HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«1-ը 2 դարձնենք»․ առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամը դարձնել 2000

«Սկսել ենք մի նախաձեռնություն, որը կոչվում է «1-ը 2 դարձնենք»։ Այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կամ գործատու հնարավորություն է ստանում իր աշխատակիցների կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող գումարը կրկնապատկել»։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Նա նշեց, որ եթե նախաձեռնությանը միանան բոլոր գործատուները, և հիմնադրամին յուրաքանչյուր աշխատակցի կողմից վճարվող 1000 դրամը կրկնապատվի, 2020 թվականից հետո մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի այս եղանակով հավաքել ոչ թե 7.5, այլ 15 մլրդ դրամ կամ 30 մլն դոլար։

Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին և նպատակ ունի ապահովել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը։ Շուրջ 4 տարի է՝ ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական 1000 դրամ է վճարում հիմնադրամին, և այս տարիների ընթացքում, Ավետիքյանի խոսքով, շուրջ 30 մլրդ դրամ կամ 60 մլն դոլար է կուտակվել, որն ամբողջությամբ ուղղվելու է պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին, նրանց երեխաների բարեկեցիկ և արժանապատիվ կյանքն ապահովելուն։

«Այս պահին չափազանց կարևոր է նաև, որ մեր հայրենակիցներն ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից մեզ կատարեն նաև նվիրաբերություններ, որովհետև, ցավոք սրտի, պատերազմը դեռևս չի ավարտվել։ Մի օր ավարտվելու է, հաստատ ավարտվելու է մեր հաղթանակով, և մինչև այդ պայծառ օրը գա, սահմանին գտնվող մեր զինծառայողները՝ մեր քաջ տղաներն ու աղջիկները, պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքները ֆինանսապես ապահով են»,- ասաց Վարուժան Ավետիքյանը։

Նա նշեց, որ ֆինանսական հատուցում տրամադրվում է ինչպես զոհված, այնպես էլ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 58 մլն դրամից մինչև 82 մլն դրամի կամ 120 հազար դոլարից մինչև մինչև 160 հազար դոլարի չափով։

«Հատուցումը տրամադրվում է երկու եղանակով․ առաջինը միանվագ վճարն է, որը վճարվում է տվյալ ընտանիքին կամ հաշմանդամ դարձած զինծառայողին․ 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած կամ առաջին կարգի  հաշմանդամություն ունեցող, և 5 մլն դրամ, եթե զինծառայողն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ 240 ամիս շարունակ վճարում ենք 100 հազարից 300 հազար դրամի չափով, բացի այդ, ևս 100 հազար դրամ հատուցում ենք երեք և ավելի երեխա ունենալու համար»,- ասաց Ավետիքյանը, ապա այս գումարը ԱՄՆ դոլարի վերածելով՝ նշեց, որ, ստացվում է՝ զինծառայողների ընտանիքները յուրաքանչյուր ամիս 200-ից մինչև 600, իսկ որոշ դեպքերում ՝ 800 դոլար վճարում են ստանալու։

Հիմնադրամի տնօրենը նաև շեշտեց՝ իրենց աշխատակազմը կամավորության սկզբունքով է աշխատում, որևէ լումա չի ծախսվում այլ նպատակով, քան զինծառայողների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելը։

Ավետիքյանն ասաց, որ պատերազմը սկսելու օրվանից առ այսօր իրենք հավաքագրել են շուրջ 4.5 մլն դոլար, վճարումների 80 %-ը Հայատանից է, այնուհետև՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կիպրոսից։

«Ձեր առատաձեռնությունը թույլ է տալու, որ մենք 20 տարի նեցուկ լինենք և կարողանանք ապահովագրական հատուցումներ տալ մեր զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին»,- Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվողներին դիմելով՝ ասաց Վարուժան Ավետիքյանը։

Մեկնաբանություններ (1)

Արա Մկրտչյան
Համընդհանուր բարձրացնելու փոխարեն Ավելի ճիշտ կլինի ֆիլտներ դնել։ Օրինակ' ՍՊԸ և ...... տնօրենների համար բարձրացնել X անգամ, կախված շրջանառությունից,... (սահմանելով նվազագույն շեմ) Պետ պաշտոնյաների համար կիրառել նույն մեթոդը' պահումներ աշխատավարձի չափից կախված։ Իմ կարծիքով այդ մեթոդը արդյունավետ կարող է լինել օրենսգրքի շատ մասերում' վարչականի դեպքում..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter