HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անսարք UPS–ները վերապրոֆիլավորում, ուղարկում են Արցախ․ 12 վոլտ հոսանքից ստանում են 220 վոլտ   

Երևան քաղաքի «Պռոշյան 12» հասցեում եռուզեռ է։ Այստեղ կանգնող մեքենաներից իջնում են մարդիկ՝ ձեռքներին հոսանքի անխափան սնուցման սարքեր (UPS): Մտնում ենք պարսպապատ տարածք և տեսնում բացօթյա արդադրամաս։ Մարդիկ, խմբերով նստած, քանդում են անսարք UPS–ները և դրանց երկրորդ կյանք տալիս։ Անսարք UPS–ները վերապրոֆիլավորման արդյունքում 12 վոլտ հոսանքը վերածում են 220 վոլտի։ Նորացված սարքերը պատրաստ լինելուն պես ուղարկվում են Արցախ՝ ռազմաճակատ։

Սնուցման սարքերին երկրոդ կյանք տալու միտքը ծագել է Դավիթ Դերձյանի և նրա երկու ընկերների գլխում։ Սկզբում իրենք են փորձել սնուցման սարքերը վերափոխել և շահագործել, ապա դիմել են կամավորների։ 100 հոգուց բաղկացած արհեստանոց է ստեղծվել։ Խափանված UPS–ները տրամադրում են անհատները, ընկերություններն ու պետական հաստատությունները։

«Բոլորը փորձում են մասնակից լինել, քանի որ այն սարքավորումները, որոնք մենք ենք օգտագործում, արդեն չօգտագործվող սարքավորումներ են և փաստացի երկրորդ կյանք ենք տալիս ու ավելի կարևոր նշանակություն։ Վերամշակման մի տարբերակ է, իրականում նաև կանաչ գործունեություն ենք ծավալում, որ այս ամենը ոչ թե գնում է աղբանոց, այլ դառնում է պիտանի սարքավորում»,– նկատում  է Կարեն Դերձյանը։

Մոտ 1500 հատ սարք արդեն պատրաստել և ուղարկել են Արցախ։ Այնտեղ մեքենայի մարտկոցի 12 վոլտ հոսանքն այդ սարքերով վերածում են 220 վոլտի։ Քանի որ այս նախաձեռնությունն ինքնաբուխ է, սարքավորումները հատուկ փորձարկումներ չեն անցել, եղել են որոշակի թերություններ, որոնք արագ շտկվում են։ Անսարք UPS սարքերն արդեն դասակարգում են մինչ վերապրոֆիլավորելը։ Կարեն Դերձյանն ասում է, որ պրոցեսը շատ բարդ չի, սակայն պահանջում է որոշակի հմտություններ։ Օրինակ՝ զոդման, հոսանքի հետ աշխատելու որոշակի փորձ, որոշակի մասնագիտական կրթություն էլ անհրաժեշտ է թեստավորման համար։

Մի քանի օրվա ընթացքում կամավորներն այնքան են հմտացել, որ հոսքագծով են աշխատում։ Տեսակավորումն արվում է մի կետում, ապամոնտաժումը՝ մյուսում, զոդման կետն առանձին է, որից հետո թեստավորման խումբն է աշխատում։

Կամավոր Հայկ Կարապետյանը հոսքագծրի նախավերջին հատվածում է։ Ամրակներն է ամրացնում արդեն գրեթե պատրաստի սարքին և փոխանցում վերջնական զոդում կատարող խմբին։ Նա մի քանի օր է, ինչ միացել է այս նախաձեռնությանը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում է կարդացել կամավորների մասին հայտարարությունը և շտապել է միանալ թիմին։ «Դժվար բան չկա, կարող են գալ և օգնել»,– ասում է Հայկը։

Նախաձեռնության անդամները օրական 500 UPS-ի նոր կյանք են հաղորդում։ Թե որքան կտևի այս աշխատանքը, դժվարանում են ասել։

Մեկնաբանություններ (1)

Հայկ
պ Դերձյան , դպրոցների ֆիզիկայի լաբորատորիաներում կան ուղղիչներ՝220Վ֊ը12Վ դարձնող, որոնք կարող եք փոխակերպել։ֆիզիկայի ուսուցիչներին դիմել եմ, կարող են տրամադրել, ասեք ինչպես տարբեր մարզերից հասցնել ձեզ, գրեք հեռախոսահամար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter