HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի հոգեբանական կողմը․ երբ վտանգվում են մեր «պաշտպանիչ թաղանթները»՝ ընտանիքը, տունը, քաղաքը, երկիրը․․․ 

Հոգեբան Լիլիթ Մնացականյանի հետ «Հետքը» զրուցել է պատերազմի, դրա ազդեցության և արտակարգ իրավիճակներում հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Լիլիթը պրակտիկ հոգեբան է, կլինիկական հոգեբանության դոկտոր (Լիոնի Լյումիեր համալսարան)։ Զբաղվել է ցեղասպանության տրավմայի միջսերնդային փոխանցման, ինչպես նաև՝ միգրացիայի, ապաստանի հայցման հոգեկան փորձառության հարցերով։ 

Ի՞նչ իրավիճակ է համարվում պատերազմը հոգեկան առողջության խաթարման տեսանկյունից։ 

Ընդհանուր առմամբ, պատերազմական դրությունը համընդհանուր տրավմատիկ իրավիճակ է։ Այսպիսի տրավմաների ժամանակ մարդկանց կարող է թվալ, որ կարծես իրականությունը դանդաղեցված լինի, կանգ առած, նույնիսկ անիրական լինի։ Տրավմատիկ իրադարձությունների ժամանակ հաճախ մարդն ավելի հակված է լռության, ավելի հակված է փակվել, չանդրադառնալ իր հոգեկան պրոցեսներին (որովհետև դրանք շատ ցավոտ են) և ավելի շուտ կատարել գործողություններ՝ ուղղված իրավիճակից դուրս գալուն։ Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք շուրջբոլորը:

Բայց պետք է ասել, որ պատերազմը միատարր բան չէայն մեկի համար կարող է հարազատի կորուստ լինել, մյուսի համար՝ տան կորուստ, հաջորդի համար՝ տեղահանություն և այլն։ Դրանք տարբեր տրավմաներ են, այսինքն՝ պատերազմի տրավմա ասելով մենք նկատի ունենք տարբեր տրավմաների համակարգ, այդ թվում՝ կոլեկտիվ։ 

Այս օրերի ընթացքում մարդիկ դեռ մոբիլիզացիայի փուլում են, երբ տեղի է ունենում հոգեկան ռեսուրսների համակարգում, դրանց կենտրոնացում ինքնապաշտպանման, գոյությունը պաշտպանելու նպատակով։ Այս փուլում ստացած «վերքերը», իհարկե, ավելի շատ կարիք կլինի «խնամել» պատերազմի ավարտից հետո։

Իսկ ո՞րն եք համարում հոգեբանի դերը նման իրավիճակներում։

Պատերազմն ինքնին արտակարգ իրավիճակ է, ու դրանով զբաղվում է արտակարգ իրավիճակների հոգեբանությունը։ Հոգեբանի մասնագիտությունը նման իրավիճակներում դառնում է առաջին արձագանքման ծառայություն և հումանիտար նշանակություն է ստանում։

Շատ հոգեբաններ են կամավորական սկզբունքով աշխատում այս ընթացքում, ինչը շատ ոգևորիչ փաստ է: Մեր մասնագետները շատ պատրաստակամ են, բարձր քաղաքացիական գիտակցում են ցուցաբերում։ Մասնագիտական մեր համայնքի համար սա կարևոր համախմբման փորձառություն է, որին իմ սերունդը առաջին անգամ է ականատես լինում։ Այդպիսի համախմբում եղել է նաև 1988թ. երկրաշարժի ժամանակ, երբ մեծ թվով արտասահմանցի հոգեբաններ են եկել Հայաստան, և վերապատրաստելով տեղի մասնագետներին, կարելի է ասել՝ հիմք են դրել Հայաստանում պրակտիկ հոգեբանության ավանդույթին: 

Ի՞նչ դժվարությունների եք բախվում նման իրավիճակում աշխատելիս։

Նախ հոգեբանի մասնագիտական դիրքավորման հարցը բավականին խնդրահարույց է, քանի որ մենք ինքներս էլ գտնվում ենք նույն տրավմատիկ իրավիճակում և այդ իմաստով կրկնակի աշխատանք ենք կատարում։

Բացի այդ՝ շատ դժվար է միանգամից մեթոդաբանություն, մոտեցում մշակելը, որովհետև կախված նրանից, թե ինչ խմբերի հետ ես աշխատում, այդ մոտեցումը լրիվ տարբեր պետք է լինի։ Օրինակ, ես ունեցել եմ փորձ այս օրերի ընթացքում աշխատել տարհանված ընտանիքների կամ վիրավոր զինվորների հետ, դրանք միանգամայն տարբեր պրակտիկ իրավիճակներ են, և բնական է՝ դժվար է մոտեցումների ընտրության նման ճկունություն ցուցաբերելը։ 

Առհասարակ, այս պայմաններում հոգեբանական աջակցությունն ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Այս պայմաններում աշխատանքը շատ խիստ տարբերվում է հոգեբանի սովորական պրակտիկայից։ Ընդհանրապես, հոգեբանական աշխատանքը երկարատև աշխատանք է։ Եթե սովորական պայմաններում այցելուն ինքն է դիմում իրեն անհանգստացնող խնդրով, ապա արտակարգ իրավիճակներում արդեն պարզ է, թե ինչն է «անհանգստացնում», ու մենք ենք նետվում օգնության, այս իմաստով արդեն աշխատանքի բնույթը փոխվում է։

Բացի այդ՝ հոգեբանական աշխատանքը գոնե նվազագույն արդյունավետության հասցնելու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ առաջինը տարածքի հարցն է, այսինքն՝ տարածքը պետք է գոնե այնպես կազմակերպվի, որ մեր զրույցը կողքից ոչ ոք չլսի, իսկ դա այսօրվա հիվանդանոցներում ու տարհանված մարդկանց հետ աշխատելիս շատ դժվար է ապահովել։ Երկրորդը պարբերականության հարցն է ինչքանո՞վ կկարողանանք ապահովել շաբաթը գոնե մեկ-երկու հանդիպում նույն տեղում, նույն ձևով։ 

Որո՞նք են այն խմբերը, որոնց հետ այս օրերին աշխատում եք, և ի՞նչ ընդհանուր պատկերի մասին կարելի է խոսել։

Առաջին տպավորությունը, որ ստանում ենք մեր, էսպես ասեմ, շահառուներից կամ այցելուներից, այն է, որ այս պահին միշտ չէ, որ իրենց համար ակտուալ է մեր օգնությունը կամ միջամտությունը, և դա միանգամայն հասկանալի է։ Եթե կինն իր փոքր տարիքի երեխաների հետ դուրս է եկել իր տնից՝ ամուսնուն թողնելով ռազմաճակատում, ու հայտնվել է այստեղ՝ անծանոթ մի գյուղում, իրեն նախևառաջ պետք են կյանքի նվազագույն պայմաններ։ Իր հետ խորքային հոգեբանական աշխատանք տանելը իրատեսական չէ։ Այս պայմաններում, երբ փորձում եմ ինքս ինձ դիրքավորել, ստացվում է, որ ես մեկն եմ, ով կիսում է նրա մենակության, անազատության, տրավմատիկ զգացողությունները, մեկը, ով պատրաստ է լսել նրա հոգեկան ապրումների մասին, պատերազմի հետ կապված նրա վերապրածը, որպեսզի նա մենակ չլինի, այսինքն՝ իմանա, որ ինքը մենակ չէ իր ապրումների մեջ։ Կենսական կարևորության հարցերի մեջ իրենց հոգեկան ապրումներին անդրադառնալու հարցը ակտուալ չի դառնում մոտավորապես այսպիսի պատկեր է։

Զինծառայողների դեպքում շատ ակնհայտ է, որ իրենք շատ-շատ մենակ են զգում իրենց այս ամենի մեջ, որովհետև երբեմն լինում է, որ իրենք ինչ-որ բաներ են տեսնում, որ միայն իրենք են տեսել կամ ոչ ոք չի եղել իրենց փրկելու համար, իրենք են իրենց դուրս հանել այդ մղձավանջային վիճակներից: Զինվորական ծառայության ժամանակ, առհասարակ, իսկ պատերազմում՝ հատկապես, զինվորի անհատականությունն անտեսվում է, համարվում է, որ իրենք սովորական զինվորներ են, բոլորը հավասար են, իրենց սուբյեկտիվությունը ոտնահարվում է, արժեզրկվում է։ Իրենց հոգեկան ապրումները, հույզերը, զգացմունքները չեն կարևորվում, անտեսված են: Մինչդեռ հոգեկան տառապանքը հենց սուբյեկտիվության տառապանքն է: Այս դեպքում մեր՝ հոգեբանների դերը նրանց կյանքի այդ սուբյեկտիվ կողմն ինչ-որ ձևով ակտիվացնելն է, արժևորելը, դրա մասին հոգ տանելն է՝ ցույց տալով, որ կա մեկը, որ իրենց կարող է ուղեկցել իրենց ծանր ապրումների մեջ, որ կա մեկը, որ պատրաստ է լսել ցանկացած բովանդակություն, որը զինվորը հարկ կհամարի պատմել: Բայց վիրավոր զինվորների դեպքում էլ երբեմն տղաները չեն ուզում խոսել՝ ասելով, որ «դա պատմելու բան չէ», կամ ուղղակի՝ «հոգեբանի կարիք չունենք»։ 

Դա կարո՞ղ է պայմանավորված լինել նաև ներկայիս շոկային վիճակով, որի մասին խոսեցիք՝ ասելով, որ այդ կարիքը այս ամենից հետո կզգացվի։

Այո, և իսկապես հոգեբանի մասնագիտական աջակցության կարիքը ավելի սուր կդրվի պատերազմից հետո, պատերազմի այս վերապրումներից, մոբիլիզացիայից, շոկից հետո, երբ որ այսպես ասած՝ գոյության հարցը, մեծ հաշվով, լուծված կլինի, այդ ժամանակ արդեն մարդիկ կսկսեն անդրադարձ կատարել անցածին, ապրումին, որովհետև հոգեբանը հիմնականում անցյալի հետ է աշխատում։

Պատերազմը բազմաթիվ մասնակիցներով բարդ պրոցես է ու թվում է, թե այն առավելապես պիտի խոցի դրա անմիջական մասնակիցներին, բայց դրա հոգեբանական ազդեցություններից ոչ պակաս տուժում է նաև պատերազմի մասին տեղեկատվական աղբյուրներից պատկերացում կազմող հասարակության յուրաքանչյուր անդամ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Իրականում շատ երկատված վիճակ էմի կողմից մեզ թվում է, որ մենք ինֆորմացիոն հոսքի տարափի մեջ ենք, մյուս կողմից ոչ մի կոնկրետ ինֆորմացիա էլ չունենք։ Երկուսն էլ ուժեղ սթրեսածին գործոններ են, որովհետև երկուսն էլ անորոշություն են առաջացնում, իսկ անորոշությունը միշտ տագնապի, դեստրուկտիվ ֆանտազիաների աղբյուր է։ Դրա համար երբեմն ասում են, որ թիկունքում գտնվողների համար ավելի ծանր է, քան հենց տեղում կռվողի, որովհետև կռվողի համար դա նյութական իրականություն է, իսկ մեզ համար՝ երևակայվող իրականություն։ Դրա համար շատ կարևոր է, ինչպես հոգեբաններն են ասում, պահել մեր հոգեհիգիենան, որ կարողանանք պաշտպանել մեզ և մեր շրջապատին այդ տեղեկատվական հոսքից և իրավիճակի մասին մեր սեփական պատկերացումներից, որոնք երբեմն կարող են շատ ծայրահեղ լինել։ Զգույշ է պետք լինել հատկապես հասարակության այն անդամների հետ, ովքեր հարազատ ունեն սահմանին կամ ովքեր անմիջապես կապված են իրավիճակի հետ, որովհետև մենք կարող ենք շատ հեշտությամբ իրենց ևս խոցել մեր տագնապով, մեր հարցերով։ 

Ի՞նչ ախտանիշներ են նկատվում մարդկանց տարբեր խմբերի մոտ նման իրավիճակներում։

Տարբեր ախտանիշներ կարող են լինել, շատ անհատական են դրսևորումները։ Ամեն ինչ կախված է նրանից, թե պատերազմը մարդու համար սուբյեկտիվորեն ինչ սիմվոլիկ նշանակություն ունի, որովհետև փորձառու զինվորականի համար պատերազմը մի բան է, երեխայի համար լրիվ այլ բան է, կնոջ համար, որի ամուսինը պատերազմում է, լրիվ այլ նշանակություն ունի։ Այսինքն, կախված է նրանից, թե պատերազմը մարդու սուբյեկտիվ պատմության մեջ ինչպիսի հոգեկան բովանդակություններ է ակտիվացնում՝ անգիտակցական տեսանկյունից, սոցիալական տեսանկյունից։ 

Բայց եթե խոսենք զուտ պատերազմի՝ որպես տրավմատիկ իրադարձության մասին, ապա դրա արդյունքում հոգեբանական մակարդակում կարող են առաջանալ տարբեր ինտենսիվությամբ տագնապներ, կպչուն վախեր։ Որոշ իրադարձություններից հետո նույնիսկ հետտրավմատիկ սթրեսային խանգարում, որ դրսևորվում է , օրինակ, քնի խանգարումներով, քնած ժամանակ արթնամղձավանջներով (flashback), տրավմատիկ իրավիճակի մասին վերհուշներով, այդ իրավիճակը հիշեցնող ամեն բանի հանդեպ ծանր հուզական ապրումներով, գերզգոնությամբ և այլն։ Բացի այդ, հոգեկան տրավմայի արդյունքում կարող են առաջանալ փսիխոսոմատիկ կամ հոգեմարմնական դրսևորումներ, երբ հոգեկան կոնֆլիկտը կամ հոգեկան վերապրումը այնքան ուժեղ ու ինտենսիվ է, որ հոգեկանը չի կարողանում այն վերամշակել ու անցում է կատարվում մարմնական դրսևորումների։ 

Ինչպիսի՞ ազդեցություն այն կարող է ունենալ հասարակության այն անդամների վրա, որոնք պատերազմի տրավմատիկ ազդեցության ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված կրողներն են։

Կարող են լինել հավաքական ոչնչացման մասին ֆանտազիաներ, սոցիալական տագնապներ՝ ապագայի հետ կապված, երկրին ընդհանուր վտանգ սպառնալու հետ կապված ապրումներ, ափսոսանք կամ անապահովության զգացում, անպաշտպանության զգացում, որովհետև ընտանիքը, տունը, քաղաքը, երկիրը, պետությունը, դրանք բոլորը մեր պաշտպանիչ թաղանթներն են։ Երբ այդ թաղանթներն ինչ-որ ձևով վտանգվում են կամ սպառնալիքի տակ են առնվում, այս պարագայում նաև «պատռվում» են (պետական սահմանն ինքնին պաշտպանիչ թաղանթի փոխաբերություն կարող է լինել մեր հոգեկանի համար, որի հանդեպ բռնություն է կիրառվում), ահա այդ ամենն այդպիսի խիստ ուժգին ապրումներ կարող է առաջացնել։

Իսկ այն սերնդի համար, որը մեկ անգամ արդեն անցել է պատերազմի միջով, ինչո՞վ կառանձնանա այդ ապրումը։

Կարծում եմ՝ դրանք լրիվ տարբեր պատերազմներ են, չնայած թշնամու կերպարը նույնն է։ Սերունդների հետ կապված էլի շատ բազմագործոն պահ կամեր սերունդը, ինձ թվում է, ավելի պատրաստված է պատերազմին, որովհետև դպրոցից սկսած մենք այդ կանխատեսումը ունեցել ենք, որ պատերազմ կլինի կամ կարող է լինի։ Մեզնից ավագ սերնդի կամ ավելի վաղ սերնդի համար 90-ականների սկզբի պատերազմը գուցե ավելի անակնկալ էր, իսկ տրավման հենց որոշվում է անակնկալության աստիճանով, հանկարծակիության, անկանխատեսելիության աստիճանով, որովհետև դրա մեջ է վտանգի, սպառնալիքի ու անապահովության լիցքը։ Որքան կանխատեսելի է դեպքը, այնքան պակաս տրավմատիկ է այն։ Այս իմաստով դժվար է ասել եթե առաջին պատերազմի ժամանակ մարդիկ ինչ-որ տրավմաներ են ապրել, ապա դրանք կարող են վերաակտիվանալ, ակտուալանալ, վերածվել ռետրավմատիզացիայի, և կարող է հակառակը լինել՝ մարդիկ ավելի քիչ խոցելի դառնան։ 

Թվում էր, որ ցեղասպանության թեմայի մասին արդեն անցյալով էինք խոսում, որ արդեն հին թեմա է, որ պետք է ապագայից ավելի շատ խոսենք, բայց կարծես թեման էլի արդիական դարձավ։

Հոգեբաններն այս երևույթն անվանում են «տելեսկոպաժ»։ Երբ ինչ-որ բանի մասին մեր երևակայական պատկերացումները, կանխատեսումները, մտքերը դառնում են իրական դեպք, նյութական արժեք են ստանում։ Դա մտքի ամենակարողության զգացողություն է տալիս, և այդ երևույթը շատ ուժեղ տրավմատիկ լիցք է ստանում։ Էստեղ, փաստորեն, նաև այսպես ասած՝ հավիտենական վերադարձի պահը կա ստացվում է, որ կան բաներ, որոնք մեզ պատմության մեջ համառորեն հետապնդում են, սա բավականին ուժեղ պարանոյիկ վախի աղբյուր է, հետապնդման փորձառություն: Ստացվում է, որ կան հիշողություններ, որոնք մենք մեզանից հեռացնում ենք, բայց միևնույնն է՝ դրանք ինչ-որ պահի մեզ հանդիպում են իրականության մեջ։ Եվ կարծես դատապարտվածության իրավիճակում ենք հայտնվում:

Ի դեպ, պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին խոսակցություններում ներկայիս պատերազմը ավելի շուտ ասոցացվում է ցեղասպանության հետ, ինչպե՞ս է կոլեկտիվ հիշողությունը այս պարագայում աշխատում։ 

Այո, էստեղ տարածքի, քաղաքի, գյուղի հարց չէ, սա մեր գոյության, կյանքի իրավունքի, ապրելու իրավունքի հարցն է, ու հենց դա խոսում է այն մասին, որ մենք ցեղասպանության վերապրումն ենք հիմա ունենում։

Կարո՞ղ ենք ասել, որ դա է նաև մարդկանց այս համընդհանուր մոբիլիզացիայի պատճառներից մեկը։

Այո-այո, միանշանակ։ Դրա համար կարևոր է հասկանալ, թե պատերազմ ասելով մենք ի՞նչ ենք հասկանում, հենց այդ սուբյեկտիվ պատկերացումը պատերազմի մասին նաև այս իմաստով է կարևոր, որ մեզ համար՝ սուբյեկտիվորեն, սա ցեղասպանությունից փրկվելու պայքար է, էդպես սովորական պատերազմ ասվածը չէ։

 

Հասմիկ Կնյազյան,
Հետք Մեդիա Գործարան

Լուսանկարը՝ Բուն TV-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter