HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի պաշտպանության նախարարն անձամբ է համակարգել Ադրբեջանի ռազմական գործողությունները. «Коммерсантъ»

Արցախում ներկայումս առկա մարտական գործողությունները նախապես ծրագրված և հրահրված են եղել Թուրքիայի կողմից։ Այդ մասին պնդում են «Коммерсантъ»-ի ռազմա-դիվանագիտական աղբյուրները։ Աղբյուրների վարկածով՝ վերջին վեց ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն Բաքվին հրահրել է ձեռնարկել ռազմական գործողություններ՝ խոստանալով համակողմանի ռազմա-դիվանագիտական, հետախուզական և ռազմա-տեխնիկական օգնություն։ Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի անմիջական մասնակցության մասին հայտարարել էին նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Ըստ այդ աղբյուրների՝ պատկերը հետևյալն է. հուլիս-օգոստոսին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել է Թուրքիայի զինված ուժերի զորախումբ, որը պետք է ունենար Լեռնային Ղարաբաղում հարձակողական ռազմագործողության պլանավորման և իրականացման ժամանակ համակարգող և ղեկավարող դեր։ Խոսքը գնում է շուրջ 600 զինծառայողների մասին, ներառյալ 200 անձից բաղկացած գումարտակային տակտիկական խումբը, 50 հրահանգիչ Նախիջևանում, 90 ռազմական խորհրդական Բաքվում, 120 հոգանոց թռիչքատեխնիկական անձնակազմ Գաբալայի ավիաբազայում, անօդաչուների 20 օպերատորներ Դալյարի ավիաբազայում, 50 հրահանգիչներ Եվլախի ռազմաբազայում, 50 հրահանգիչներ 4-րդ բանակային կորպուսում և անձնակազմի 20 անդամ Բաքվի ռազմածովային բազայում և Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտում։ 

Այդ զորախումբն ունեցել է 18 ՀՄՄ, համազարկային կրակի մեկ ռեակտիվ համակարգ, 10 միավոր ավտոտեխնիկա և մինչև 34 միավոր ավիացիոն տեխնիկա, ներառյալ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթի և մինչև 20 անօդաչու, որոնք ապահովել են ռազմական հետախուզությունը, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։

Առկա տվյալների համաձայն՝  2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կտրուկ ավելացել են Թուրքիայից Ադրբեջան ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների թռիչքները, որոնք հիմնականում իրականացվել են Վրաստանի տարածքով։ Մասնավորապես, անձնակազմի և զինամթերքի տեղափոխումն իրականացվել է սեպտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130, սեպտեմբերի 18-ին՝ CN-235 և սեպտեմբերի 25-ին՝ A400M ինքնաթիռներով։ Սեպտեմբերի 28-30-ին, մարտական գործողությունների ընթացքում, Ադրբեջան ժամանած ռազմական խորհրդականներին անձամբ միացել են Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարը։ Ըստ «Коммерсантъ» պարբերականի աղբյուրների՝ նրանք տեղում անձամբ իրականացրել են ղարաբաղյան ռազմաճակատում մարտական գործողությունների համակարգումը։

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին Անկարային Էթիմեսգութ ավիաբազայից Հաջի Զեյնալաբդին թռիչքներ է իրականացրել CN-235 ռազմական ինքնաթիռը, որը տեղափոխել է բժշկական միջոցներ և հրաձգային զենք։ Ըստ այդ նույն աղբյուրների՝ անձնակազմի և զինամթերքի մատակարարում է իրականացվել նաև հոկտեմբերի 7-ին՝ թուրքական ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով (թռիչք N TUAF737): Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական ИЛ-76ТД (թռիչք NAZAF002) ինքնաթիռը Ամմանից Բաքու է տեղափոխել 200 միավոր ԴՇԿ գնդացիր իր զինամթերքով՝ անցնելով Վրաստանի օդային տարածքով։ Ավելի վաղ, Թուրքիան տարանցիկ թռիչքների թույլտվության հարցում էր ուղարկել Վրաստանին՝ հոկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի համար, ինչը Վրաստանը թույլատրել է։

«Коммерсантъ» պարբերականի աղբյուրները նույնպես հաստատում են այն փաստը, որ Թուրքիան հավաքագրել է վարձկան գրոհայինների՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ կռվելու համար։ Գրոհայինների տեղափոխման գործընթացը համակարգել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը՝ երկրի պաշտպանության նախարարության ուժերի և միջոցների աջակցությամբ։

Ըստ այդ նույն ռազմա-դիվանագիտական աղբյուրների՝ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հակամարտության գոտի է տեղափոխվել մինչև 1300 սիրիացի գրոհային և առնվազն մեկ խումբ լիբիացի վարձկաններ, որոնց թիվը հասել է 150-ի։ Առաջին խումբը տեղակայվել է հիմնականում Թերթերի ուղղությամբ՝ Բայանդուր և Ղափանլը շրջաններում (Թերթերից համապատասխանաբար 5 և 10 կիլոմետր հարավ-արևելք), իսկ երկրորդ խումբը՝ Ջաբրայիլի ուղղությամբ, Քարվենդի շրջանում։

Նշվում է, որ սիրիացի գրոհայինների հավաքագրումն իրականացվում է Սիրիայի հյուսիսային և հարավ-արևմտյան նահանգներում, որոնք վերահսկվում են Անկարայի կողմից։ Այն իրականացվում է SADAT ռազմական մասնավոր ընկերության կողմից՝ Սիրիայի ազգային բանակի դաշտային հրամանատարների մասնակցությամբ։ Հավաքագրման հիմնական կետերը գտնվում են Աֆրին, Էլ Բաբ, Ռաս էլ Այն և Տել Աբյադ քաղաքներում։ Նորակոչիկների հավաքագրումը կազմակերպվում է Աֆրինում, որտեղից նրանք տեղափոխվում են Թուրքիայի հարավում գտնվող Շանլըուրֆա քաղաք, ինչը Սիրիայի սահմանից հեռու է ընդամենը 40 կիլոմետր։ Այնուհետ վարձկան-գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ 

Վարձկաններին առաջարկվել է մինչև 1500 դոլար փոխհատուցում և մինչև 2000 դոլար ամսական պարգևատրում։ Պարբերականի աղբյուրները հավելում են, որ Ադրբեջան ուղարկելուց առաջ վերցրել են գրոհայինների անձը հաստատող փաստաթղթերը և կապի անձնական միջոցները։ Նրանց ասել են, որ իրենց ծառայության կարիքը կլինի 3 ամսից մինչև կես տարի։

«Դեռ սեպտեմբերի 22-ին Ադրբեջան է ուղարկվել Սիրիայի ազգային բանակի 2-րդ կորպուսի առաջին խումբը, որը երկշաբաթանոց վերապատրաստում էր անցել Սիրիայում թուրքական հրահանգիչների կողմից»,- նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Նրանց խոսքերով՝ մինչև հրադադարի մասին եռակողմ որոշումը, շարունակում էր ակտիվորեն ձևավորվել սիրիացի վարձկան-գրոհայինների հերթական խումբը (մինչև 1500 մարդ), որոնք պետք է ուղարկվեին Ադրբեջան։ «Այդ ջոկատը կազմավորված է և ցանկացած պահի կարող է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ»,- նշել է աղբյուրը։ Խոսքը գնում է «Ֆայլաք աշ-Շամ»,«Սուլթան Մուրադ» բրիգադի, «Ֆիրքաթ Համզա» և «Ֆիրքաթ Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների մասին։

Լուսանկարը՝ Turkish Defense Ministry Handout/EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter