HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Արցախի կանայք՝ Արցախի համար». էկո պայուսակների արտադրություն Օշականում

Արցախից Հայաստան տեղափոխված մի խումբ կանայք արդեն մի քանի օր է՝ Օշականում էկո պայուսակների արտադրությունում են աշխատում։

«Արցախի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնության հիմնադիրներն Օշական եւ հարակից համայնքների երիտասարդներն են։ Արտադրամասը երեք օր է, ինչ աշխատում է, նպատակը կանանց զբաղվածությամբ եւ աշխատանքով ապահովելն է։

Նախաձեռնության համահիմնադիր Վաչե Վարդանյանն ասում է, որ փորձել են ներդնել բոլոր ռեսուրսները կանանց եւ երեխաներին անհրաժեշտ իրերով, հագուստով ապահովելու համար, սակայն կարեւոր է եղել նրանց զբաղվածության հարցը, ուստի որոշել են համայնքի մշակույթի տան սրահը վերածել կարի արտադրամասի։ Գյուղի դերձակ կանանցից մեկը արցախցիներին սովորեցրել է ձեւել պայուսակները, աշխատել կարի մեքենայով։

Աշխատանքը բաժանված է, կանանցից մեկը պայուսակներն է կարում, մյուսն արդուկում է, երրորդը՝ դասավորում։ 

Արտադրամասի ամենափոքր մասնակիցը Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ 7-ամյա Նարեկն է։ Նա ամեն օր արտադրամաս է գալիս, օգնում մայրիկին եւ մորաքույրներին, իրար վրա շարում կտորները։ Ասում է՝ ամենից շատ ընկերներին է կարոտել, ուզում է դպրոց գնալ։ Սպասում է՝ երբ են նորից տեղափոխվելու իրենց գյուղ։ «Որ պապաս ստեղ էղնի, ստեղ կքինամ, որ ընդեղ էղնի, ընդեղ կքինամ», - ասում է Նարեկը։ Նարեկի հայրն առաջնագծում է, կամավոր է։ 

Քաշաթաղի Բերձոր համայնքի բնակիչ Սաթենիկ Մելքոնյանը նախաձեռնության մասին իմացել է Օշական գալուց հետո։ Ղարաբաղում դերձակ է աշխատել։ Տանը կարի մեքենա ունի. երեխաների, թոռների համար հաճախ է հագուստ, սպիտակեղեն կարել։ Ասում է՝ որեւէ դժվարություն չկա նաեւ պայուսակ կարելու մեջ. սիրով է մասնակցում արտադրական գործընթացին։ Տիկին Սաթենիկը հարսի ու աղջկա հետ է Հայաստանում, տղաները եւ փեսաներն Արցախում են՝ առաջնագծում։

Պայուսակների վրա Արցախի հուշակոթողների նկարներն են՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը եւ Արցախի տարազով Նախշուն բաջին։ Պատկերվում են նաեւ վերջին օրերին սոցցանցերում հայտնի հեշթեգերը՝ «Արցախը Հայաստանն է», «Artsakh Strong»։

Թեեւ մի քանի օր է՝ աշխատում են, բայց ամեն օր պատվերների քանակը կրկնապատկվում է։ Առաջին օրը 50-ից ավելի պայուսակի պատվեր են ստացել։ Վաչեի խոսքով՝ նպատակ ունեն պայուսակները վաճառել նաեւ Հայաստանից դուրս եւ ցույց տալ, որ հայը չի դադարում աշխատել. տղամարդիկ ռազմաճակատում են կռվում, կանայք՝ թիկունքում։

Երեք երեխաների մայր Ռուզաննա Գասպարյանը, ով նույնպես Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից է, առաջին անգամ է կար անում: Ասում է՝ դեռեւս դժգոհող չի եղել իր աշխատանքից։ Կարծում է, որ աշխատանքը մի փոքր կթեթեւացնի հոգսը։ 

Այս ընտանիքներից յուրաքանչյուրն առնվազն մեկն ունի ռազմաճակատում, բոլորն անհամբերությամբ են սպասում նրանց վերադարձին։ Իրենց ուզածը միայն խաղաղությունն է։ Հյուրընկալության համար շնորհակալություն են հայտնում, բայց միաժամանակ նշում՝ պետք է հետ գնալ, իրենց տանն ու տնտեսությանը տեր կանգնել։

Արտադրամասում կանայք մի քանի ժամ են աշխատում, փոխարինում իրար։ Պայուսակները վաճառվում են 3000 դրամով, ստացված հասույթից կարողներին աշխատավարձ է վճարվում, հոգում են հումքի ծախսերը։ Երիտասարդները նպատակ ունեն նաեւ բրդյա իրերի արտադրություն սկսել։ Վաճառքն օնլայն է իրականացվում, գնորդին փոխանցվում է «Հայփոստի» միջոցով։

Նախաձեռնության համահիմնադիր Ռազմիկ Մնացականյանն ասում է, որ ռազմական գործողությունների առաջին օրվանից աշխատել են, ինչ-որ ձեւով փորձել օգնել զինվորներին եւ արցախցիներին։

«Մենք ռազմաճակատում չէինք, բայց հասկանում էինք, որ թիկունքն էլ է կարեւոր, ուստի սկսեցինք իրեր հավաքել եւ Արցախ ուղարկել։ Երբ ընտանիքներ տեղափոխվեցին Արցախից, տեղավորեցինք Օշականում կամ կողքի գյուղերում։ Միասնականությունը հիմա ամենից կարեւորն է»,- ասում է Ռազմիկը։

Օշականի մշակույթի տունը դարձել է տեղի երիտասարդների «շտաբը», որտեղ նրանք միավորվել են առաջացած խնդիրների լուծումները գտնելու համար։

«Պահ եկավ, որ հասկացանք` մեր ռեսուրսները սկսում են նվազել, ուստի որոշեցինք փոքր արտադրամաս բացել, որ այս մարդկանց առօրյան լցվի եւ դրան զուգահեռ գումար աշխատեն։ Էկո պայուսակների գաղափարը նոր է, արդի է, կանգ առանք դրա վրա։ Դիմեցինք Հայ կրթական հիմնարկություն, նրանք էլ իրենց աջակցությունը հայտնեցին, ձեռք բերեցինք կարի մեքենաներ, կտորներ եւ սկսեցինք աշխատանքը»,- ասում է նախաձեռնության մյուս հիմնադիրը` 21-ամյա Վաչե Վարդանյանը։

Նախաձեռնության անդամ Մարջան Աբրահամյանն էլ ավելացնում է, որ պատրաստի պայուսակների մեջ արցախցի կանայք դնում են անվանական բացիկներ՝ նշելով իրենց՝ Արցախի տարբեր շրջանների հասցեները եւ հայտնում, որ պայուսակը ձեռք բերողին սպասում են իրենց տանը։ 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Բելլա
Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը։ Էդ բաջի բառը կարող եք փոխել հայերենի։ Շնորհահալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter