HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մեծամասնականի կախարդանքն ու ընդդիմության խաբկանքը

Հանրապետական կուսակցությունը կտրականապես մերժեց մեծամասնական ընտակարգից հրաժարվելու առաջարկը, որովհետև իրականում դրանից է կախված իշխանության վերարտադրությունը: Եթե իշխանությունը զրկվում է այս ռեսուրսից, համամասնական ընտրակարգով անգամ 51 տոկոս ձայներ ստանալու պարագայում  կարող է խորհրդրանում մեծամասնություն չունենալ: Ահա թե ինչու է ՀՀԿ-ն ոչ միայն ատամներով պահում մեծամասնական ընտրակարգը, այլև այնտեղ կենտրոնացնում քրեաօլիգարխիկ իր ողջ հարվածային արսենալը:

Այս իմաստով մեծամասնական ընտրությունները դառնում են շատ ավելի կարևոր, քան համամասնական ընտրակարգով կուսակցությունների միջև ծավալվելիք մրցակցությունը: Իրականում համամասնական ընտրությունները, դրանց համամետաբար ազատ, թափանցիկ անցկացումը յուրօրինակ բուֆերի դեր են կատարելու` մեղմելու համար մեծամասնականի կոշտ ընտրությունների ազդեցությունը: Դա նման է լինելու աճպարարի մի ձեռքի տեսանելի այն «կախարդական» շարժումներին, որոնք թաքցնում են իրական գործողությունները կատարող մյուս ձեռքի աշխատանքը:

Մեծամասնական ընտրակարգով կոալիցիոն ուժերի կատարած առաջադրումներն ունեն հստակ տրամաբանություն: Ակնհայտ է, որ դրան իշխանությունը մոտեցել է ամենայն լրջությամբ ու բծախնդրությամբ` ներկոալիցիոն համաձայնությունների հենքի վրա:

Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես, թե անհատական նախաձեռնությամբ, թեկնածուներ է առաջադրել 41 ընտրատարածքներից 33-ում: ԲՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել կրկնակի ավելի քիչ` թվով 15 ընտրատարածքում, ՕԵԿ-ը` 11-ում: Եվ սա այն դեպքում, երբ սփռվածության ու անդամների թվաքանակով գոնե ԲՀԿ-ն ոչ միայն չէր զիջում ՀՀԿ-ին, այլև, դատելով նրանց իսկ ներակայացրած թվային տվյալներից, դեռ գերազանցում է: Ընդամենը երկու ընտրատարածքում է, որ կոալիցիոն երեք կուսակցություններն էլ թեկնածուներ են առաջադրել: 7 ընտրատարածքում ՕԵԿ-ը մրցակցելու է ԲՀԿ-ի դեմ, 5-ում` միայն ՀՀԿ-ի:

ԲՀԿ-ՀՀԿ մրցակցություն նախատեսվում է ընդամենը 8 ընտրատարածքում: Այլ կերպ ասած` ամեն ինչ արվել է` ներքին մրցակցությունը նվազագույնի հասցնելու համար: Իրական պայքարը գնալու է այն 8 ընտրատեղամասերում, որտեղ ՀՀԿ-ն թեկնածուներ չի առաջադրել: Մինչդեռ գոնե ներկոալիցիոն մրցակցության առումով 15-16 ընտրատարածքները միանշանակ «թողնվել են» ՀՀԿ-ին: Հենց այս հարցում է, որ տեղի է ունեցել կոալիցնոն հիմնական փոխհամաձայնությունը, ինչը հստակ է դարձնում, որ կոալիցիան պլանավորել է մեծամասնականով ընտրությունների այնպիսի արդյունք, որը միանշանակ ապահովում է ՀՀԿ-ի հաղթանակը: Եթե այս պլանն աշխատի, և գործի 2011-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի այն դրույթը, թե կողմերը զերծ են մնալու խորհրդարանում միմյանց հաշվին տեղեր ավելացնելուց ու միմյանց դեմ մրցակցությունից, ապա ՀՀԿ-ն կարող է հավակնել մոտավորապես այնքան ձայնի, որքան ունեին անցնող գումարման խորհրդարանում:

Ընդ որում`Սերժ Սարգսյանը կարծես թե հրաժարվում է 50+1 տոկոսով հաղթանակ տանելու նախնական մտադրությունից: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը մոտ մեկ շաբաթ առաջ վերստին հաստատեց, որ գալիք նախագահական ընտրություններում իրենք միանշանակ աջակցելու են Սերժ Սարգսյանին: Անկախ նրանից` որքան ժողովրդականություն է վայելում ՕԵԿ-ը, 5 տոկոսի շեմը հաղթահարելու կարողություն ունի թե ոչ, եթե մտնում է խորհրդարան` Սերժ Սարգսյանը միայն ՀՀԿ-ՕԵԿ միանգամայն վստահելի տանդեմի հաշվին իր համար ապահովում է բացարձակ մեծամասնություն: Ահա թե ինչու նա այս կուսակցության 15-ամյակին ՕԵԿ-ի բոլոր «առավելություններից» հարկ համարեց անդրադառնալ միայն վստահելիությանը (կարդալ` կցորդությանը) և հենց սա համարեց քաղաքական բարոյականություն: Նրա վրա հենվելով` Սերժ Սարգսյանը կարողանում է չեզոքացնել իր կախվածությունը ԲՀԿ-ից, թեև քաղաքական լայն ալյանսով, համաժողովրդական լիդերի կարգավիճակով նախագահական ընտրություններին գնալու նրա ձգտումների պարագայում ԲՀԿ-ին խաղից դուրս թողնելու տարբերակը գրեթե բացառվում է: Մանվանդ, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համարի ներքո Վարդան Օսկանյանի հայտնվելը ցույց է տալիս, որ, ի դեմս նրա, ԲՀԿ-ն, կամ գուցե Ռոբերտ Քոչարյանը, այլընտրանք է հասունացնում, ինչը ստիպելու է չթուլացնել հսկողությունն այս կուսակցության նկատմամբ:   

Բայց որպեսզի այս ամենը գլուխ բերվի, Սերժ Սարգսյանը նախ պետք է մեծամասնականով ընտրությունները նվազագույն կորուստներով ու հնարավորինս անցնցում հասցնի ակնկալվող հանգուցալուծման: Այս հարցում, որքան էլ տարօրինակ, նույնիսկ աբսուրդային հնչի, նրան օգնում է ողջ ընդդիմադիր դաշտը:

Թեև թվում էր, թե մեծամասնական ընտրակարգը որպես ընտրակեղծիքների կիրառման հիմնական միջավայր դիտարկելը, դրա դեմ սկսված քաղաքական-հասարակական շարժումը պետք է հանգեցնեին ընդդիմության ռեսուրսների մոբիլիզացմանը հատկապես մեծամասնական ընտրակարգում, սակայն դրանցում կատարված կուսակցական առաջադրումները վկայում են, որ գործ ենք ունենալու ավելի շատ այդ ռեսուրսների փոշիացման և ներուժի ջլատման հետ:

Ի տարբերություն իշխանությունների` այս հարցում ընդդիմությունը հետևողականություն չդրսևորեց: Ընտրակարգի դեմ քաղաքական դիմակայությունը չհանգեցրեց ընտրակեղծիքների դեմ համընդհանուր, կազմակերպված արշավի, ինչը պետք է դրսևորվեր առաջին հերթին հենց ընդդիմադիր ուժերի թեկնածուների առաջադրման հարցում փոխհամաձայնեցված լուծումներով: Արդյունքում  ընտրատարածքների մեծ մասում ընդդիմադիր քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» առաջադրել են իրենց թեկնածուներին: Ընդ որում` ՀԱԿ-ը թեկնածուներ է առաջադրել 38 ընտրատարածքում, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն` 8-ական, և բոլորն էլ այն ընտրատարածքներում, որտեղ ՀԱԿ-ը ևս առաջադրվել է: Այսինքն` ընդդիմությունն առաջնորդվել է ոչ միայն ազատ, այլև միմյանց հետ մրցակցության սկզբունքով, քան իշխանության թեկնածուների հաղթանակը թույլ չտալու, կանխորոշված ընտրությունների պլանը ձախողելու առաջնայնությամբ: Արդյունքում` ընդդիմությունը, կամա թե ակամա, այս ընտրություններում ստանձնում է բողոքական ու դիմադրողական ընտրազանգվածի ձայները փոշիացնելու գործառույթը, ինչը մեխանիկորեն հանգեցնելու է իշխանության թեկնածուների`ավելի հանգիստ ու անկաշկանդ հաղթանակին:

Թեկնածուների առաջադրման փուլը նոր է ավարտվել, և դեռևս բավականին ժամանակ կա մինչ այն ժամկետի ավարտը, երբ տակավին հնարավոր է թեկնածություններ հանել: Եթե ընդդիմությունն իսկապես ցանկանում է վերահսկել ընտրությունների ընթացքը և թույլ չտալ իշխանության վերարտադրումը, իր տրամադրության տակ ճիշտ այդքան ժամանակ ունի: Հակառակ դեպքում անխուսափելի պարտության համար իրենք են մեղավոր լինելու:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter