
Փախստականին զորակոչի ծանուցագիր են ուղարկել
ՀՀ պաշտպանության նախարար պարոն Ս. Օհանյանին
Կոտայքի մարզի Նոր-Հաճըն քաղաքի Հարավարեւելյան 2/17 հասցեի բնակիչ,
փախստական Նախշուն Խաչատուրյանից
Բաց նամակ
Հարգելի պարոն Օհանյան,
Ձեզ է դիմում Ադրբեջանից փախստական Վլադիմիր Համլետի Խաչատուրյանի մայրը: Ավելի քան 20 տարի որպես փախստական բնակվում ենք Հայաստանում, ունեցել ենք փախստականի կարգավիճակ, ժամանակին որպես փախստական անցել ենք բոլոր հաշվառումները եւ վերահաշվառումները, սակայն 2011 թ.-ի հուլիսի 15-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գ. Եգանյանի կողմից որոշում է կայացվում տղայիս փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ՝ հիմնվելով 2009 թվականից չգործող «Փախստականների մասին» ՀՀ օրենքի վրա:
Այդ որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարանում (վերջնական դատական ակտ դեռ չի կայացվել), ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, տրվել է տղայիս որոշում. նրան տրամադրել փախստականի` ՀՀ-ում այսօր գործող անձը հաստատող փաստաթուղթ՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, մինչ նրա կարգավիճակի մասին վերջնական որոշում կայացնելը:
Սակայն չնայած այդ ամենին` ՀՀ Նաիրիի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Ա. Գեւորգյանի կողմից ստանում ենք անստորագիր, չկնքված ծանուցագիր, որում նա հրամայում է Վլադիմիր Համլետի Խաչատուրյանին 2012 թ.-ի մարտի 26-ին` ժ. 9.00-ին, ներկայանալ զորակոչային տեղամաս, քանի որ նա, համաձայն Հայաստանի Հանրապետության «Զինապարտության օրենքի», ենթակա է զորակոչի:
Որքանով որ ինձ հայտնի է, ՀՀ-ում զինապարտ են համարվում ՀՀ քաղաքացիները, իսկ իմ որդին՝ Վլադիմիր Խաչատուրյանը, չի ստացել ՀՀ քաղաքացիություն: Բացի այդ, ինչու՞ մինչ այս նման հարց չեր ծագել որեւէ մեկի մոտ: Ինչու՞ է ՀՀ Նաիրիի զինվորական կոմիսարը անստորագիր ծանուցագրեր հղում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց: Միթե՞ Հայաստանում բոլոր փոխգնդապետի կոչում ստացած զինվորական կոմիսարներն են այսպես վարվում, թե՞ դա օրենքի պահանջ է:
Խորին հարգանքով վերաբերվելով Ձեր անձին՝ խնդրում եմ Ձեր անմիջական վերահսկողությունը ենթակաների անօրինականությունը կանխելու համար:
Կցվում է ծանուցագրի պատճենը:
Հարգանքով՝
Ն. Խաչատուրյան
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել