HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Azerbaijan Airlines»-ը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին օրերից ակտիվ թռիչքներ է կատարում դեպի Թուրքիա եւ Իսրայել, հատկապես՝ Անկարա եւ Ստամբուլ: Նկատենք, որ եթե Հայաստանը չի փակել օդային տարածքը միջազգային թռիչքների համար, ապա Ադրբեջանում դրանք դադարեցված են, եւ այս երկիր ժամանում են գերազանցապես տեղական ու թուրքական օպերատորները:

«Azerbaijan Airlines»-ի («AZAL») ուղեւորատար ինքնաթիռներն այս օրերին առավելապես մեկնում են Թուրքիա, մասնավորապես՝ Անկարա եւ Ստամբուլ:

Այս ավիաընկերությունն ունի բավականին մեծ ավիապարկ՝ տարբեր տեսակի ու տարողության օդանավերով, որոնց տվյալները հասանելի են aerotransport.org մասնագիտական հարթակում: Թռիչքներին առցանց ռեժիմով հետեւող flightradar24.com կայքի միջոցով ստուգել ենք, թե «AZAL»-ի ինքնաթիռները վերջին մեկ շաբաթում ուր են թռել: Այլեւս հաստատված փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանին զինում է ոչ միայն զենքով, այլեւ վարձկան-ահաբեկիչներով: Այլ հարց է, թե նրանք ինչ օդանավերով են (թուրքակա՞ն, ադրբեջանակա՞ն) հասնում Ադրբեջան:

Ըստ flightradar24.com-ի՝ հոկտեմբերի 14-ից մինչեւ հիմա ադրբեջանական ազգային փոխադրողի 9 օդանավ է չվերթ կատարել, չնայած այս ընկերության պարկը, կրկնենք, բավականին մեծ է:  

Այս ընթացքում Բաքվից դեպի Ստամբուլ են թռել «Boeing 767» տիպի եւ 4K-AZ81 ու 4K-AZ82 գրանցումներ ունեցող ինքնաթիռները: «Airbus A319» տիպի 4K-AZ83-ը կրկին Բաքվից մեկնել է թե՛ Ստամբուլ, թե՛ Անթալիա:

Բաքու-Անկարա-Բաքու թռիչքներ են կատարել «Airbus A340» տեսակի 4K-AZ85 եւ 4K-AZ86 գրանցումներով օդանավերը:

«Airbus A319» տիպի 4K-AZ04-ը եւս Բաքվից թռել է Անկարա, բացի դրանից՝ հոկտեմբերի 23-ին նախատեսված է սրա չվերթը Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ: Իսկ 4K-AZ05-ը, որը նույնպես «Airbus A319» է, արդեն թռել է այս ուղեգծով դեպի Իսրայել:

«Airbus A320» տեսակի 4K-AZ80-ն էլ այս օրերին սպասարկում է Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությունը: Այս թռիչքները կատարելիս օդանավը, հաշվի առնելով պատերազմական ճակատի մոտ լինելը, մեծ կոր է գծում՝ անցնելով իրանական Ռաշտ եւ Թավրիզ քաղաքների վրայով (տես ստորեւ):

Եվս մեկ «Airbus A320» (գրանցումը՝ 4K-AI07), որը բիզնես դասի օդանավ է, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Բաքվից թռել է Գյանջա, ապա այնտեղից ուղեւորվել Անկարա, որտեղից էլ ուղիղ վերադարձել է Բաքու: Թե ում կամ ինչ է տեղափոխել ինքնաթիռը, հայտնի չէ:

Հավելենք, որ բոլոր թռիչքները, բացի Նախիջեւանի չվերթից, կատարվում են Վրաստանի երկնքով: 

Առաջին նկարում՝ 4K-AI07-ի Գյանջա-Անկարա թռիչքը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter