HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բանկերը հնարավորություն կստանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները

Բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները:

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որը վերաբերում է ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություններին:

Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ում խոսքով՝ առաջարկվում է բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն ընձեռել առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները, ընդ որում՝ ոչ միայն տույժ տուգանքները, այլև վարկի մայր գումարները:

«Նախագիծը նպատակ ունի ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները ներել, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ»,-ասաց փոխնախարարը:

Արման Պողոսյանի խոսքով` նման հնարավորություն է տրվելու նաև անհատ ձեռնարկատերերին և նոտարներին: Քանի որ վարկերի ներումը կարող է առաջացնել հարկային հետևանք` եկամտի հաշվեգրում, հետևաբար նաև՝ եկամտային հարկի փոխանցում բյուջե, առաջարկվում է վարկի ներվող գումարները դիտարկել որպես նվազեցվող եկամուտ, որպեսզի բանկերն ազատվեն եկամտային հարկ վճարելուց:

Նախագիծը հնարավորություն է տալու ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկեց հիմնական զեկուցողին պարզաբանել, որ նախագիծը ոչ թե նրա մասին է, որ անպայման բոլոր վարկերը ներվելու են, այդ իրավասությունը տրվելու է բանկերին, և հենց վերջիններս են որոշելու` վարկային պարտավորությունները ներվելու են, թե՞ ոչ:

«Ես վերահաստատում եմ այն, ինչ Դուք ասացիք, սա հնարավորություն է բանկերին ու վարկային կազմակերպություններին, որ առանց հարկային հետևանքների կարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած և իրենց փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները»,-արձագանքեց Ֆինանսների փոխխնախարարը: Արման Պողոսյանը նաև հայտնեց, որ արդեն իսկ կան բանկեր, որոնք, չսպասելով այս նախաձեռնությանը, որոշ անձանց վարկեր ներել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter