HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտին. «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է անցյալում՝հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններով»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախում ընթացող մարտական գործողություններին և արցախյան հիմնախնդրին։ Պուտինը հայտարարել է, որ արցախյան հակամարտության հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ «Չպետք է մոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգության մասին»,- իր ելույթում նշել է Պուտինը։

Խոսելով հակամարտության ակունքների մասին՝ Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է անցյալում՝ հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններով։ «Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ են իրականացվել»,- հայտարարել է Պուտինը: Միևնույն ժամանակ Պուտինը հավելել է. «Մենք հասկանում ենք, որ այնպիսի իրավիճակ է, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը, երկիրը կորցրել է, այն չի կարող հավերժ շարունակվել»։ 

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ «Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, և երկուսի հետ էլ մենք ցանկանում ենք հաստատել լիարժեք հարաբերություններ: Մենք այնպիսի դիրքորոշում ենք ընդունել, որը թույլ կտա ունենալ երկու կողմերի վստահությունը: Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, որքան Ռուսաստանը»,- ընդգծել է Պուտինը:  

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի համար մեծ ողբերգություն է, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ են զոհվում։ «Մեր տվյալներով՝ հակամարտության ներկայիս սրացման սկզբից ի վեր Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, զոհվել է մոտ 5000 մարդ»,- նշել է Պուտինը։

Պուտինը շեշտել է, որ օրական մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա քննադատել է այն մոտեցումը, համաձայն որի՝ եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա պետք է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը։ «Եթե բանակցությունները 30 տարի որևէ արդյունք չեն տվել, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել։ Մոսկվան հանդես է գալիս հակամարտության քաղաքական կարգավորման օգտին»,- հայտարարել է Պուտինը։ 

ՌԴ նախագահի խոսքով՝ մեծ ցանկություն կա Լեռնային Ղարաբաղի հարցով փոխզիջումային տարբերակ գտնելու։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքում ամերիկյան գործընկերները Ռուսաստանի հետ համահունչ կգործեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը առանձին-առանձին կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ քննարկելու Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված մարտական գործողությունների հետեւանքով ստեղծված իրադրությունը։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Дружинин

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter