HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հադրութցի Բորիսն օնլայն խանութ է բացել. արդեն 20 հազար հետևորդ ունի, 150 պատվեր է առաքել

Հադրութից Հայաստան տեղափոխված Բորիս Վանյանը Հայաստանում օնլայն խանութ է բացել։ 14-ամյա տղան նորաստեղծ բիզնեսում ներդրել է համակարգիչ գնելու համար հավաքած 100 հազար դրամը։ «Որ եկանք Երևան, որոշեցի այդ գումարով ինտերնետ խանութ բացել, իրեր գնել, որ կարողանամ ընտանիքս պահել»,-ասում է նա։

Բորիսի հայրը ռազմաճակատում է, ուստի նա իրեն այս պահին համարում է տան տղամարդը, ով պետք է հոգա ընտանիքի ծախսերը՝ մինչեւ Հադրութ վերադառնալը։

Բորիսը երկու շաբաթ առաջ է մոր և 4-ամյա եղբոր հետ Հադրութից տեղափոխվել Հայաստան։ Բնակվում են հորաքրոջ՝ Արփի Վանյանի տանը, որն էլ նրան օգնում է գնումներ կատարել, ապրանքների վաճառքը կազմակերպել։

Չորս օրվա ընթացքում Բորիսի օնլայն խանութը՝ «Open Shop»-ը, 20 հազար հետևորդ ունի, հասցրել են արդեն 150 պատվեր կատարել։ Տղային հարյուրավոր օգտատերեր օգնություն են առաջարկել. ոմանք՝ անվճար առաջարկլ են փոխանցել իրենց ունեցած հեռախոսների աքսեսուարները, տպարաններն էլ՝ գրքեր, բրոշյուրներ։

Օնլայն խանութի միտքը Բորիսի հորաքրոջինն էր։ Տղան չի թաքցնում՝ այնքան էլ գլուխ չի հանում վաճառքի ներկայացվող տնային պարագաներից, նրան այդ հարցում հորաքույրն է օգնում։

«Պատերազմը Բորիսին իսկապես հասունացրեց։ Հորը երբ ասաց, որ որոշել է օնլայն վաճառք սկսել, հայրը հուզվեց։ Ասաց՝ տան տղան հիմա դու ես, տես ինչ ես անում, մինչեւ գամ։ Ծնողները չէին էլ հավատա, որ այդքան համեստ տղան նման գործ կսկսի անել»,-ասում է Արփի Վանյանը։

Վաճառքի ներկայացվող ապրանքները հիմնականում գնում են մեծածախ առևտրի շուկաներից։ Օնլայն խանութում վաճառում են գրքեր, կենցաղային իրեր, սպասքի պարագաներ, հեռախոսի աքսեսուարներ։ Ապրանքները գնելիս առաջնահերթությունը տալիս են որակին և մատչելիությանը։ Վերավաճառքի տոկոսը մեծ չէ, սա համարում են երեխային մոտիվացնող աշխատանք։ «Խանութն օգնում է, որ կռվից ցրվեմ, ընտանիքիս օգնեմ ապագայում տան վարձի հարցում, ուտելիքով։ Փողը քիչ-քիչ հավաքում եմ, որ համ տնեցիքին կարողանամ օգնել, համ ինտերնետ խանութը մեծացնեմ»,-ասում է Բորիսը։

Բորիսի պատվերների թիվն աճեց, երբ երկու օր առաջ հորաքույրը ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց նրա օնլայն խանութի մասին։ Իրենք էլ չէին պատկերացնում, որ նման արձագանք կլինի։ Վերջին երկու օրերին օրական 70 պատվեր են առաքում։ Արդեն ունեն առաքիչ, ֆեյսբուքյան էջով հարյուրավոր պատվերները գրանցելու և կազմակերպելու համար մեկ աշխատակից ունեն։ Արփին ասում է՝ շատերն այդ իրերի կարիքը չունեն, բայց ցանկանում են երեխային ոգևորել և գնումներ են կատարում։ Ոմանք բիզնեսն ընդլայնելու համար Բորիսին գումար են առաջարկել՝ առանց վերադարձի ակնկալիքի։

«Օգտատերերից մեկն իմացավ, որ նոութբուքի գումարով եմ առևտուրը սկսել, այսօր նամակ էր գրել, որ ուզում է ինձ նոութբուք նվիրել։ Մի քանի հոգի էլ գրել էին, որ ապրանք ունեն ինձ տալու, ձրի ուզում են տան, որ ծախեմ»,-պատմում է տղան։

Օնլայն խանութի պատվերներն առաքում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Անգամ Միացյալ Նահանգներից են պատվերներ ունեցել։  Երևանից դուրս պատվերներն առաքում են «Հայփոստի» միջոցով։ Վաճառքի համար անգամ ՀԴՄ են տալիս։

Բորիսը վաճառքից գոյացած գումարը ներդնում է բիզնեսում, նոր ապրանքներ է գնում, բայց և ընտանիքի ծախսերն է հոգում։ Չգիտեն՝ պատերազմը որքան կտևի, ուստի վաստակած գումարով ցանկանում են տուն վարձակալել։ 

Բորիսի հիմա մտքով հոր հետ է։ Ամենաշատը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, վերադառնան Հադրութ։ Օնլայն խանութի եկամտով Հադրութի իրենց տունը կվերականգնի և Արցախում օնլայն խանութ կբացի։

Մեկնաբանություններ (1)

zola sookiasian
Hi Ani and Diana, Wonderful story but I am unable to find a website called "Open Shop". Is there a link you can send me? Thank you. Zola

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter