HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջնագիծ մեկնածների բերքից զինվորների համար պահածոներ կպատրաստվեն

Առաջնագծի զինծառայողների և Արցախում գտնվողների համար պահածոներ կպատրաստվեն։ Ձևավորվել է նախաձեռնություն, որի նպատակն է Արցախից ժամանակավոր տեղափոխված կանանց աշխատանքով ապահովել, իսկ առաջնագծին և արցախցիներին՝ անհրաժեշտ պահածոներով։

Պահածոյացման համար հավաքվելու է այն մարդկանց բերքը, որոնց տան տղամարդիկ մեկնել են առաջնագիծ։

Նախաձեռնությունը հինգ անդամ ունի։ Նրանցից Արման Հայրապետյանը մինչ այս էլ կամավորների հետ ֆերմերների և գյուղացիների այգիներից, դաշտերից անվճար բերք էր հավաքում՝ փոխանցելով առաջնագիծ և Արցախ մեկնող խմբերին։

Նախաձեռնությունը որոշել է պահածոյացնել հավաքված միրգ-բանջարեղենը, որ հնարավոր լինի այն ուղարկել առաջնագիծ և երկար ժամանակ պահել։

«Մենք հիմա առաջնագիծ, ապաստարաններ բերք ու բանջարեղեն ուղարկում ենք, բայց ձմեռը մոտենում է, վաղն այդ բերքը չի լինի, պայմաններն այն չեն լինի։ Դրա համար հիմա մաքսիմալ բերք պետք է հավաքել, որը լինելու է մեր վաղվա սնունդը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արման Հայրապետյանը։

Նախաձեռնության անդամները մրգերի և բանջարեղենի համար ֆերմերներին և գյուղացիներին կվճարեն։ Ինչպես Արման Հայրապետյանն է ասում՝ նրանք էլ ունեն վարկեր և ֆինանսական այլ ծախսեր։ Բերքի դիմաց վճարելու համար Միացյալ Նահանգներում բնակվող հայերը ֆոնդ են նախատեսել։

Բերքահավաքն անելու են կամավորները՝ անվճար հիմունքներով։ Հավաքված բերքը կգնա արտադրամասեր, որտեղ այդ պահածոների պատրաստման համար կներգրավվեն նաև Արցախից Հայաստան տեղափոխված կանայք։

«Եթե X գումար հատկացվի բերքի գնման համար, մի մասն էլ կտրամադրենք աշխատավարձին, որպեսզի վճարվի այդ մարդկանց, եկամտի աղբյուր ունենան։ Ինչքան էլ նրանց ապահովենք սննդով, հագուստով, պետք է ձեռքի փող ունենան։ Շատ կարիքներ են լինելու, որոնք չենք կարողանալու բավարարել կամ իրենց մոտ կառաջանա սովորություն, որ մենք ենք իրենց պահում»,- ասում է Արման Հայրապետյանը։

Նախաձեռնող խումբը նախատեսում է առաջին հերթին պատրաստել պահածոներ և մուրաբաներ, որոնք առավել պահանջված են առաջնագծում և Արցախում։

Արդեն իսկ հավաքագրվում են այն մարդկանց տվյալները, որոնցից գնվելու են միրգն ու բանջարեղենը։ Այժմ համայնքների հետ նաև քննարկվում է Արցախից տեղափոխվածներին արտադրամասերում աշխատանքի ընդունելու հարցը։  

Լուսանկարները՝ Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter