HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի մի խումբ կամավորներ Հայկավան գյուղում մասնակցել են բերքահավաքի՝ օգնելով Արցախում զոհվածի ընտանիքի

Սեպտեմբերի 27-ի լուսաբացը չարագույժ էր՝ օրն անցավ լուրերի սպասումով: Երեկոյան արդեն պարզ էր՝ կրկին բռունցքվելու ենք «Ուժեղ թիկունք՝ ապահով առաջնագիծ» սկզբունքով: Ապրիլյան քառօրյան շատ բան էր սովորեցրել թիկունքում գտնվողներիս, այս պատերազմն ավելացրեց ու բազմապատկեց եղածը: Մասնագիտական պարտականությունները կատարելու, կամավորական աշխատանքի, առաջնագծից եկող լուրերին հետեւելու խելագար վազքի մեջ բավական ուշ հասկացանք, որ երկիրը կերակրողին՝ հայ գյուղացուն թողել ենք մենակ իր հոգսերի հետ:

«Գյուղում օգնող ձեռքը պակասել է, բերքը չենք հասցնում հավաքել»,-պատասխանելով հեռախոսազանգիս՝ ասում է գյուղում ապրող ծանոթներիցս մեկը: Հետո զրուցում եմ մեկ ուրիշի հետ՝ պատկերը նույնն է: Կամավորների առաջին խմբով (8 հոգի) Գյումրիից Հայկավան ենք մեկնում հոկտեմբերի 9-ին՝ օգնելու մեկ ընտանիքի կարտոֆիլի բերքը հավաքելու: Գյուղի մուտքի մոտ, միջհամայնքային ճանապարհի լայնքով ծածանվող սեւ ժապավենի վրա մահը գուժող գրություն է. «Էլֆիկ՝ 20»: Հոկտեմբերի 18-ին, կամավորական 2-րդ խմբով փորձում ենք այս անգամ օգնության ձեռք մեկնել Էլֆիկ Ավետիսյանի ընտանիքին:

«Չեք պատկերացնե, թե ինչքան երազանքներ ուներ ախպերս, ինչքան ծրագրեր: Չորս ամիս էր մնացել, որ տուն գար, 4 ամիս...մենք իրան 1 տարի 4 ամիս չէինք տեսել». Արցախում զոհված հայկավանցի 20-ամյա Էլֆիկ Ավետիսյանի քույրը շրջում է գլուխը՝  թաքցնելով արցունքները: Քայլում ենք դաշտի մի ծայրից մյուսը: Աշխատում եմ շատ հարցեր չտալ: Հռիփսիմեն, տարածելով ձեռքերը, շարունակում է. «Էս հողը, էն այգին, տունը՝ սաղ Էլֆիկի անունով էր: Ինքը գյուղի գործ չէր սիրե, բայց պարտադիր կեներ, որ հայրս ու մայրս հանկարծ չնեղվեին, հոգսի տակ չընկնեին»: Պատմում է, որ եղբորը շատ էին կարոտում, զորակոչվելուց հետո ընդամենը մեկ անգամ են տեսել, երբ արձակուրդ է եկել: Հետագայում արգելել են տեսակցել՝ պայմանավորված COVID-19-ով:

Վերջին հեռախոսազրույցը Հռիփսիմեի հետ սեպտեմբերի 30-ին է եղել: Էլֆիկն ասել է՝ ամեն ինչ լավ է, խնդրել է հորը չթողնեն գա Արցախ: Զանգահարել է երկրորդ անգամ, ցանկացել է մոր հետ խոսել, սակայն կապն ընդհատվել է: Հարազատները ենթադրում են, որ դեպքը հենց այդ օրն էլ եղել է: Հոկտեմբերի 3-ին գյուղ են հասցրել 20-ամյա երիտասարդի դին: Քույրը հոգոց է հանում. «Իր բոլոր նպատակները մեր հետ էր կապված: Ուզում էր քաղաքում տուն գնել, ասում էր՝ գյուղի տան դիմաց ջրավազան եմ սարքելու, հորս ու մորս արքայավայել եմ պահելու: Շիրակի պետական համալսարանի իրավագիտության առաջին կուրսում էր: Ասում էր՝ ավարտեմ, լավ գործի եմ անցնելու, ասում էր՝ համբերեք, 4 ամիս մնաց, գամ, ամեն ինչ լավ է լինելու»:

Հայացքս ուղղում եմ կապույտ երկնքին՝ փորձելով թաքցնել հուզմունքս: Ճանապարհի եզրին մեքենա է կանգնում: 12-14 տարեկան տղեկների 10 հոգանոց խումբը մոտենում է մեզ: Օգնականների 4-րդ խումբն է հասնում կարտոֆիլի դաշտ: Երեխաներին բացատրում ենք, թե ինչ պետք է անեն, ինչպես հավաքեն, հավաքածն ուր դատարկեն: Պատանիների դեմքից անհոգություն է ճառագում, նույն անհոգությամբ էլ անցնում են գործի: Խմբերից մեկի մոտով անցնելիս ոտքս կախ եմ գցում՝ սիրած աղջիկների մասին են խոսում: Ուզում եմ գրկել բոլորին ու ասել. «Սիրե՛ք, պուճուրներ, ամուսնացե'ք, շատ երեխաներ ունեցեք, դուք եք մեր ապավենը», բայց դրա փոխարեն միայն ժպտում եմ՝ մտածելով՝ եթե եկել են ու անտրտունջ աշխատում են, ուրեմն գիտակից սերունդ է մեծանում:

Մեկնաբանություններ (2)

Երանուհի Սողոյան
Շնորհակալ եմ, Անդրանիկ Հակոբյան
Andranik Hakobyan
Ապրես Երանուհի ջան: Իրական հայ կնոջ նվիրական նախաձեռնության: Լիահույս եմ, որ քո անձնվեր արարքը շատ շատերի համար վառ օրինակ կհանդիսանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter