HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտը մեզ, Մեջլումյանը Ձեզ»

Մարտի 23-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ հանրային քննարկման ենթարկվեց «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը», որի դեմ «Փրկենք Թեղուտը» կարգախոսով մշակույթի կենտրոնի բակում  ցույցի էին դուրս եկել Թեղուտի պաշտպանության խմբի անդամները:

«Թեղուտը ժողովրդինն է», «Թեղուտը մեզ, Մեջլումյանը Ձեզ». այս և այլ կարգախոսներով ցուցարարները դիմավորցին քննարկման մասնակիցներին, մասնավորապես «Վալլեքսի» ղեկավարներին:

«Հայաստանի կառավարությունը հանքահանություն է իրականացնում, և ազգային հարստությունը գրոշներով օտարում են: Հայաստանի իշխանությունը վարում է ոչ ադեկվատ վարք: Օրախնդիր է լուծում, երկարաժամկետ զարգացումները իրենց չեն հետաքրքրում»,- ասում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, ցուցարար Լևոն Բարսեղյանը:

Լևոն Բարսեղյան Խոսում է Հակոբ Սանասարյանը

Լևոնը Հայաստանի 29 հազար քկմ-ի վրա 470 հանքարդյունաբերական լիցենզիան համարում է չափազանց մեծ խտություն: Քննարկումը բացելով` բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը հայտարարեց, որ այս ֆորմատով Թեղուտի հանքավայրի ծրագրի քննարկում չի եղել. «Քննարկմանը մասնակցում են  շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր որոշումներ են ընդունում: Նրանք նախապատրաստվել են, որպեսզի Ձեզ հետ կարողանան այդ հարցերի պատասխանները քննարկել»,- ասաց բնապահպանության նախարարության պատասխանատուն:

Քննարկմանը ներկայացվեցին Թեղուտի հանքավայրի շահագործման տնտեսական օգուտներն ու վնասները, այդ թվում` բնապահպանական սպառնալիքները: «Վալլեքս» խմբի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում էին հիմնավորել Թեղուտի հանքավայրի շահագործման տնտեսական շահավետությունը: Ընկերության  հասարակայնության և լրատվության հետ կապերի ծառայությունը տեսանյութի միջոցով քննարկման մասնակիցներին մատուցեց  հանրության մտահոգությունների իր մեկնաբանությունները. «Թեղուտի ծրագիրը իրենից ներկայցնում է 350 մլն դոլարի ներդրում, 200 մլն դոլարի արտադրության ծավալների աճ: Ծրագրի իրականացման համար «Վալլեքսի» ներդրումային ծախսերը այս պահին կազմում են 130 մլն դոլար: Այս պահի դրությամբ հատվել է 75 հա անտառ»,- ասաց «Վալլեքսի» մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը:

Ծրագրի իրականացման տնտեսական պահանջարկը ընկերությունը ներկայացնում էր աշխատատեղերի հանրային պահանջի ֆոնի վրա: Ծրագիրը հնարավորություն կստեղծի Ալավերդու պղնձաձուլական գործարանի մոդեռնիզացման համար, որը կապահովի նոր աշխատատեղեր: Ծրագրին համընթաց «Վալլեքսը» կիրականացնի հյուրանոցային գործ և զբոսաշրջություն: Թեղուտում ընկերությունը կզբաղվի նաև փիրուզի վերամշակման արտադրությամբ, քանի որ այստեղ կա նաև փիրուզի հանքավայր: Վերջինիս մակաբացման ապառների շերտում կա մոտ 350 000 խմ հանքաքար` 100 տոննա փիրուզի պաշարով: Սա նշանակում է, որ 150 մարդ ևս կունենա աշխատատեղեր: Ընկերությունը ակնկալիքներ ունի օքսիդացված հանքաքարի պաշարների վերամշակման ուղղությամբ. Թեղուտի ծրագրերի խոշորամասշտաբ իրականացումը «Վալլեքսի»-ի համար կդառնա հենակետ Ղարաբաղում հանքարդյունաբերության ոլորտը զարգացնելու համար: Ընկերության ներկայացուցիչները  չբարձրաձայնեցին Թեղուտի ծրագրի  իրականացման բնապահպանական վնասները: Այդ մասին խոսեցին  ներկա ՀԿ-ների ղեկավարները:

Վերջններիս ելույթներից պարզվեց, որ կառավարությունը վաղուց քաջատեղյակ է Թեղուտի ծրագրի հանրային ահազանգներին, սակայն դրանք տարիներ շարունակ լուծումներ չեն ստացել կառավարության կողմից:

«Կանաչների միություն»  ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը Թեղոտի  ծրագրի կսրևոր թերություններից մեկը համարեց ծրագրի նախագծի և ՇՄԱԳ-ի անհամապատասխանությունը: Ծրագիրը առաջին փուլում նախատեսում է հանքահանություն 28.5 տարվա համար: «Ջրային համակարգին, հողին, անտառային համակարգերին հասցված վնասը հաշվառված է ընդամենը 8 տարվա հաշվով»,- ասաց Հ.Սանասարյանը: Նա հայտնեց, որ 2008թ.-ի հուլիսի 20-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ այս հարցը բարձրացվել է: Քննարկման արձանագրության մեջ գրված է. «Անհրաժեշտության դեպքում միջազգային  փորձագետների մասնակցությամբ իրականացնել հանքահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննություն 25 տարիների համար: Նույն խորհրդակցությունում վարչապետի կողմից հանձնարարվել է մինչև 2008թ.-ի տարեվերջը Թեղուտի հանքավայրի շահագործման 25 տարիների համար հանքահանման ՇՄԱԳ-ի փորձքննության նյութերը տրամադրել ՀԿ-ներին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ անաչառ  փորձաքննություն կատարելու համար»:

Հակոբ Սանասարյանը գտնում է, որ այս հանձնարարությունից հետո 2005թ.-ի ՇՄԱԳ-ն այլևս գոյություն չունի: Ծրագրի տնտեսական իր գնահատականում Հակոբ Սանասարյանը նշեց, որ պետությունը բաց հանքի 240 հա տարածքը «Վալլեքս» խմբի ընկերությանը տվել է 1քմ-ն 2,8 դրամով, իսկ պոչամբարի տարածքը, որը նույնպես հավերժորեն դուրս է  գրվում ՀՀ հողային շփումներից, 1 քմ գնահատված է 22,4 դրամ:

«Եթե առաջին փուլում 25 տարիների ընթացքում պետք է վերամշակվի 175 մլն տոննա հանքաքար, դրանից 172,8 մլն տոննան պոչանք է լինելու և լցվելու է «Խառատանոց», և դրա համար ոչ մի կոպեկ պետական գանձարան չի մտնում: Ընդհանրապես Հայաստանում պոչանքները չեն մտնում հարկման դաշտ» ,-ասաց բանախոսը: Պարզվեց, որ վարչապետի մոտ այս հարցը նույնպես քննարկվել է. «Բնապահպանության նախարարությանը 3 տարի առաջ հանձնարարավեց, որ այստեղ ինչ-որ գործոն լինի: Հարցը նրանք ներկայացրերցին ԱԺ, յուրաքանչյուր 1տ պոչանքի համար գոնե 3 դրամ վճարի առաջարկությամբ: Հավանաբար ԱԺ-ում կային շահագրգիռ մարդիկ, ովքեր օգուտներ ունեին, առաջարկված 3 դրամը դարձրել էին 1 դրամ»,- ասաց Սանասարյանը:

Թեղուտի ծրագրի բնապահպանական ռիսկերի մասին իրենց տեսակետները ներկայացրեցին նաև մյուս ՀԿ-ների ղեկավարները, ովքեր ով գիտե հայրենի կառավարությանը քանիերորդ անգամ էին ահազանգում ծրագրի իրականացման հետևանքով մեծ ծավալի անտառահատումների վտանգների, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված թռչունների վերացման մասին: 

Քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պատասխանեց «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը: 

Ի՞նչ կտա և ի՞նչ նպատակ էր հետապնդում վարչապետի  որոշմամբ մարտի 23-ին Թեղուտի ծրագրի հետ կապված քննարկումը հանրությանը այն դեպքում, երբ Թեղուտում արդեն ամիսներ շարունակ ընթանում են հանքի մակաբացման աշխատանքները: Հարցը հետաքրքրում էր քննարկման շատ մասնակիցների, որոնք այդպես էլ չստացան դրա պատասխանը:  

Մեկնաբանություններ (1)

Maga
Նորմալ հոդված էր, բայց վերնագրում օգտագործված լոզունգն ապուշություն էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter