HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի պատասխան CDU/CSU-ի Բունդեսթագի խմբակցութեան դիրքորոշմանը

Գերմանական մամուլը  շատ ակտիւ գտնւեց Ֆրանսիայի` Ցեղասպանութիւնը հերքող քրէականացման օրինագծի առնչութեամբ: Տարբեր բնագաւառների ներկայացուցիչներ կաշւից դուրս գալով «փաստում» էին, թէ  այդ օրինագիծը մտքի և խօսքի ազատութեան դէմ է, սակայն համակիրների  քանակը, նւազ լինելով, ուշադրութեան չարժանացաւ:

Հազիւ էինք փրկւել «մարդու ազատութեան ռահւիրանների»  մամլոյ տեղատարափից, երբ վրայ հասաւ CDU/CSU-ի  Բունդեսթագի  խմբակցութեան գրաւոր դիրքորոշումը: Այս գրաւոր դիրքորոշումը չպէտք է անտեսել, քանի որ CDU/CSU կուսակցութիւնները կազմում են ներկայիս իշխանութիւնը, և դա համարեայ գերմանական կառաւարութեան դիրքորոշումն է:

CDU/CSU-ի «գրաւոր որոշում»-ը կարևոր ենք համարում, որովհետև պարզւում է, եթէ Սարկոզին չընտրւի, Գերմանիան ակտիւանալու է Կովկասում, և այդ անդրադարձ է ունենալու Արցախեան հիմնահացի վրա: Թուրքերն ու ադրբէյջանցիները ունեն իրենց հեռու գնացող վաղեմի երազ-ծիրագիրը` պանթուրքիզմը, նրանք ունեն դրամական միջոց և վաղնջական բարեկամական կապեր Գերմանիայի հետ, Գերմանիան էլ իր հերթին շահագրգռւած է կասպիական գազի և նավթի պաշարներով:

                                                  «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն/Քրիստոնեայ-  

                                                  սոցիալիստների միութիւն (CDU/CSU)         

                                     կուսակցութիւնների Բունդեսթագի խմբակցութեան արտաքին    

                           քաղաքականութեան խմբի նախագահ պարոն Ֆիլիփ Միսֆելդերին»

 Platz der Republik 1

11011 Berlin

Email: Phillip. [email protected]

CDU/CSU-Բունդեսթագի խմբակցութեան արտաքին քաղաքականութեան աշխատանքային խմբի դիրքորոշման փաստաթուղթը (գրաւոր դիրքորոշումը, որով պաշտօնապէս ներկայացուծ են CDU/CSU-ի դիրքորոշումը)

«20 տարուայ հակամարտութիւն Արցախի առնչութեամբ:

Նոր խթան հակամարտութեան խաղաղ լուծման համար» 

Յարգելի պարոն Միսֆելդեր, 

Ձեր դիրքորոշման փաստաթուղթը մեծ մտահոգութեամբ կարդացի և այն տպաւորութիւնը ստացայ, թէ հեղինակները արտայայտւում են մի երկրատարածքի մասին, որի անցեալին և ներկային անտեղեակ են, սակայն գրաւոր դիրքորոշում են ձևակերպում` գործնական մատնանշումներով: 

Թոյլ տւէք նոյն այդ պատճառով մի կաճ բացատրութիւն: Պատմականօրէն, այսինքն` 20-րդ դարից առաջ, Հարաւ-Կովկասում և ընդհանրապէս Ադրբէյջան անունով պետութիւն գոյութիւն չի ունեցել: Ադրբէյջանը Պարսկաստանի նահանգն էր և է` Արաքս գետից հարաւ: Միայն 1918-ին այդ անվանումով ստեղծւեց մի պետութիւն Արաքսի յիւսիս-արևելքում` Կովկասեան Աղուանքում, որպէս կեղծիք, բոլշւիկների և պանթուրքիստների համագործակցութեան արդիւնք: Մինչև անգամ Ազգերի լիգան չճանաչեց հայերի և պարսիկների հողային հաշւին մկրտաուծ այդ  պետական կառոյցը: Պարսկաստանը բազմիցս է բողոքել այդ Հարաւ-Կովկասեան պետութեան «Ադրբէյջան» անուան դէմ: 

Հայոց Արցախը (թրքերէնով` Ղարաբաղ) և Նախիջևանը (չունի Ադրբէյջանի հետ միասնական սահման)` հայերով բնակեցուած երկրատարածքները, ռուս-թրքական պարտադրեալ Մոսկւա (1920) և Կարս (1921) պայմանագրով դրւեցին Սովետական Ադրբէյջանի գերիշխանութեան տակ` հակառակ սովետռուսական և սովետադրբէյջանական նախկին խօստումներին, թէ Արցախն  ու Նախիջևանը որպես Խորհրդային Հայաստանի տարածքներ կմնան: Համեմատական կարգով հայերը կազմում էին Նախիջևանի բոլոր ազգութիւնների 40%-ը` որպէս մեծամասնութիւն, մինչև որ 1920թ. բռնատեղահանւեցին, իսկ վերջին 4000-6000 հայերը 1988-ին: Յետսովետական ժամանակաշրջանում Ադրբէյջանը սկսեց նաև Նախիջևանում հետևողականօրէն ոչնչացնել հայոց յուշակոթողները` որպէս հայերի երբեմնի ներկայութեան վկայութիւն: Ամենաողբերգականը Ջուղա  քաղաքի պատմական գերեզմանոցի ոչնչացումն էր, որտեղ ամենամեծ խաչքարերի և տապանաքարերի աննման հավաքածոն էր գտնւում. շուրջ 6000 օրինակ, որոնք 1998-ին և 2005-ի դեկտեմբերին հետևողականորեն ջարդւեցին և ոչնչացւեցին: Հարթեցնելով այդ պաշտամունքի և մշակոյթային մեծ արժէք ներկայացնող տարածքը` վերածեցին այն բանակի վարժանքների հրապարակի, որտեղ շուրջ 32 թաղուած հայ սերունդների ոսկորների վրայ հրաձգութեան փորձեր են կատարում: 

Արցախում բնակչութեան 90%-ը կազմում էին հայերը: Այս երկրատարածքի  միայն մէկ երրորդը 1922-ին  ստացաւ «ինքնաւար մարզի» ստատուս: Արցախի ինքնապաշտպանական բանակի կողմից ազատագրուած տարածքները միասնաբար կազմում են 12.07 քկմ, որը հաւասար է Ադրբէյջանի Հանրապետութեան տարածքի շուրջ մէկ տասերորդին և ոչ թէ, ինչպէս Ձեր գրաւոր դիրքորոշման մէջ սխալաբար պնդում էք, 20%-ին և կամ երկրի մէկ հինգերորդին:

«Ինքնաւար մարզ»-ի հայ բնակչութիւնը 1988թ., սովետական 1977թ. Սահմանադրութեամբ և 1991թ. սեպտեմբերի 2-ի հանրաքւէով յայտարարել է իր անկախութիւնը: Այստեղ երկրորդական է, ինչպէս գրուած է Ձեր գրաւոր դիրքորոշման մէջ,  «ոչ Գերմանիան, ոչ էլ ԵՄ... Արցախի 2010թ. Խորհրդարանական ընտրութիւնները չի ճանաչել»: Արցախի հայ ազգաբնակչութեան նպատակն էր առաջին հերթին Ադրբէյջանի լծից և խնամակալութիւնից փրկւելը: Այս միջոցին Արցախում մի սերունդ է աճել, որը Ադրբէյջանի լուծը բնաւ չի կրել և չի ճանաչում, անկարելի է նրան համոզել ենթարկւելու մի պետութեան, որի պաշտօնական սկզբունքներն են «ժողովրդաւարութիւնը»,  «թրքականութիւնը» և  «իսլամը»: 

Քանի որ ինչ առնչւում է ժողովրդաւարութեան, նոյնիսկ յետսովետական, դեմոկրատիային ոչ այնքան սովոր քաղաքացիներն էլ գտնում են, որ հայր ու որդի Ալիևական «նախագահական-դինաստիա»-ն անպատեհութիւն է: Այս «նախագահական դեմոկրատիայում» ընդդիմախօսները կամ իրենց վերագտել են  բանտերում և կամ փախել երկրից: Ազատազրկուած ժուռնալիստների քանակով Ադրբէյջանը գտնւում է աշխարհի երկրորդ հորիզոնականում` Թուրքիայից յետոյ: Երկրի էթնիկ փոքրամասնութիւնները (որքան դեռ մնացել են) ճնշուած են, իրենց ղեկաւարներն էլ`  քննադատ ժուռնալիստների նման ձերբակալուած:

Իսկ ինչ վերաբերում է թրքականութեանը, ապա հայ ժողովուրդը «ճաշակել» է այն 1915-ի, 1920-ի դժոխային տարիներին  և վերջապէս 1988-1990թթ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում  և այլուր: Իսկ թրքական իսլամի մասին խօսելը, որը ծառայում է միայն թրքական ազգայնամոլութեանը, լրիւ աւելորդ է: 

Իմ վրդովմունքը բխում է այն իրականութիւնից, որ Ձեր փաստաթղթում առանց քաշւելու արտացոլուած է գերմանական երկու մեծ կուսակցութիւնների վարքագիծը` առաջնորդուած միայն էներգետիկ քաղաքականութեամբ` փոխարէն մարդու իրաւունքների հիմնական սկզբունքների:

Ինքն իրեն քրիստոնեայ կոչող կուսակցութիւնը չպիտի իր արտաքին քաղաքականութեան գործելաոճում առաջնահերթութիւն տայ սեփական տնտեսական շահերին, «գազամատակարարմանը, խողովակաշարերի ծրագրումների վերարդիականացմանն ու երկարաժամկէտ ապահովմանը», այլ աւելի շատ խորհի արևելեան քրիսնոնեայ հանրապետութեան ապահովութեան մասին, որի տարածքը համապատասխանում է Բրանդենբուրգի երկրատարածքին: 

«Մինսկի խումբ»-ը այս 18 տարիների ընթացքում հասել է առնւազն այն արդիւնքին, որ Ադրբէյջանը յաւելեալ յարձակումներ չի ձեռնարկել Արցախի դէմ: Այսօր արդէն այդ յանձնախմբի անդամների կազմը բաւարար չափով հաւասարակշռուած չէ և մտահոգութեան տեղիք է տալիս այն առումով, որ 1997-ից այս կողմ Արցախը զրկուած է բանակցութիւններին մասնակցութեան իրաւունքից և Հայաստանը մենակ է Թուրքիայի և Ադրբէյջանի դիմաց: Ապահովութիւնը տուժելու է, որովհետև Դուք առաջարկում էք Ֆրանսիայի փոխարէն ԵՄ-ի մասնակցութիւնը և այսպիսով թոյլացնում էք Հայաստանի և հայոց շահերը Մինսկի խմբում: 

Այսուամենայնիւ, փաստաթղթի 7-րդ կէտը ամենաքննադատականն է, որտեղ պահանջւում է Թուրքիայի միջամտութիւնը Արցախի հակամարտութեան լուծման հարցում: Թուրքիան (ի միջիայլոց, այն ժամանակուայ Գերմանիայի զինեղբայրը) շարունակ ունեցել է ողբերգական դեր հայ ժողովրդի կեանքում, դրանց թվում`

Ցեղասպանութեան իրագործումը (Գերմանիան ցայսօր էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը): Թուրքիայի բոլոր կառավարութիւնները` քեմալական նացիոնալիստները կամ «չափաւոր» իսլամական AKP-ն, հրաժարւում են  յանձնառու լինել պատմական պատասխանատւութեանը, որը նշանակում է վիճարկում, և ժխտում են Օսմանեան սուլթանութեան աւելի, քան երեք միլիոն քրիստոնեայ քաղաքացիների ցեղասպանութիւնը 1912-1922թ.թ.:

Հայերի, արամէալեզու քրիստոնեաների/ասորիների, ինչպէս նաև Փոքր Ասիայի և Թրակիայի հոյների բռնագաղթ ու բռնի կերպով քաղաքացիութիւնից զրկում և հետևողական եղանակով մշակոյթային յուշակոթողների կործանում. այս բոլորը բաղկացուցիչ մասն են Թուրքիայի ցեղասպանական քաղաքականութեան: 1993-ից ի վեր Թուրքիան մասնակցում է ինչպես Ադրբէյջանի (1989) կողմից Հայաստանի և Արցախի շրջափակմանը` ընդդէմ ժողովուրդների իրաւունքների, նոյնպէս էլ  Հայաստանի անկախացումից առ այսօր մերժում է դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը:

Արցախը զէնքով հպատակեցնելու Ադրբէյջանի փորձին Թուրքիան մասնակցել է 1992-1994թ.թ. 2000 կամաւոր արհեստաւարժ բանակայիններով (պաշտօնապէս` թոշակի անցածներ), ինչպէս նաև զէնքով և զինամթերքով (որոնց ես անձամբ 1991թ.-ի վերջերից առ այսօր իմ 49-ը ուղևորութիւնների ընթացքում, Բարոնես Քոքսի գլխաւորութեամբ, ականատես եմ եղել և լուսանկարել եմ):

Թուրքիան թէ՛ կրկնացեղասպան է և թէ՛ սերիալ ցեղասպան, քանի որ նա իր քրիստոնեայ քաղաքացիներին ցեղասպանութիւնով  20%-ից (1915թ.) նւազեցրել և ներկայում դարձրել է 1%-ից էլ պակաս: 1937-1938թթ.-ին նոյն եղանակով իրականացրել է տերսիմցիների զանգուածային կոտորածները և բռնատեղահանումները, ինչպէս նաև 1920թ.-ից առ այսօր  նոյն ցեղասպան քաղաքականութիւնը վարում է քրդերի նկատմամբ: Կիպրոսում ժողովուրդների իրաւունքին հակառակ բռնագրաւել է երկրի  39%-ը, յարատև յարձակւում է յիւսիսայի Իրաքի վրա  և սպսռնում Սուրիային  ու Յունաստանին: 

Եվ հէնց  մի այսպիսի պետութի՞ւն պէտք է առաջարկէք մեզ` որպէս միջնորդ և խաղաղութիւն հաստատող: 

Նկատի առնելով իրական սպառնալիքը, որին ենթակայ են հայերը Թուրքիայում, Հայաստանում և այլուր, ինքնըստինքեան հասկանալի է, որ Հայաստանի բնակչութեան մեծամասնութիւնը ռուսական բանակի ներկայութիւնը ընկալում է` որպէս անվտանգութեան երաշխիք: Պատմական փորձից գիտեն հայերը, որ ռուսները ուզում են իշխել Հայասանում, սակայն թուրքերը ցանկանում են բնաջնջել հայերին:

Եվ այնքան ժամանակ, որքան Արևմուտքը չի ցանկանում և կամ ի վիճակի չէ հայերի գոյութիւնը պահպանել, ռուսական բանակի ներկայութիւնը ողջունելի է: Ռուսական բանակի ներկայութիւնը Հայաստանում վերացնելը և թուրքերի դերը արցախեան հակամարտութեան հարցում զօրացնելը ոչ թէ նպատակահարմար եմ համարում, այլ  յոյժ վտանգաւոր: Իմ հայրենակիցների մեծ մասը Ձեր կողմնորոշմանը ըմբռնողաբար չի մոտենալու և ընկալելու է` որպէս միջամտութիւն Հայաստանի ներքին գործերին: 

Գուցէ ավելի լավ լինէր CDU/CSU-ի Բունդեսթագի խմբակցութիւնը խորհեր` ինչպէ՞ս լուծարքի ենթարկէր ԱՄՆ-ի ռազմաբազաները Գերմանիայում, քանի որ, ինչպէս բոլորին յայտնի է, Գերմանիան, ի տարբերութիւն Հայաստանի  և Լեռնային Արցախի Հանրապետութեանը, իր հարևանների կողմից չի ենթարկւում սպառնանքի: 

Հարգանքներով`

դոկտ. Ժիրայր Քոչարեան

Մեկնաբանություններ (1)

հ. պ. մ.
Հա, որ ի՞նչ.......։ Եվս մեկ անգամ միամտության ու իմաստության պակասի դրսևորում է, ուրիշ ոչինչ։ Գերմանացուն Եվրոպացուն ինչպես նաև ռուսին կամ թուրքին իրական պատմություն դասեր մի տվեք, այ, միամիտ հայ ախպերներ, նրանք մեր պատմությունը մեզանից լավ գիտեն, քանի որ գլխավոր ... ։ Լուրջ գործերով զբաղվենք, լուրջ գործերով։ Մեր ունեցածն արժևորենք և միմյանց հարգենք, գնահատենք ու օգնենք։ Ահա այսօրվա մեր առաջնային անելիքը։ Առանց որևէ մեկին վիրավորելու կամ թերագնահատելու միտումի, անկեղծորեն՝ պ. հ. մ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter