HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեխաներս կմասնակցեն Արցախի վերակառուցմանն ու հզորացմանը». արցախցի Նանար Աղաջանյան

Պատերազմի սկսվելուց 2 օր հետո 29-ամյա Նանար Աղաջանյանն իր 5 անչափահաս որդիների հետ Ստեփանակերտից ժամանակավորապես տեղափոխվել է Հայաստան: Նանարի ամուսինը Արցախի ԱԻՆ ծառայությունում բուժակ է աշխատում:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ արթնացա ամուսնուս աշխատանքի ճանապարհելու,  հրետակոծությունների պայթյուններ լսեցինք: «Պատերազմը սկսվեց»,- ասաց ամուսինս և շտապեց իր ծառայության վայրը»,- պատմում է Նանարը: Քանի որ Ստեփանակերտի հրետակոծումը օր-օրի սաստկացել է, Նանարն ու ամուսինը որոշել են որդիներին տեղափոխել Հայաստան: Սեպտեմբերի 29-ի երեկոյան Նանարին, մորն ու երեխաներին Ստեփանակերտից իր ավտոմեքենայով Հայաստան է տեղափոխել հարազատներից մեկը: Երկու օր հետո Հայաստանում ընտանիքին միացել է նաև Նանարի սկեսուրը՝ Կարինեն։ «Երբ բոլոր կողմերից  քաղաքին խփում էին, տղաս՝ Ալեքսանդրն, ասաց, որ ես նույնպես պետք է հեռանամ Ստեփանակերտից, ասաց՝ ինքն այդպես ավելի հանգիստ կլինի»,- պատմեց Կարինե Աղաջանյանը:

Նանարի ավագ որդին՝ Արամը, 10 տարեկան է, միջնեկը՝ Վաչեն, 8, երրորդ տղան՝ Արենը, 6 տարեկան է, չորրորդը 5 տարեկան Սուրենն է, նա դեռ դպրոց չի գնում, կրտսերը՝ Վահեն, 2 տարեկան է: Ժամանակավոր բնակության վայրում արցախցի ընտանիքին ջերմորեն են ընդունել։ Կարինե Աղաջանյանը չի թաքցնում հիացմունքը իր ընտանիքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար. «Ի՜նչ պարզ ու ազնիվ են այստեղի ժողովուրդը»:

Երեխաներից երկուսը ուսումնական պարապմունքներից հետ չմնալու համար տեղավորվել են դպրոցում: Նանարի ավագը՝ Արամը, մոր հետ չէր: Նանարի ասելով՝ Արամը իրենց հյուրընկալած տանտիրոջ որդու հետ մտերմացել և մեկնել է հարևան գյուղ՝ այնտեղի դպրոցում նրա հետ սովորելու: Նանարի միջնեկ որդուն՝ Վաչեին, հանդիպեցինք դպրոցում։ Ասաց՝ իրեն զգում է ինչպես տանը: Առաջին դասարանում սովորող Արենն ուզում է զինվորական դառնալ: «Իսկ ես բժիշկ եմ դառնալու, որ Արենը թուրքերի դեմ կռվելիս վիրավորվի, իրեն բուժեմ և մեկ էլ բոլոր զինվորներին եմ բուժելու»,- ասաց Վաչեն: «Չկասկածեք, Արցախում ամեն ինչ լավ է լինելու, երեխաներս չեն հասցնի թուրքերի դեմ կռվել, կմասնակցեն Արցախի վերակառուցմանն ու հզորացմանը»,- ասաց Նանարը:

«Էլ կռիվ չի՞ լինելու, մամ»,- Նանարին հարցրեց Վաչեն: «Չէ»,- որդուն կարճ պատասխանեց Նանարը:

Կարինե Աղաջանյանի պատմելով՝ հրետակոծությունից Ստեփանակերտի շենքերը դղրդում էին: Նրա խոսքով, այսուհանդերձ, բնակչության մեծ մասը մնացել է Ստեփանակերտում։ «Յոթ  թոռնիկ ունեմ, 5-ը՝ տղաներ, Արցախի ապագա զինվորներ են»,- ասաց Կարինե Աղաջանյանը:

Արցախցի այս կանայք պատրաստ են ամեն ինչի, միայն թե խաղաղություն հաստատվի։ «Մենք տափին էլ կպառկենք: Ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Ղարաբաղում խաղաղություն լինի, մեր խոխեքը առողջ գան իրենց տները: Ամեն զոհի հետ տառապում ենք: Մենք հաղթելու ենք: Մեզ ուրիշ ճանապարհ չունենք: Մեր վերջին պայքարն է»,- խոսքն ավարտում է Կարինե Աղաջանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter