HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի կանայք քնապարկ և անձրևանոց են կարում առաջնագծում կռվողների համար

Գյումրեցի Անուշիկ Սարոյանի հիմնած «Անես» նորաձեւության տունն անժամկետ դադարեցրել է երեկոյան զգեստների պատվերների ընդունումը: Կանացի քմահաճույքների վրա օրերով տքնելու եւ հերթական կոկետուհու ցանկությունը բավարարելու փոխարեն, հոկտեմբերի 6-ից վերապրոֆիլավորվել են տղամարդու համար նախատեսված անձրեւանոցներ կարելու ուղղությամբ:

«Մասնագիտությամբ հագուստի դիզայներ-մոդելավորող եմ, ավարտել եմ Գյումրու գեղարվեստի ակադեմիան, վերապատրաստվել Երեւանում: Նորաձեւության տուն հիմնելիս վստահ էինք, որ աշխատելու ենք միայն կանանց համար, մտքովս երբեք չէր անցնի, որ մի օր հագուստ կկարենք տղամարդկանց համար՝ էս դեպքում նկատի ունեմ դաշտային, պաշտպանիչ անձրեւանոցները,-Անուշիկը ժպտում է,-պիտի ասեմ, որ սիրով ենք անում, կարեւորը սկիզբն էր՝ մեկ հատի ձեւածք արեցինք, մոդելն ունեցանք ու սկսեցինք կարել»:

Պատարեզմի առաջին օրերին հստակ չէին պատկերացնում, թե ինչ են անելու, մտածում էին՝ երկար չի տեւի: Բոլորի նման արձագանքում էին առաջնագծի եւ արցախցի ընտանիքների համար հագուստի, սննդի, առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի հավաքման կոչերին: Բայց դա բավարար չէր, ցանկություն կար նաեւ մասնագիտական առումով օգնել առաջնագծին, բայց ինչպե՞ս: Եվ երբ տարածվեց հայտարարություն, որ կռվող զինվորներին անհրաժեշտ են քնապարկեր եւ անձրեւանոցներ, առանց երկար բարակ մտածելու անցան գործի: Կար հումքի ձեռք բերման խնդիր՝ օգնեց Գյումրու Հայորդաց տան ղեկավար Աստղիկ Եդիգարյանը:

«Պոլիէթիլենը, որով հիմա կարում ենք, տիկին Եդիգարյանի միջնորդությամբ մեզ է տրամադրել 26 ավագ դպրոցի տնօրեն Գագիկ Սեղպոսյանը: Այս պահին 40 հատ պատրաստի ունենք, մեկ օրում ենք կարել, տանելու ենք Հայորդաց տուն, որ ուղարկեն Արցախ»,-նկատում է Անուշիկը: Զրույցին միանում է Տաթեւիկ Սարոյանը, որ COVID-19-ի պատճառով տուրիստական ընկերությունում աշխատանքը թողել եւ տեղափոխվել է նորաձեւության աշխարհ: Ասում է, որ սկզբում մտածել են վերմակ եւ ներքնակ կարել, հետո հասկացել են, որ թե տեղափոխման, թե օգտագործման առումով դրանք առաջնագծում պահանջված չեն, բացի այդ էլ՝ կրկին հումքի ձեռք բերման խնդիր կար: «Մենք ոչ անձրեւանոց էինք կարել երբեւէ, ոչ էլ՝ քնապարկ: Առաջինը փորձեցինք՝ ստացվեց, եթե կարողանանք հումքը ճարել՝ քնապարկն էլ կկարենք, մանավանդ որ կամավոր օգնողներ էլ ունենք, չենք խեղճանա աշխատուժի առումով: Աստված տա, ամեն ինչ շուտ վերջանա եւ մեր զինվորներն այս ամենն օգտագործեն խաղաղ  ժամանակ»,-բարեմաղթում են Սարոյան քույրերը:

Լուսանկարչի հետ ուղեւորվում ենք Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում գտնվող կարի արհեստանոց: Այստեղ կարում են քնապարկ եւ անձրեւանոց, որոնք հետո ուղարկում են առաջնագիծ: Երկու կին՝ սրահի կենտրոնում տեղադրված մեծ սեղանի վրա փռած բուրդը հմտորեն տեղավորում են վերմակ հիշեցնող կտորե պարկի մեջ: Մուտքի բաց դռնից երեւում է մարդատար մի մեքենա, որտեղից պարկերով բուրդ են իջեցնում: Աշխատանքները ղեկավարում է Հասմիկ Խաչատրյանը: Վերջինս մոտ 4 տարի առաջ կարի փոքրիկ արտադրամաս էր հիմնել եւ ընտանիքի անդամներով զբաղվում էին սպորտային հագուստ կարելով գյումրեցի մարզիկների համար: Սեպտեմբերի 28-ին որոշում կայացվեց ամեն ինչ մի կողմ դնել եւ անցնել զինվորին անհրաժեշտ իրերի արտադրությանը:

«Տղաս՝ Դավիթը, ապրիլյան քառօրյայի մասնակից է: Իրենք էն ժամանակ, որ դիրքերում էին՝ համընկավ ցուրտ, անձրեւային շրջանի հետ, ու որ հետը խոսում էինք ասում էր, որ քնապարկի ու անձրեւանոցի կարիք ունեն: Էս տարիներին, ոնց որ խիղճս անընդհատ տանջեր, թե երեխեքը մրսել են ու մենք ոչնչով չենք կարողացել օգնել: Երբ կոչ եղավ օգնել առաջնագծին՝ մի վայրկյան չենք տատանվել, թե ինչ պիտի անենք: Տղաս ինքն անմիջապես առաջարկեց քնապարկ ու անձրեւանոց կարել, կտորն առել ենք, կարել ենք անձրեւանոցները, առաջին խմբաքանակն էլ ինքն անձամբ է տեղ հասցրել»,-պատմում է տիկին Հասմիկը:

Երբ օգնող ձեռքը շատացավ՝ տնից տեղափոխվեցին ավելի հարմարավետ ու ընդարձակ շինություն: Հասմիկ Խաչատրյանի փոխանցմամբ, մոտ 40  կամավորներ են օգնում՝ իրենք ձեւում են, փոխանցում կարի մեքենա ունեցող անհատներին, հետո արդեն ստանում պատրաստի արտադրանքը: Անձրեւանոցի համար նախատեսված կտորը ստացել են ՊՆ-ից, քնապարկերի համար էլ օգտագործում են Ամասիայի բրդի գործարանի արտադրանքը, որ իրենց է հասնում ինքնարժեքով: «Մենք սկզբում որոշել էինք որպես միջադիր, արհեստական նյութ օգտագործել, հետո ասացին, որ սառը գետնին բուրդն ավելի տաք է պահում, դրա համար էլ  անցանք մեր ավանդական հումքին, մենակ երեխեքը  չմրսեն»,-նկատում է Հասմիկ Խաչատրյանը:

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter