
Ավտոերթ Իսրայելում՝ Ադրբեջանին զենք չվաճառելու պահանջով
Հոկտեմբերի 17-ին Իսրայելի հայ համայնքը Հայֆա քաղաքից ավտոերթ է սկսել դեպի Երուսաղեմ։ Հայկական համայնքը Երուսաղեմի Պաշտպանության նախարարության և Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի դիմաց բողոքի ակցիա կիրականացնի՝ պահանջելով, որ Իսրայելն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին և ճանաչի Արցախի անկախությունը։
Ակցիայի նպատակը, ըստ մասնակիցների, հայ ժողովրդի ձայնն Իսրայելում լսելի դարձնելն է։
Իսրայելում արդեն 5 տարի բնակվող Էսթեր Մելքումովան մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայ համայնքը դեմ է նաև Թուրքիայի ներգրավվածությանը և արցախցիների նկատմամբ կազմակերպված տեռորին։
«Այս պահին մոտ 400 մեքենա Երուսաղեմի ճանապարհին է։ Իսրայելի գրեթե բոլոր քաղաքներից էլ մասնակիցներ կան։ Հայֆայից ավտոերթը մեկնարկել է, կենտրոնից և հարավային այլ քաղաքներից միացել են մեզ»,- հայտնեց ակցիայի մասնակիցը։
Էսթերի խոսքով՝ նմանատիպ ակցիաներն Իսրայելում շարունակական են լինելու։
Մեկնաբանել