
ԿԽՄԿ. «Տրամադրել ենք դեղամիջոցներ և վիրակապեր վիրավորներին բուժելու համար»
«Հետք»-ը զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանի հետ՝ կոմիտեի արած աշխատանքների ու անելիքների մասին:
ԿԽՄԿ-ն Երևանում, Բաքվում պատվիրակությունների և Արցախում (Լեռնային Ղարաբաղ) առաքելության միջոցով հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ հակամարտող կողմերի միջև` առաջնային մարդասիրական հարցերի շուրջ։ Սեպտեմբերի վերջին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրացմանը զուգընթաց ԿԽՄԿ-ն մարդասիրական կարիքներին արձագանքելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու իր ծառայություններն է առաջարկել կողմերին։ ԿԽՄԿ-ն չի ներգրավվում քաղաքական բանակցությունների մեջ։
-Տիկի'ն Մուսայելյան, ի՞նչ աշխանքներ է իրականացրել այս օրերին ԿԽՄԿ-ն։
-Մեր թիմերը փորձում են հասնել տուժած համայնքներ՝ տեղում կարիքները գնահատելու համար, սակայն, շարունակվող մարտական գործողությունները դժվարացնում են այս աշխատանքը: Որոշ դեպքերում հաջողվել է պատկերացում կազմել տուժածների քանակի և հակամարտության սրման հսկայական ազդեցության մասին։ Լեռնային Ղարաբաղում տեղական մարմինների տեղեկության համաձայն կան առնվազն 75,000 տուժած անձ` երեխաներ, կանայք և ծերեր, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ տեղափոխվելով ավելի ապահով վայրեր Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչ ազդեցություն ունի այս իրավիճակը մարդկանց եկամտի և վաստակելու հնարավորության վրա: Սա ի հավելումն ամիսներ շարունակ տևող տնտեսական խափանումների՝ պայմանավորված COVID-19 վարակի դեմ պայքարի միջոցներով, ինչպիսիք են՝ արգելափակումները, ուստի մարդիկ իսկապես պայքարում են և շատ դեպքերում օգտագործում են իրենց խնայողությունները, եթե ունենում են:
-Իսկ ի՞նչ եք անում խաղաղ բնակչությանը օգնելու նպատակով։
-Ղարաբաղյան հակամարտության սրացմանը զուգընթաց՝ խաղաղ բնակչությունը շարունակում է կրել բռնությունների ահռելի բեռը։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան օգնելու համար։ Տրամադրել ենք դեղամիջոցներ և վիրակապեր Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում վիրավորներին բուժելու համար։ Փոխանցել ենք հիգիենայի պարագաներ և ուտելիք՝ ապաստարաններում ապրող հարյուրավոր ընտանիքների համար։ Մենք նաև աջակցել ենք Լեռնային Ղարաբաղում մոդուլային պահեստի ստեղծմանը, որը ծառայելու է խաղաղ բնակչության համար սննդամթերք և այլ իրեր պահելու համար։
Քանի որ հակամարտության սրացումը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, մենք ձգտում ենք կատարելագործել դատաբժշկական փորձաքննությունը՝ տեխնիկական և նյութական աջակցության միջոցով: Լեռնային Ղարաբաղի դատաբժշկական փորձաքննության բյուրոյին տրամադրել ենք դիապարկեր, նախատեսված նաև՝ հենց բյուրոյի համար։
ԿԽՄԿ-ն ներկա է տարածաշրջանում 1992 թ.-ից՝ իրականացնելով իր մարդասիրական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ ԿԽՄԿ-ն նաև աշխատում է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին օգնելու ուղղությամբ, այցելում է ազատազրկվածներին։
Մեկնաբանել