HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

1 արքայանարինջը` 100 դրամ. սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի աշակերտների նախաձեռնությունը

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն արքայանարինջ են վաճառում` հասույթն ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Նախաձեռնությունը սկիզբ է առել դպրոցի աշակերտական խորհրդի և ուսուցիչների քննարկումների արդյունքում: Դպրոցի տնօրեն Նառա Պապյանը պատմում է` պատերազմը սկսվելու առաջին օրվանից սկսել են քննարկել, թե ինչ կարող են անել թիկունքում:

«Բոլորս առաջնագծում հարազատներ ունենք` ամուսիններ, տղաներ, եղբայրներ, և այսկերպ ենք կարողանում մասնակից դառնալ այդ պատերազմին»,-ասում է Պապյանը` հավելելով, որ ըստ իրեն՝ հայրենիքը սիրում են ոչ թե բառերով, այլն ապրելակերպով:

Սահմանամերձ գյուղի դպրոցի տնօրենն անկեղծանում է` որպես ծնող, ում որդին կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ, փորձել է ինքը ևս գնալ Արցախ, սակայն հասկացել է` չի կարող դպրոցի իր «զավակներին» թողնել ու գնալ:

Նախաձեռնության առաջին օրը` հոկտեմբերի 17-ին, դպրոցականները վաճառել են 60 հազար դրամի արքայանարինջ, մեկ հատը վաճառում են 100 դրամով: Վաճառքն իրականացնում են Բերդ համայնքում: Գյուղի բնակիչներն առաջարկում են նախաձեռնության շրջանակն ընդլայնել ու վաճառել նաև գյուղական այլ արտադրանք: Գնորդներից շատերը, ըստ դպրոցի տնօրենի, նույնիսկ չեն վերցնում միրգը, գումարը փոխանցում են ու արագ հեռանում:

Դպրոցի 14-ամյա աշակերտուհի Նունեն պատմում է, որ որոշել են այս եղանակով իրենց ներդրումն ունենալ: Ասում է, երբ գյուղացիներն իմանում են, թե ինչ նպատակի համար են իրենք արքայանարինջ հավաքում, ոչ միայն ողջունում են, այլ յուրաքանչյուրն առաջարկում է հենց իր ծառերից հավաքել: Նունեի համար շատ տպավորիչ է եղել այն, որ մի տատիկ, որի որդին զոհվել է առաջնագծում, գումար է տվել ու ասել` չեմ կարող չմասնակցել, զինվորների համար է:

«Ուզում եմ յուրանչյուրս էլ գիտակցենք, որ մեր չնչին քայլով կարող ենք մեր նեդրումն ունենալ հաղթանակի հարցում ու կուզեի նաև ասել` հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ այն մարդկանց ազգակիցն եմ, որոնք հենց հիմա սահմանին հերոսական մարտեր են մղում»,- ասում է Նունեն:

Դպրոցի մեկ այլ աշակերտուհի Լիանա Ադամյանն էլ ասում է` ուրախ է, որ նման նախաձեռնության անդամ է և հույս ունի, որ այս կերպ կկարողանան ինչ-որ չափով օգնել Արցախին: Ասում է` անցորդները, տեսնելով, որ նախաձեռնությունը բանակի համար է, գալիս, գնում են միրգը, շատ դեպքերում նույնիսկ միայն գումարը փոխանցում:

Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Մելիքյանը կարևորում է, որ յուրաքանչյուրը գիտակցի, թե որքան կարևոր է իր մեծ ու փոքր ներդրումն այս իրավիճակում: Վստահեցնում է, որ իրենց նախաձեռնությունը շարունակական է լինելու, և ընդգծում` ինչպես առաջնագիծն է մարտական տրամադրված, այնպես էլ` թիկունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter