողներ իջեցրել են գյուղացուն 1 լիտր կաթի դիմաց վճարվելիք գումարները մինչև 150 դրամի:

Գյուղնախարարության ուշադրությունից թերևս չի վրիպել, որ վերջնահաշվարկում պատրաստի կաթնամթերքի գինը շուկայում չի իջնում, հակառակը՝ նույնիսկ աճի միտում է ցուցաբերում: Արդյունքում ո՞վ է տուժում՝ գյուղացին, ում ուսերին մնում է անասնապահության և կաթի արտադրության՝ Հայաստանի պայմաններում ամենածանր և անշնորհակալ գործը:

Իրենց ասուլիսներում գյուղնախարարը և նրա տեղակալները մի քանի անգամ հպարտությամբ են խոսել այն մասին, որ կաթը գյուղացիներից արդեն ավելի բարձր գնով է մթերվում՝ շուրջ 200 դրամով. «դա ի շահ գյուղացու է, կաթն էլ այժմ ջրի գնի չէ»:

Հենց այս համատեքստում էլ Սերգո Կարապետյանը մինչև երեկո տևած հանդիպման ժամանակ կաթնամթերք արտադրողներին հորդորել է իրենց ֆինանսական «պլյուսներն» ապահովել ո՛չ գյուղացուն վճարվելիք գումարի հաշվին: «Ոչ մի դեպքում գյուղացուն վճարվող կաթի գինը չիջեցնել»,- ընդգծել է նախարարը: Կաթնամթերք արտադրողների տեսակետներն առանձնապես լսելի չեն դարձել:

Բնական է, որ ոլորտի մի շարք տնտեսավարողներ սրանից ամենևին էլ ոգևորված չեն, նրանք որոշ շրջանակներում մտմտում են առաջիկա իրենց քայլերը:

Արդյո՞ք այս ամենն առաջիկայում կհանգեցնի կաթնամթերքի գնի բարձրացման, ամենևին էլ բացառված չէ: Չթանկացնելու հորդորներն արդեն գյուղնախարարի իրավասությունից դուրս են:

Դուրս է գալիս, որ գյուղնախարարի հորդորներն էլ, գյուղացու շահերն էլ այս անգամ արդեն սովորական սպառողի ուսերին են ծանրանում: Քանի որ հայաստանյան իրականությունը փաստում է՝ արտադրողները, միևնույն է, իրենց շահույթի գինը լավ գիտեն:

ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter