HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դպրոցը մնաց վերևում, մնաց թիրախի մեջ». վտանգված է արցախցի երեխաների կրթության իրավունքը

Երևանի բակերից մեկում մի քանի օր է մի երեխա է շան հետ զբոսնում: Նորեկի հետ զրույցի բռնվել չի ստացվում. տարիքին ոչ համապատասխան լուրջ է ու լուռ: Հարցերին պատասխանում է կարճ ու արագ ու միայն շան հետ խաղալիս է դեմքին մանկական անհոգություն ու չարաճճի ժպիտ հայտնվում: Ավելի ուշ երեխայի մայրը պատմում է, որ Ստեփանակերտի հրետակործությունից օրեր անց Երևան են տեղափոխվել՝ վերցնելով փաստաթղթեր, ամենաանհրաժեշտ մի քանի իր ու հագուստ: Երեխան՝ իննամյա Կարինեն, դպրոց չի հաճախում, ինքնամփոփ է դարձել, «կարծես ուրիշ մարդ լինի»: Թե ստեփանակերտցի փոքրիկի ընդհատված ուսումը երբ կշարունակվի, պարզ չէ, քանի որ ընտանիքը Երևանում երկար չի մնալու, դեռ չգիտեն՝ ուր, բայց էլի են տեղափոխվելու։ «Երանի՜ կարողանայինք տուն գնալ»,-արցունքները մի կերպ զսպելով՝ ասում է Կարինեի մայրը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության շուրջ 90 հազար բնակիչ ստիպված լքել է տները՝ տեղափոխվելով Արցախի կամ Հայաստանի այլ բնակավայրեր: Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ զեկույցի համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են ավելի քան 130 քաղաքացիական բնակավայր, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է հազարից ավելի ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ, այդ թվում՝ մի քանի տասնյակ կրթական հաստատություններ: ԱՀ մարդու իրավունքների գրասենյակն ահազանգում է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել է 217 դպրոց և 60 մանկապարտեզ, 24 հազարից ավելի  աշակերտ էլ դպրոց չի հաճախում:

Որքան էլ պատերազմի ժամանակ այլ, առավել կենսական առաջնահերթություններ կան, չի կարելի մոռանալ, որ կրթության հասանելիությունը երեխաների ամենակարևոր  իրավունքներից է՝ ամրագրված երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայով և տեղական Սահմանադրություններով, իսկ դրա բացթողումը երեխաների ապագայի վրա աղետալի հետք կարող է թողնել: Մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ասում է, որ եթե երեխաները մնում են առանց դպրոցի, ապա նրանց սպառնում է չքավորություն, որը կարող է ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում:

Ստեփանակերտ. երեխաները դժվարությամբ են շեղվում պատերազմից

Նարինե Վարդանյանը Ստեփանակերտից պատմում է, որ սեպտեմբերի 27-ին կրակոցների ձայներից է արթնացել. «Արթնացա 7:20: Հինգ, վեց, յոթ... գուցե ավելի շատ «գըմփոցներից»: Նախորդ օրը քաղաքի տոնն էր եղել, հրավառության ձայներին էին նման: Բայց ես, երևի, պատերազմի մեջ շատ եմ ապրել, միանգամից հասկացա: Հետո հարևաններն ասացին՝ լայնամասշտաբ պատերազմ է, հետո արդեն պատուհանիցս տեսա, թե ինչպես են 10-15 երեխա վազում դեպի ապաստարան: Հետևեցի նրանց: Պատերազմը տեղափոխեցինք նկուղային հարկեր: Դպրոցը մնաց վերևում, մնաց թիրախի մեջ: Հետո ապաստարաններում եղան երեխաներ, ում հետ փորձեցի խոսել, խաղալ, դասերը... Ասում էին՝ իմ ուշք ու միտքը պապաս ա: Ու դժվար էր համոզել, որ սովորեն»: Նարինեն ասում է, որ երեխաներին անվտանգ վայրեր տեղափոխելուց հետո նրանց մի մասը սկսեց հաճախել դպրոցներ, մի մասն այդպես էլ չի ուզում կամ չի կարողանում: Շատերն ուղղակի հույս ունեն, որ պատերազմը շուտ կավարտվի, ու իրենք հետ կգնան իրենց համայնքներ:

Քարվաճառ. «մենք կրթական ոլորտում արդեն խնդիր ունեինք` համավարակի պատճառով»

Թամարա Գրիգորյանը Քարվաճառի «Վիկիակումբի» համակարգողն է, բացի այդ` քարվաճառցի փոքրիկներին անգլերեն է սովորեցնում: Նա ծնունդով Վանաձորից է, Երևանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո ամուսնու հետ տեղափոխվել է Քարվաճառ՝ համոզված լինելով, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումը ռազմավարական նշանակություն ունի։

Պատմում է, որ կրթության առումով ստեղծված իրավիճակը է’լ ավելի է բարդանում համավարակի պատճառով: Տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով նախորդ ամիսներին հեռավար դասեր լիարժեք կազմակերպել չի հաջողվել, և շատ առարկաների ուսուցիչներ դեռ նախորդ կիսամյակի բացթողումները լրացնելու խնդիր ունեին. «Երեխաները մարտ ամսից թե՛ դպրոցի դասերը, թե՛ մյուս պարապմունքները (որոնք հնարավոր էր) պարապում էին առցանց` համավարակի պատճառով: Սեպտեմբերի 14-ից սկսել էինք հակահամաճարակային կանոնները պահելով դպրոցում վերսկսել դասերն ու պարապմունքները: Երեխաները շատ կարոտած ու սիրով էին հաճախում թե՛ դասերին, թե՛ արտադպրոցական խմբակներին:  Օֆլայն մեր դասերը, սակայն, տևեցին միայն 2 շաբաթ»:

Թ. Գրիգորյանը մեզ ծանոթացնում է աշակերտներից մեկի՝ Լենա Ղազարյանի հետ, որը նույնպես այս պահին զրկված է դպրոց գնալու հնարավորությունից: Ավարտական դասարանի աշակերտուհի Լենան դպրոցի բացը փորձում է ինքնակրթությամբ լրացնել՝ «վիկիպեդիա» առցանց հանրագիտարանում հոդվածներ է խմբագրում, ընթերցանությամբ զբաղվում, երբեմն էլ կամավորական աշխատանքներ կատարում կամ փորձում է ընկերներին ինֆորմացիոն հոսքերի հետ աշխատելու հարցում օգնել, որպեսզի վերջիններս սխալ տեղեկություններ չտարածեն: Լենան պատմում է, որ թեև իր ընկերների զգալի մասն արդեն դպրոց է հաճախում ժամանակավոր բնակության վայրերում, սակայն « [...] կան ու շատ կան դեպքեր, երբ տարբեր պատճառներով, որքան էլ երեխան ուզում է սովորել, ինչ-որ բաներ խանգարում են: Կան երեխաներ, որ նոր միջավայր չեն ուզում ընկնել, կան երեխաներ, որ հույս ունեն՝ շուտ կվերջանա պատերազմը կամ մոտ մարդ են կորցրել, դպրոց գնալու տրամադրություն չունեն: Ծանոթ եմ նաև մի քանի դեպքերի, երբ, օրինակ, քննական դասարանի աշակերտները ձեռք են բերում շտեմարաններ ու աշխատում (իրականում հաճախ են դժվարանում, ամեն դեպքում առանց ուսուցչի են)»։

Բերդաշենցի աշակերտների ընդհատված ծրագրերն ու երազանքները

Շուշան Մանուկյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ուսուցիչներից է, դասավանդում է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում: Սեպտեմբերի 27-ին, կիրակի օրը, աշակերտների հետ պիտի հավաքվեին և համայնքի հնարավորությունները վեր հանելուն ուղղված պլան մշակեին: Առաջիկայում ծրագրված էր օլիմպիադայի նախապատրաստող խմբակ ստեղծել, ու կային դասարաններ, որի բոլոր աշակերտներն արդեն գրանցվել էին։ Գրանցվել էին նաև հոկտեմբերի 2-ին կայանալիք մի առցանց մշակութային միջոցառման։ «Անհամբեր սպասում էին, հղումն էին ճշտում»,- ասում է Շուշանը։

Սակայն պատերազմը ջնջեց բերդաշենցի աշակերտների բոլոր պլանները, բազմաթիվ ծրագրեր իրագործելու փոխարեն Շ. Մանուկյանն այժմ բանակցում է երեխաների հետ, որ ժամանակավոր բնակության վայրերում դպրոց հաճախեն։ «Հիմա իրենք դպրոց գնալ չեն ուզում։ Բանակցում եմ ամեն օր, խնդրում, համոզում, ասում, թե այստեղ դպրոց գնալու դեպքում ինչ առավելություն կունենանք, երբ հետ գնանք, բայց... Կարծում եմ՝ այստեղ դպրոց գնալն իրենց մեջ սպանում է շուտ հետ գնալու երանելի ցանկությունը։ Կամ, գուցե վախենում են նոր սթրես հաղթահարել, ընտանիքից հեռու հիմա էլ թեկուզ կարճ ժամանակով քույր-եղբայրներից հեռու լինել։ Շատ պատճառներ կան, բայց մի մասն արդեն գնում Է դպրոց. հիմա էլ փորձում ենք նոր դպրոցին ադապտացվել»։

Փորձագետ. Մենք գործ ունենք տրավմայի ենթարկված երեխաների հետ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հայաստանի թե՛ պետական և թե՛ մասնավոր դպրոցները Արցախից ժամանած երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում: Մի շարք մասնավոր դպրոցներ հոկտեմբերի սկզբին հայտարարություն տարածեցին այն մասին,  որ պատրաստ են ընդունել Հայաստան ժամանած աշակերտներին` ապահովելով վերջիններիս անվճար կրթությունն ու կրթության անընդհատությունը: Չնայած այս հանգամանքին, հազարավոր երեխաների կրթությունը կազմակերպել առայժմ չի ստացվում: Սերոբ Խաչատրյանը հատկապես տարրական դասարանի աշակերտների դպրոց չհաճախելն է մտահոգիչ համարում, քանի որ առաջինից չորրորդ դասարաններում ձեռք բերած գիտելիքները երեխաների համար որոշիչ նշանակություն ունեն: Ըստ նրա՝ այդ տարիքում երեխաները սովորում են բաներ, որոնց բացթողումը կարող է աղետալի լինել: Կրթության փորձագետն ասում է, որ  այս իրավիճակը նաև հնարավորություն է, որ արցախցի երեխաներն անցնեն հեռավար կրթության: Սակայն փորձագետն ընդգծում է, որ պատերազմ տեսած դպրոցականների կրթությունը կազմակերպելիս պետք է նրանց հոգեբանական վիճակը հաշվի առնել, չի կարելի մոռանալ, որ նրանք տրավմա ստացած երեխաներ են:

Հոգեբանական խնդիրների հաղթահարման մասին են խոսում նաև Արցախի ուսուցիչները: Շուշան Մանուկյանն ասում է, որ երեխաներն այլևս նույնը չեն լինի: Ըստ Շ. Մանուկյանի՝ երեխաներն ինչքան էլ գիտակցեն, որ պիտի ուժեղ լինեն, մեկ է, երեխաներ են, ու կարիք չկա ասել, որ պիտի լավ սովորեն կամ չտխրեն: Նարինե Վարդանյանը հավելում է. «Հազարավոր երեխաների ուսումն ընդհատվեց ու դրա հետ՝ կյանքի նորմալ հունը, մտքերը, ապրելակերպը: Մենք ամենաշատը այս երեխաների հոգեկան աշխարհը վերականգնելու կարիքն ենք ունենալու, բայց դա հետո, հաղթանակից հետո»:

Գլխավոր լուսանկարը՝ Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter