HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ. «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելաոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը՝ ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին, խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter