Լիբանանի նոր վարչապետ է նշանակվել Սաադ Հարիրին
Լիբանանի նախագահ Միշել Աունը սուննիական «Ալ Մուսթաքբալ» շարժման առաջնորդ Սաադ Հարիրիին առաջարկել է ձևավորել նոր կառավարությունը։ Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է Լիբանանի նախագահի մամլո ծառայությունը։
«Նախագահ Աունը Բաաբդա պալատում ընդունել է Սաադ Հարիրիին և նշանակել վարչապետի պաշտոնում՝ հանձնարարելով ձևավորել նոր կառավարություն»,- նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ, սուննի քաղաքական գործիչը, խորհրդակցությունների արդյունքում, ստացել էր պատգամավորների մեծամասնության աջակցությունը, որն իրականացրել էր երկրի նախագահը՝ խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ։ Հարիրիի թեկնածությանը աջակցել է խորհրդարանի 128 անդամներից 65-ը, 53 պատգամավոր ձեռնպահ է մնացել որևէ թեկնածուի առաջադրումից, 10 պատգամավոր էլ չի մասնակցել խորհրդակցություններին։
50-ամյա Հարիրին 2009-2011 և 2016-2019 թվականներին ղեկավարել է կոալիցիոն կառավարությունը։ Ղեկավար շրջանակներում կոռուպցիայի տարածման դեմ պայքարի զանգվածային ցույցերի ֆոնին դեռ անցած տարվա հոկտեմբերին Հարիրին հրաժարական էր տվել։ Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին առաջարկել է դարձյալ քննարկել Սաադ Հարիրիին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցն այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին դիվանագետ Մուստաֆա Ադիբը հրաժարվել էր կառավարության ձևավորումից և հրաժարական տվել։
Խորհրդակցությունների ընթացքում սուննի քաղաքական գործչի վարչապետի պաշտոնում վերադարձին դեմ են արտահայտվել քրիստոնեական երկու հիմնական կուսակցությունները՝ Ազատ հայրենասիրական շարժումը և «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը։ Շիական «Հեզբոլահ» կուսակցությունը չի աջակցել Հարիրիի թեկնածությանը, սակայն դեմ էլ չի արտահայտվել։
Լուսանկարը՝ Mohamed Azakir / REUTERS
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել