HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենգյալով հաց՝ արցախցիներից. արցախատավուշյան բիզնես նախագիծ

Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված մի խումբ կանայք ժենգյալով հացի բիզնես են սկսել: Նրանք Արցախի տարբեր համայնքներից են, շատերն իրար ճանաչում են մի քանի օր, սակայն մտերմացել են վաղեմի ծանոթների պես: Ասում են` Արցախ վերադառնալուց հետո ընտանիքներով են բարեկամանալու:

Ժենգյալով հաց թխելու նախաձեռնությունը ստեփանակերտցի Ալյոնայինն էր, առաջին անգամ բոլորով համտեսելուց հետո որոշում են` աշխատանքով պետք է վաստակեն իրենց ապրուստը: 

Աշխատանքը հստակ բաժանված է, մեկը կանաչի է լվանում, մյուսը` մանրացնում, երրորդը խմորն է անում, չորրորդը` թխում։ Վճարվում են կատարած աշխատանքին համարժեք: Բիզնեսը սկսելու առաջին օրը 700 հատ վաճառել են: Զուտ եկամուտը կազմել է 300 հազար դրամ։  

Ստելլան (գլխավոր լուսանկարում) հացաթխման պրոցեսի կարեւոր դերակատարներից է, ամենաակտիվն ու ժրաջանը։ Բոլորը Ստելլային են կանչում, հայացքով ու տեսախցիկով հետևից չենք հասնում. մեկ թոնրի մոտ է, մեկ կանաչի է բերում, մեկ էլ` փաթեթավորման թղթերն է տեղափոխում: Հարցնում եմ, թե հավաքած գումարն ի՞նչ է անելու։ Նեղսրտած պատասխանում է` ես գումարի համար չեմ աշխատում, հետո հավելում` Արցախ վերադառնալիս Հայաստանից հուշանվեր կտանի:

«Ժողովուրդ, 3000 հատ պատվեր ունենք»,-հացի արտադրամասի վերածված տաղավարում հայտնում է արցախցիներին հյուրընկալած «Հովեր» հյուրանոցի սեփականատեր Վարուժան Բաբախանյանը: Հյուրատան անձնակազմն էլ հյուրերի հետ հավասար մասնակցում է ժենգյալով հացի արտադրությանը: Մեզ հյուրասիրում են, ապա հարցնում՝ հավանեցի՞ք:

-Լավն էր, ասում ենք, բայց Արցախինն ավելի լավն է:

Արցախցիները ժպտում են ու շտապում բացատրել` հիմա սեզոնային է, Արցախում էլ բոլոր համեմունքները չկան: 

Ստեփանակերտցի տիկին Վալյան այստեղ է հինգ զավակների հետ, Արցախում մնացել է ամուսինը: Ասում է`Հայաստանում մարդիկ շատ բարի են, հենց իմանում են, որ իրենք Արցախից են, ցանկացած ծառայության դիմաց գումար չեն վերցնում: Երթուղային տաքսի լինի, թե «պարիկմախեր», գումարից հրաժարվում են:

«Էս ամեն ինչն ավարտվի, մենք էլ ձեզ բոլորիդ ենք հյուրընկալելու»,-ժպտալով ասում է տիկին Վալյան` մանրացնելով կանաչիներն ու հայացք գցելով առջևում դրված բջջային հեռախոսին:

Սեղանի մյուս ծայրում կանաչի է մանրացնում մարտակերտցի տիկին Մարգարիտան, որի` առաջնագծում գտնվող եղբորից արդեն մի քանի օր է լուր չկա, այնտեղ է նաև ամուսինը: Ասում է` այստեղ շատ հյուրընկալ են, ամեն ինչից գոհ է, բայց կարոտել է իր տունն ու քաղաքը: Պատմում են արտադրամաս դարձած հյուրանոցի ներքին խոսակցություններից, նույնիսկ կատակով որոշել էին Փաշինյանի համար էլ ժենգյալով հաց ուղարկել: 

Շատերը տեսախցիկի առջև խոսել չեն ուզում, ասում են` ախր «գրամոտնը» չենք խոսում։ Միաբերան ասում են, որ հյուրընկալության համար շնորհակալ են, բայց անհամբերությամբ սպասում են իրենց տներ վերադառնալուն:

Այս կանանցից յուրաքանչյուրն ընտանիքի առնվազն մեկ անդամ ունի սահմանին, բոլորը սպասում են միայն հաղթանակի մասին նորության: 

Հյուրանոցի սեփականատեր Վարուժան Բաբախանյանը պատմում է` դեռ պատերազմի առաջին օրվանից իր հյուրերին տեղեկացրել է, որ ընդունելու է Արցախից ժամանակավոր տեղափոխված անձանց: Արցախցի հյուրերն էլ, աստիճանաբար հավաքվելով, դարձել են 100-ից ավելի: Այժմ զբաղեցնում են ոչ միայն իր հյուրանոցի տարածքը, այլև հարևանությամբ գտնվող տներ և հյուրատներ, որոնց սեփականատերերն առանց որևէ գումարի տրամադրել են դրանք: Վարուժանը պատմում է, թե ինչպես է ստեղծվել ժենգյալով հացի վաճառքի մտահղացումը. քանի որ իրավիճակն այսպես կարող է երկար տևել, դրսի աջակցությունն էլ` մի օր սպառվել, որոշել են այս կերպ հոգալ սննդի ու կեցության ծախսերը: Երիտասարդ գործարարը կարևորում է այն հանգամանքը, որ այս ամենից շահում է նաև պետությունը: Երևան ուղարկված փաթեթների վրա փակցնում են նաև ՀԴՄ կտրոնները: Այդ փաթեթները հնարավոր է ձեռք բերել դեռևս մի քանի խանութներից, սակայն մտադրություն կա խանութների ցանցն ընդլայնել:

Ասում է` թիկունքում պետք է աշխատել, հարկեր վճարել, որ հնարավոր լինի առաջնագծում հաղթել: Վարուժանի խոսքով` հյուրերի հետ դարձել են մեծ ընտանիք, միասին ուտում են, միասին աշխատում, ինչ-որ հարցերի շուրջ նաև՝ վիճում: Ապա պատմում է իր երազանքի մասին` պատերազմի ավարտից հետո Շուշիի լքված մի տարածքում նույն թիմով բիզնես հիմնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter