HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

249 նոր ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը ստորագրված է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունները՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և չին ժողովրդին՝ 249 ավտոբուսների նվիրատվության և աջակցության ծրագրի համար` նշելով, որ այն էապես կնպաստի Երևան քաղաքի տրանսպորտի համակարգի բարելավմանը:

ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը, հատկանշելով տնտեսական-քաղաքական երկկողմ հարաբերությունների աճը, վերահաստատել է, որ չինական կողմը պատրաստակամ է ամրապնդել  ու զարգացնել հարաբերությունները, և հավելել, որ աջակցության ծրագրերը լինելու են շարունակական: «Չինաստանի և Հայաստանի ղեկավարների լավ հարաբերությունները ապահովում ու ամրապնդում են երկու երկրների փոխհարաբերությունները»,- նշել է ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը:

Բացի տնտեսական հարաբերություններից, չինական կողմն ակնկալում է նաև մշակութային հարաբերությունների զարգացում: «Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է լիազորությունների սահմաններում նպաստել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայ-չինական մշակութային կապերի ընդլայնմանը»,- նշել է քաղաքապետը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երևան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը:

Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ում աջակցությամբ մենք կարողացանք ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհով 249 ավտոբուսներ ներկրել Երևան համայնքի համար: Արդեն մշակել ենք տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, որը փուլ առ փուլ իրականություն ենք դարձնում. մեր հիմնական նպատակն է միկրոավտոբուսներից անցնել ավտոբուսների: Մինչև տարեվերջ երթուղի են մտնելու ևս 250 նոր ավտոբուսներ: Մշակել ենք նոր երթուղային ցանց՝ հաշվի առելով նաև քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները: Համայքի կողմից սպասարկվող ավտոբուսներում կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ. նոր ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրասպորտի համակարգը, ինչպես նաև դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղևորները կարող են հետևել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաև շարժական կապի WiFi  համակարգ է լինելու»:

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նոր ավտոբուսներից որոշները կկահավորվեն սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 24-ին երթուղի դուրս եկած նոր ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն անվճար: Այս մասինհայտնում է Երևանի քաղաքապետերանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter