HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոս Դենդիաս. «Թուրքիան կանգնած է տարածաշրջանում առկա ապակայունացման հետևում»

Թուրքիան կանգնած է տարածաշրջանում առկա ապակայունացման հետևում։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիտարկվում է Հայաստանի ներգրավվածությունը հակաթուրքական կոալիցիային, Հունաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հունաստանի նպատակն է ստեղծել այնպիսի երկրների փոխըմբռնում, որոնք միտված են Արևելյան Միջերկրականում խաղաղության և կայունության ապահովմանը, իսկ այդ երկրների ցանկում են Հայաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Դենդիասի խոսքերով՝ խաղաղություն նախընտրող պետությունների փոխըմբռնումը միտված չէ ինչ-որ երկրի դեմ՝ հավելելով, որ հույս ունի՝ ապագայում Թուրքիան նույնպես կընդունի այդ արժեքները։ Ըստ Դենդիասի՝ Թուրքիան այս պահին կանգնած է ագրեսիայի տարածման հետևում և ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։

Նիկոս Դենդիասը նշել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունն անընդունելի է և Թուրքիան պետք է դատապարտվի իր գործողությունների, և ոչ թե հայտարարությունների համար։ Նա կարևորել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախօրեին արված հայտարարությունը, որը բացահայտորեն նշում էր, որ Թուրքիան զինում է Ադրբեջանին։ Նրա խոսքով` շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի, թե ովքեր են լարում մտցնում հակամարտության մեջ և ովքեր են կառուցողական մոտեցում ցուցաբերում:

Դենդիասը ընդգծել է, որ Հունաստանն իր ձայնն արդեն իսկ բարձրացրել է արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ և առաջինն էր, որ Եվրամիությանը դիմեց այդ կոնֆլիկտին արտաքին միջամտությունը բացառելու, ինչպես նաև կողմերին բանակցությունների տանելու կոչով։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հունաստանն իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Բաքվից՝ զուգահեռաբար բողոքի նոտա հղելով Ադրբեջանին։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի և վերջինիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ էլ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնցից 86-ը՝ ծանր:

«Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է քաղաքացիական 6 անձ, որից 4-ին գնդակահարել է ադրբեջանական դիվերսիոն խումբը, երկուսը հերտակոծության հետևանքով են զոհվել»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությունը՝ իրենց ցեղասպան քաղաքականության մեջ տարբերակում չդնելով ռազմական օբյեկտների և քաղաքացիական բնակչության միջև: Նա հավելել է, որ այդ հանցագործությունները փաստագրվում են հենց հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում և փառաբանում են իրենց արարքները, այդ թվում նաև գերեվարվածների հանդեպ նվաստացուցիչ վարքն ու սպանությունները։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կողմերը քննարկել են նաև Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը։ Դենդիասը ներկայացրել է Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ափերի մոտ՝ ընդգծելով, որ Հունաստանը մեծապես գնահատում է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։ Դենդիասը իր հերթին հավելել է, որ Հունաստանը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացում։

Սքրինշոթը՝ ՀՀ ԱԳՆ ուղիղ հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter